– Պրն նախագահ, ես այս հարցը տվել եմ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, նա չի պատասխանել, եւ հիմա վարչապետ չէ։ Ես այս հարցը տվել եմ նախագահ Տեր-Պետրոսյանին, նա չի պատասխանել, եւ հիմա նախագահ չէ։ Այնպես որ, անպայմանորեն հարցին հարկավոր է պատասխանել։ Շուրջ մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ մեծ ծավալի փող է կորել։ Ասենք՝ դատաիրավական բարեփոխումների համար հատկացվել է 1 մլն 600 հազար դոլար՝ հայտնի չէ՝ այդ փողն ի՞նչ է եղել։ Մամուլի կայացման համար հատկացվել է 1 մլն 800 հազար դոլար եւ հայտնի չէ ո՞ւր է այդ փողը, եւ ինչ-ինչ հասարակական կազմակերպությունների հատկացվել է 1 մլն 400 հազար դոլար, որն էլի հայտնի չէ ի՞նչ է եղել, ո՞ւմ է հատկացվել եւ ի՞նչ մեխանիզմներով։ Սա մոտ 5 մլն դոլար է, որի մասին այս մեկ տարվա ընթացքում որեւէ բացատրություն չի տրվում։ Արդյոք սա մեզ համար փո՞քր գումար է, որ դրա նկատմամբ չկա որեւէ հետաքրքրություն։
Սա մեկ։ Եվ երկրորդ հարցը՝ կան լուրեր, թե Ձեզ ընդհանրապես չեն հրավիրել մասնակցելու Շուշիի Ղազանչեցոց վանքի վերաբացման արարողությանը։ Ճի՞շտ է դա, թե՞ սուտ։
– Սկսեմ երկրորդ հարցից։ Ինձ, իհարկե, հրավիրել են։ Մի քանի անգամ խոսակցություն եմ ունեցել Արկադի Ղուկասյանի հետ։ Բայց եթե հիշում եք, կոմպոզիտորների հետ Դիլիջանում կայանալիք հանդիպման մասին մենք պայմանավորվել էինք շուրջ մեկ ամիս առաջ, եւ այդ հանդիպման օրն ու ժամն արձանագրված էր։ Ես էլ, նկատի առնելով, որ այս պայմանավորվածությունը նախապես է ձեռք բերվել, հարկ համարեցի անպայմանորեն ներկա լինել դրան։
– Բայց ապրիլի 25-ին, երբ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն այցելեց Ղարաբաղ, վերջինիս հետ հանդիպման ժամանակ Պարգեւ սրբազանը հայտարարեց, թե երբ է լինելու Ղազանչեցոց վանքի վերաբացումը։ Դուք դրան տեղյակ չե՞ք եղել։
– Մի փնտրեք բաներ այնտեղ, որտեղ չարժե դրանք որոնել։ Ես ձեզ առաջարկում եմ զանգահարել Արկադի Ղուկասյանին եւ ճշտել՝ հրավեր ես ստացել եմ, թե՝ ոչ։ Մի քիչ նույնիսկ հարմար չէ, որ ես սկսեմ ապացուցել, որ ինձ հրավիրել են։ Անլուրջ եմ համարում։ Իսկ առաջին հարցի վերաբերյալ ասեմ, որ այդ գումարների մասին ես տեղյակ չեմ։ Այդ գումարները Հայաստանի Հանրապետությունը, իբրեւ պետություն չի ստացել։ Նման գումարների նկատմամբ Հայաստանի կառավարությունը պարտավորություններ չունի։ Կան, այո, ինչ-որ գումարներ, որոնք տարբեր միջազգային կազմակերպություններ որպես գրանտներ տրամադրել են այս կամ այն կազմակերպություններին, այս կամ այն միություններին ինչ-որ գործեր կատարելու համար։ Բայց դրանք այդ միջազգային կազմակերպությունների ու երկրների գումարներն են, որոնք տրամադրվել են գրանտների ձեւով։
Պետությունը դրանց նկատմամբ որեւէ պարտավորություն չունի, եւ դրա համար է, որ արձագանք չկա։ Եվ միայն դրանք չեն, կան բազմաթիվ այլ գումարներ, որոնք Հայաստան են մտնում տարբեր խողովակներով, եւ մենք չենք որոշում ում տալ կամ չտալ դրանք։
Ես չեմ կարող պատասխանատու լինել գումարների համար, որոնք չեմ տնօրինել։ Եվ դա միայն մեր երկրում չէ, աշխարհով մեկ կա նման գործընթաց։ Ես պատասխանատու եմ բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերի եւ մի շարք վարկային ծրագրերի համար, որոնց նկատմամբ պետությունը պարտավորություններ ունի։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ