Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԹՈՆՔԸ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 23,1998 00:24
Hmayak Hovhannisyan

Նախագահական արտահերթ ընտրություններից այս կողմ Կարեն Դեմիրճյանը նորից քաղաքական պասիվ դիրք է բռնել։ Այդ պասիվությունն, իհարկե, հարաբերական է, որովհետեւ վերջինս այս ընթացքում ստեղծեց Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, որը հունիսի 15-ին միաձայն քվեարկությամբ գրանցվեց արդարադատության նախարարությունում:

Այդ գերատեսչության կոլեգիայի նիստում հարցը ներկայացնողը կուսակցության քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանն էր։ Նրա պաշտոնը կուսակցությունում երկրորդն է։ Նա էլ պարզաբանումներ տվեց ՀԺԿ- ի կազմավորման ընթացքի մասին. «Գրանցումից անմիջապես հետո մենք ձեռնամուխ եղանք կուսակցության կառույցների ստեղծման գործին՝ Հայաստանի ամբողջ տարածքով մեկ»։

Դրան նախորդել է Ժողովրդավարական կուսակցության վարչության նիստը, որը ձեւավորել է կուսակցության կազմավորման կենտրոնական հանձնաժողով։ Նախագահն էլի Հմայակ Հովհաննիսյանն է։ Ինչպես մատուցեց վերջինս, Կարեն Դեմիրճյանի առաջադրանքով եւ ՀԺԿ վարչության որոշմամբ տեղերում ստեղծվում են կազմկոմիտեներ, որոնցում ընդգրկվածներն էլ կուսակցության առաջին անդամներն են դարձել։ Մոտ օրերս կավարտվի տեղական առաջին կառույցների ձեւավորումը, որին կհետեւի «ընդունելությունը ՀԺԿ շարքերն ամբողջ թափով»։

Արդեն իսկ առկա են հազարավոր դիմումներ, որոնք քննության կառնվեն տեղական կազմկոմիտեներում։ Նրանցում, պարոն Հովհաննիսյանի վկայությամբ, ընդգրկված են բանիմաց ու նվիրված մարդիկ. «Նրանց պատիվ է վերապահված իրենց շրջաններում ներկայացնել կուսակցությունը։ Մենք տեղերում նրանց ենք հանձնել կուսակցության դրոշը եւ մեր անունից գործելու եւ կողմնորոշվելու պատասխանատվությունը»։

Ժողովրդական կուսակցությունը հիմնականում երիտասարդներով է համալրվում։ Նրանց բացարձակ մեծամասնությունն անցյալում որեւէ կուսակցության չի պատկանել. «չկա նոմենկլատուրայի ոչ մի ներկայացուցիչ»։ Զրուցակիցս վերեւում ասվածից հետեւեցրեց, որ ՀԺԿ-ի ստեղծումը հնարավորություն կտա ակտիվացնել ժողովրդական քնած ներուժը, քանի որ մարդիկ, մտադիր էլ չէին որեւէ այլ կուսակցության անդամագրվել։ Նրանց էներգիան պասիվ է եղել. «ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսում Մհերն է քնած եղել»։ ՀԺԿ-ի առաջիկա անելիքների տիրույթում դիտարկվում է կուսակցական կառույցների կազմավորման բարեհաջող ավարտը։ Գործընթացը կհանգուցալուծվի օգոստոսի վերջին, իսկ արդեն աշնանը կհրավիրվի համագումար։ Այնտեղ էլ կհստակեցվեն ծրագրային, կանոնադրական եւ մյուս բոլոր հարցերը։

Դրանից հետո կսկսվի նախապատրաստական շրջան. «Ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մենք պետք է մասնակցենք, որովհետեւ պառլամենտական կուսակցություն ենք»,- հայտարարեց պրն Հովհաննիսյանը։
Այն, որ Ժողովրդական կուսակցությունն ընդգրկված չէ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ստեղծված Քաղաքական խորհրդում, Հմայակ Հովհաննիսյանը մեկնաբանեց այսպես. դրանով այսօրվա իշխանությունն ընդգծում է, որ երկրի ապագայի համար ամբողջ պատասխանատվության բեռը վերցնում է իր վրա։ Բայց, չէ՞ որ Քաղաքական խորհրդում նույնիսկ ՀՀՇևն է ընդգրկված։ Հմայակ Հովհաննիսյանն էլ թե. «Վանո Սիրադեղյանը վերջերս հայտարարեց, որ ՀՀՇ-ն պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին։ Ուրեմն նպաստել է նրա ընտրությանը»։

Այն, որ Կարեն Դեմիրճյանն ընտրություններից հետո սակավախոս է, Հմայակ Հովհաննիսյանը մեկնաբանեց շատ համառոտ. «Կան պատմական իրավիճակներ, երբ լռությունը շատ ավելի խոսուն է, շատ ավելի պերճախոս է, քան այլեւայլ սին գնահատականները, խոսքերը, արտահայտությունները։ Թող խոսեն այն ուժերը, որոնք այսօր բոլոր հիմքերն ունեն եւ հիասթափվելու իրենց արածից եւ խղճի խայթ զգալու»։
Հմայակ Հովհաննիսյանն այն էլ ասաց, որ ՀԺԿ-ն, դրանով հանդերձ, պատրաստ է համագործակցել ազգային նպատակներ հետապնդող բոլոր ուժերի հետ։ Հայաստանի քաղաքական դաշտում իր կարգավիճակն էլ Ժողովրդական կուսակցությունը պատկերացնում է այսպես. «Մենք, ինչպես մի առիթով Կարեն Դեմիրճյանն ասաց՝ հրաժարվում ենք ընդդիմություն հասկացությունից, որովհետեւ այդ հասկացությունն իրեն վարկաբեկեց»։

Կունենա, արդյո՞ք, Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնաթերթը։ Այո։ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, այն պետք է շաբաթաթերթ լինի, որպեսզի իրենք էլ ժամանակ ունենան պարբերականը հեռավոր շրջաններ հասցնել։ Թերթը նաեւ մտավորականությանը, որի բազում ներկայացուցիչներ անդամագրվում են ՀԺԿ-ին, ժողովրդին խոսք ասելու հնարավորություն կընձեռի։ Իսկ այսօր թերթերը ոչ միայն մատչելի չեն գնի առումով, այլեւ գրեթե շրջաններ չեն ուղարկվում. «Նախկինում մեկ կգ ծիրանի գնով հնարավոր էր առնել 50 թերթ, այսօր մեկ կգ ծիրանի գնով նույնիսկ մեկ թերթ առնել հնարավոր չէ»։ Սա պրն Հովհաննիսյանի վերջին դիտարկումներից է։

Շատ է խոսվում, որ ակտիվ շփումներ գոյություն ունեն Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միջեւ, ճի՞շտ է։ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե Վազգեն Սարգսյանն այն միակն էր Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից, ով նպատակահարմար էր համարում այս 2 գործիչների համատեղ աշխատանքը։ Նրանք երկուսով ներկայացնում են ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Իսկ ժողովրդի միասնությունը պետք է ապահովվի ոչ թե վերնախավի գործիչների հարաբերություններով, այլ ժողովրդական լայն զանգվածների համախմբմամբ։ Փաստն այն է, որ «կան երկրապահներ, ազգային-ազատագրական պայքարի բազմաթիվ մասնակիցներ, որ դիմել են Ժողովրդական կուսակցությանն անդամագրվելու համար։ Ես նկատի ունեմ ոչ թե այս կամ այն կազմակերպությունների անդամներին, այլ իրենց հայրենիքը կրծքով պաշտպանած մարդկանց ընդհանրապես։ Դրա հետ պետք է հաշվի նստի մեր կուսակցության ղեկավարությունը»։

«Իսկ թե ով ում հետ է զրուցում, ով ում հետ է սուրճ խմում, դա արդեն քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեցող խնդիր է»,- հայտարարեց պրն Հովհաննիսյանը։

– Բոլոր դեպքերում՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրար հետ սուրճ խմո՞ւմ են։

– Ես այդպիսի տեղեկություններ չունեմ,- եզրափակեց զրուցակիցս։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031