Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեց հակասահմանադրական նշանակումների մի շարք

Հուլիս 23,1998 00:44

-Պարոն Մարգարյան, անցյալ տարի Ձեր հրաժարականից հետո, հարցազրույցի առաջարկությունը մերժեցիք, իսկ այժմ…

-Մինչ շարունակելը եկեք ճշտենք։ Մերժում չի եղել։ Պետության հասարակականևքաղաքական կյանքում զանգվածային լրատվության միջոցների դերի վերաբերյալ ես ունեմ իմ հատուկ մոտեցումը։ Այստեղ փակ ոլորտներ կամ հարցեր չպետք է լինեն, իհարկե, բացառությամբ ազգային անվտանգությանը առնչվողների։ Չորրորդ իշխանությունը պետք է հնարավորություն ունենա իրազեկ լինել հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներին, օբյեկտիվորեն վերլուծել դրանք, ներկայացնել իր անաչառ գնահատականները։ Այս ամենը քաղաքակիրթ երկրներում հանգեցնում է նրան, որ իշխանության այս ճյուղը ազդեցության ռեալ լծակներ է ունենում մյուս երեք ճյուղերի վրա, ինչն իմ համոզմամբ հասարակության առաջընթացի կարեւոր երաշխիքներից է։ Այս մոտեցումների պարագայում հարցազրույցի հրավերի մերժումը իմ կողմից ուղղակի հնարավոր չէր։

Այն ժամանակ ինձ ներկայացվեց հարցերի այն ցանկը, որի շրջանակներում նախատեսվում էր կազմակերպել հարցազրույցը։ Ես առաջարկեցի փորձել նախապես ծանոթանալ դատախազության եւ պաշտպանության նախարարության կոլեգիաների նիստերում, խորհրդակցություններում իմ զեկուցումների, ելույթների, հաղորդումների սղագրություններին, ղեկավարության հետ պաշտոնական գրագրությանը, հրամաններին եւ դրանից հետո միայն կազմակերպել հարցազրույցը, որպեսզի այն առարկայական լինի։ Սա է իրականությունը։

-Ձեր հրաժարականից մեկ ամիս հետո նշանակվեց հանրապետության նոր գլխավոր դատախազ։ Այն ժամանակ որոշ ուժերի կողմից բարձրացվեց այդ նշանակման հակասահմանադրականության հարցը։ Իրո՞ք այդ նշանակումը հակասահմանադրական էր, թե՞ ընդամենը շահարկում էր հայտնի ուժերի կողմից։

-Այդ նշանակման ժամանակ չէր պահպանվել օրենսդրությամբ նախատեսված կարգը։ Սահմանադրության եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդտեղ իրոք ամեն ինչ չէր օրենսդրության շրջանակներում։ Բայց կա ոչ պակաս մտահոգիչ հարց, որը կարծես թե վրիպել է բոլորի ուշադրությունից։ Նոր գլխավոր դատախազի նշանակմամբ սկսվեց հակասահմանադրական նշանակումների մի շարք՝ դատախազության համակարգում։ Ինչի մասին է խոսքը։ Համաձայն Սահմանադրության 95 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի, Արդարադատության խորհուրդը գլխավոր դատախազի առաջարկով կազմում եւ հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները։ նոր գլխավոր դատախազը, խախտելով այս կետի պահանջները, սկսեց վերոհիշյալ ցուցակներում չընդգրկված անձանց նշանակումներ կատարել դատախազության համակարգի պատասխանատու պաշտոններում։

Անձինք այդ պաշտոններում նշանակվում էին որպես պաշտոնակատարներ եւ երեւի թե նշանակողին թվում էր, որ ինքը գտել է Սահմանադրությունը շրջանցելու ձեւը։ Սակայն վերոհիշյալ կետում խոսքը գնում է ընդհանրապես նշանակումների մասին, իսկ պաշտոնակատարի նշանակումը նույնպես նշանակում է։ Սահմանադրության հինգերորդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ։ Օրենսդրությամբ գլխավոր դատախազին նման լիազորություն վերապահված չէ, հետեւաբար, այստեղ գործ ունենք Սահմանադրության նորմի խախտումների հետ։ Մի մոռացեք, որ խոսքը պատասխանատու պաշտոնների մասին է։

-Այնուամենայնիվ, նոր գլխավոր դատախազի նշանակմամբ, կարծես թե ինչ-որ բան փոխվեց դատախազության աշխատանքներում։ Երեւի նրա պրոֆեսիոնալ մակարդակն ավելի բա՞րձր է իր նախորդի համեմատությամբ… Բացահայտվեցին հասարակական հնչեղություն ունեցող մի քանի գործեր։

-Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, ապա դրա մասին ես կարող եմ դատել միայն իմ ունեցած տեղեկատվությամբ։ Անցյալ տարի «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում լույս տեսավ նրա հոդվածաշարը, որտեղ գլխավոր դատախազը խոսում էր անալոգիայով կամ համանմանակությամբ քրեական օրենքի կիրառման մասին։ Պրոֆեսիոնալը նման վրիպումներ չպետք է թույլ տա։
Հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման կապակցությամբ, եթե Դուք նկատի ունեք հայտնի սպանությունները, բերեք ճշտենք։ Եթե դրանք պատվիրված սպանություններ էին, ինչը կարծես թե կասկածից վեր է, ապա ովքեր են պատվիրատուները։ Որքան ես գիտեմ, խոսվում է միայն կատարողների մասին։ Այս պարագայում պնդել, որ այդ հանցագործությունները բացահայտված են՝ վաղաժամ է։

-Իսկ ինչպե՞ս կգնահատեիք օրինականության վիճակը հանրապետությունում ընդհանրապես։

-Գնահատական տալու համար անհրաժեշտ է հանցագործությունների եւ դրանց բացահայտման դինամիկայի պատկերը ունենալ ձեռքի տակ։ Ես այն չունեմ։ Բայց անցյալ տարի մամուլի էջերում հանդիպեցի տվյալների այն մասին, որ, եթե հիշողությունս չի դավաճանում, շուրջ 50 տոկոսով աճել են խմբերի եւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները։ Հետեւություններն ինքներդ արեք։

-Իմ անձնական գնահատականներով, Հայաստանում դատախազությունն այդպես էլ չկայացավ։ Շատերը դա կապում են նախկին գլխավոր դատախազի անսկզբունքայնության, հարմարվողականության, աթոռապաշտության հետ։ Բայց գլխավոր դատախազի փոփոխմամբ կարծես վիճակը չփոխվեց։

-Նախորդ գլխավոր դատախազի վերաբերյալ ես արդեն առիթ ունեցել եմ հայտնելու իմ կարծիքը, եւ Ձեր գնահատականներն անհիմն չեն։ Ինչ վերաբերվում է նորին, ապա նրա վերաբերյալ նույնպես ես ունեմ իմ հիմնավոր կարծիքը։
Ես արդեն խոսեցի պետության հասարակական-քաղաքական կյանքում չորրորդ իշխանության դերի վերաբերյալ իմ պատկերացումների մասին։ Ես չեմ հիշում, որ մեզ մոտ երբեւէ կատարված լինի լրագրողական լուրջ հետաքննություն։ Դուք կարող եք նման փորձ կատարել, պարզելու ներկայիս գլխավոր դատախազի՝ Ձեզ հետաքրքրող հատկանիշները։

-Պարոն Մարգարյան, իսկ որո՞նք են այն քայլերը, որ, Ձեր կարծիքով, անհրաժեշտ է կատարել վիճակի բարելավման համար։

-Նախ, հանրապետության նախագահի կողմից պետք է խիստ վերահսկողություն իրականացվի դատախազության գործունեության նկատմամբ։ ՀՀ նախագահի աշխատակազմում գործում են երկու կառուցվածքային ստորաբաժանում՝ արդարադատության խորհրդի աշխատակազմը եւ վերահսկողական ծառայությունը։ Այդ ստորաբաժանումներին համապատասխան լիազորություններ վերապահելով, ՀՀ նախագահը հնարավորություն կունենա ժամանակին միջոցներ ձեռնարկել շատ արատավոր երեւույթներ կանխարգելելու, վերացնելու եւ բացառելու համար։

Ընդհանրապես, իրավապահ մարմինների աշխատանքները վերահսկելի դարձնելու հարցում մեծ դեր կունենա կոռուպցիայի, կաշառակերության եւ չարաշահումների դեմ պայքարի հանձնաժողովի ստեղծումը, հանձնաժողով, որը համալրված կլինի սկզբունքային, ճնշումների չենթարկվող անձանցով։

Երկրորդ՝ պետք է ստեղծվի այս մարմնի գործունեությունը սպառիչ կերպով կանոնակարգող օրենսդրական բազա։

Երրորդ՝ համակարգում կան կադրային լուրջ խնդիրներ։ Ընդ որում, համակարգի աշխատակիցների գերակշիռ մասը պրոֆեսիոնալներ են, նրանց մեջ քիչ չեն բարձրակարգ պրոֆեսիոնալները։ Կադրային խնդիրները կապված են կոնկրետ անձանց հետ։ Ղեկավար կազմի ճիշտ ընտրությունը համակարգի կայացման կարեւոր երաշխիքն է։

Չորրորդ՝ պետք է լուծվի համակարգի աշխատակիցների նյութական ապահովվածության հարցը։ Ընդ որում, այստեղ խոսքը գնում է ոչ միայն նրանց պաշտոնավարության ընթացքում ապահովվածության մասին, այլ նաեւ պաշտոնաթողությունից հետո։

Վերջինը բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման կարեւորագույն երաշխիքն է։ Մարդիկ չպետք է մտավախություն ունենան անապահով ապագայի համար։

ԱՐՏԱԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031