Կարգուկանոնի եւ օրենքի պահապաններն ու հսկիչները փոխակերպվում են՝ դառնալով հանցագործներ, քանի որ կաշառք վերցնելով՝ անթույլատրելին դարձնում են թույլատրելի։ Նրանց՝ օրենքի պաշտպաններին, ավելի մեծ խստությամբ պետք է մեղադրել եւ դատապարտել, քան կարիքախեղդ շարքային մարդուն։ Պատանիներ (18 տարեկան) Թ-ն եւ Ա-ն չեն ցանկանում ասել ոստիկանների ավտոմեքենայի մակնիշն ու համարը՝ զգուշանալով նրանց վրեժխնդրությունից։ Այնուամենայնիվ, իրարից նախադասություն ու խոսք խլելով, պատմեցին, թե ինչպես որոշեցին մեկ անգամ «զանցանք» կատարել, այլ է՝ ավտոմեքենան լվանալ Զանգվի ջրով։ Բնապահպանության հսկիչ ոստիկանները չեն ցանկացել ավտոլվացումն արգելող վայրերում հիշեցման ցուցատախտակ ամրացնել, որը կհիշեցներ 10 հազար դրամ տուգանքի մասին, եթե վարորդներն իրենց մեքենաները լվանան Զանգվի ափին։ Իսկ եթե չլվանան, ապա այդ ոստիկանները վշտից կհիվանդանան, քանի որ դա՝ դրամաշորթության աղբյուրներից մեկն է, նրանց անաշխատ եկամուտի մի բաժինը։ Մարզադաշտի մերձակայքում՝ Զանգվի ափերի երկայնքով, շարված էր ավելի քան տասնհինգ ավտոմեքենա, որոնց վարորդները՝ տերերը, ջանասիրաբար լվանում էին իրենց մեքենաները՝ դույզն-ինչ չմտահոգվելով բնության աղտոտման, խաթարման մասին։ Զանգվի ջրերը մեքենաների յուղաջրերն ու բենզինահոտը կտանեն Արարատյան դաշտը ոռոգող բանջարանոցներին ու այգիներին։ Այս վայրում նույնպես լվացումն արգելող որեւէ հիշեցում չկա։ Երեւի կարելի է։ Բայց ահա երեւում է հսկիչ-ոստիկանների ավտոմեքենան։ Մոտենալով պատանիներին՝ զայրացած սպառնում են, որ նրանց «Ժիգուլի-6» մեքենան կտանեն «ավտոհրապարակ», եւ նրանք իրենց մեքենայի կմախքը կստանան միայն։ Պատանի Ա-ից շորթելով 5 դոլար՝ ոստիկանները հերթով մոտենում են յուրաքանչյուր մեքենայի եւ ստանում իրենց հասանելիքը։ Հետաքրքրասեր պատանիները շուտով տեղեկանում են, որ ոստիկանները արտասահմանյան վայելչատեսք մեքենայի տիրոջից ստանում են 15 դոլար, իսկ խորհրդային ժամանակների հնամաշ մեքենաների տերերից՝ 3000-ական դրամ։ Եվ այսպիսի հունձք կատարում են ամեն օր որոշակի ժամերի։
Եթե ՆԳՆ-ում կտրուկ միջոցներ չկիրառեն դրամաշորթ ոստիկանների դեմ՝ ընդհուպ ենթարկելով քրեական պատասխանատվության, ապա անպակաս կլինեն հանցագործները, օրինազանցները։ Ավելին, անպատժելիությունը չարիքի աղբյուր է, որից ուռճանալու են մանկամիտևտկարամիտները եւ իրենց «կապիտալով» ձգտելու են իրենց կամքը թելադրել։
Ս. ՇԱԹԻՐՅԱՆ