Լրահոս
Օրվա լրահոսը

Չկայացած այցը՝ հաղթանակի գրավական

Հուլիս 23,1998 19:45

Ֆրանսիական «Պարի մատչ» ամսագիրը, անդրադառնալով այդ երկրի նախագահ Ժակ Շիրակի՝ Հայաստան կատարելիք այցին, նշել է, որ այդ այցը ոչ թե հետաձգվել է, այլ ընդհանրապես հանվել է օրակարգից, քանի որ Ֆրանսիան չի ցանկացել նեղացնել Թուրքիային։ Դա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ, թեեւ պատմությանը առայժմ հայտնի չէ մի դեպք, երբ որեւէ երկրի նախագահ հրաժարվի Թուրքիա մեկնելուց, որպեսզի չնեղացնի Հայաստանին։ Սակայն ըստ ՀՀ արտգործնախարարության, իրական պատճառը ոչ թե Թուրքիային նեղացնելու վտանգն է, այլ այն, որ ղարաբաղյան խնդրում որեւէ առաջընթաց չկա, հետեւաբար՝ Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան անիմաստ է։
Ըստ էության, արտաքին քաղաքական գերատեսչության այսօրինակ մեկնաբանությունը եւս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցից հրաժարվելը մեր դիվանագիտության հերթական փայլուն հաղթանակն է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Ժակ Շիրակի այցը կնշանակեր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ասպարեզում առաջընթաց կա։ Մինչդեռ այն, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթաց են համարում, մեզանում ընդունված է անվանել դավաճանություն ազգային շահերին։ Պարզ ասած, քանի Ժակ Շիրակը Հայաստան չի եկել, կարող ենք հանգիստ քնել. դավաճանություն տեղի չի ունենա։ Եվ քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Ելցինն ու Քլինթոնն էլ չեն պատրաստվում Հայաստան գալ, ապա միանշանակորեն կարելի է վստահ լինել, որ մեր դիվանագիտությունն ընթանում է ճիշտ ուղիով։
Ինչ վերաբերում է Թուրքիային նեղացնելուն, ապա այստեղ բոլոր պետությունների առջեւ մեծ հեռանկարներ են բացվում։ Նրանք կարող են հեշտությամբ «լավամարդ դառնալ» եւ կարգավորել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները՝ ընդամենը Հայաստան չայցելելու գնով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031