Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԵՆ,

Հուլիս 22,1998 00:00

«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԵՆ, ԲԱՅՑ ԱՐՎԵՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ» Հարցազրույց Սոս Սարգսյանի հետ -Պարոն Սարգսյան, ձեր թատրոնի դերասանները կարծում էին, որ եթե Սոսը չի խաղում, բոլորս կորցնում ենք։ Դուք երկու ծանր թիկնոց եք վերցրել ձեր ուսերին, ժամանակ կունենա՞ք խաղալու։ -Գիտեք, իմ չխաղալու պատճառն այն է, որ ես հարմար դեր չեմ գտնում։ Ես այն տարիքում եմ, որ ճիշտ դերս պիտի գտնեմ։ Դերեր կան, որ ժամանակին պիտի խաղայի, օրինակ՝ Քեռի Վանյան, կամ Հր. Մաթեւոսյանի «Տերը»։ Հանդիսատեսն ինձ բեմի վրա տեսնելիս, պիտի հավատա, տեսնի, որ արհեստական բան չկա, դերն ինձ չեմ հարմարեցրել, որ ես կա՛մ այդ մարդը։ Իսկ մեր թատերագրությունն անցյալում էլ շատ հարուստ չի եղել։ Ուզում եմ ոչ միայն հարմար դեր լինի, այլեւ արդիական պիես։ Իմ չխաղալու պատճառը սա է։ -Ծանո՞թ եք եղել թատերական բուհի դեմ գրված հրապարակումներին։ Տարաձա՞յն, թե՞ համաձայն եք նրանց հետ։ -Հիմնականում համաձայնել եմ։ Բայց հիմա տեսնում եմ, որ ավելի քան համաձայն պիտի եղած լինեի։ Թատերական ինստիտուտը գլխի վրա շուռ է տված։ -Դուք ինստիտուտում դերասանական կուրս ունեիք։ Այս տարի՞ էլ եք ունենալու։ -Ոչ, որովհետեւ ռեկտորի պարտականությունները շատ-շատ են եւ հետո, ես նաեւ թատրոն եմ ղեկավարում։ Դա կլիներ չափից ավելի ծանրաբեռնվածություն։ Ինստիտուտին նայում եմ իբրեւ թատրոնների «նոքարի» -Դուք առնչվել եք, ձեր թատրոն են եկել այս ինստիտուտում կրթություն ստացած շատ երիտասարդներ։ Նրանք ունե՞ն ընդհանուր ու խոշոր բացթողումներ, որ գալիս է բուհից։ -Ինստիտուտը շատ կարեւոր օղակ է, եւ բոլոր պրոբլեմները գալիս-առնչվում են նրան։ Ես ինստիտուտին նայում եմ իբրեւ թատրոնների «նոքարի»։ Ինստիտուտը պարտավոր է իր բոլոր աշխատանքները հարմարեցնել այն բանին, որ այստեղից դուրս եկող մարդը պիտանի լինի թատրոնին։ Մենք թատրոններին մատակարարող ծառաներն ենք, եւ այնքանով, որքանով այս խնդիրը կիրագործվի, հայտնի կդառնա ինստիտուտի լավ կամ վատ լինելը։ Ինստիտուտն ավարտած ու թատրոն եկած դերասանը, առաջին՝ խոսել չգիտի, եւ երկրորդ՝ շատ է անփորձ։ Իսկ գլխավոր պակասությունը, թերեւս, գիտելիքների պակասն է։ Իհարկե, կարեւորը մասնագիտական ուսումն է, բայց ես շատ ուշադրություն եմ դարձնելու նաեւ հանրակրթական ուսուցմանը։ «Կուրսի ղեկավար լինելը ցմահ պաշտոն չէ» -Պրն Սարգսյան, թատերական անդաստանը ձեզ ծանոթ ու փոքր ասպարեզ է։ Բուհում արդյո՞ք այն մարդիկ են, որոնք ուսուցանող են, լավ իմաստով։ -Բարդ խնդիր է։ Կան մարդիկ, որ կոչված են, բայց ինստիտուտը կարիք ունի թարմացման։ Մի դրվածք կա, որ կուրս ղեկավարելը դարձել է ցմահ պաշտոն։ Չի դրվում այն հարցը, թե այս մարդն արժանի՞ է, որ շարունակի այդ աշխատանքը։ Մարդիկ էլ կան, որ վաստակ ունեն, բայց տարիքը տարիք է, եւ հետո, մի տեղում երկար մնալը ուզես-չուզես լճացնում է մարդուն։ Մարդ կա, որ հանգել է, բայց ինքը տեղյակ չի։ Նրանք պիտի հեռանան։ -Դաժան չի՞։ -Դաժան է, բայց կյանք է։ Ես դասախոսական կազմում արմատական փոփոխություններ եմ մտցնելու։ Ինստիտուտում պիտի դասավանդեն գործին տիրապետող անհատականություններ, վարպետություն պիտի դասավանդեն վարպետ մարդիկ։ Դաժան օպերացիա է, բայց պիտի արվի, որ լինենք այն ինստիտուտը, որը պետք է մեր մշակույթին։ Պետական այրերի կարեւոր պակասությունը -Բոլորն են համամիտ, որ գավառական, անհետաքրքիր շենքում Ադամյանի արձանն ու մի քանի պատահական նկարները մշակույթի օջախի տպավորություն չեն թողնում։ Ի՞նչ պիտի արվի։ -Խայտառակ վիճակ է, ինստիտուտը չունի բեմ, ուսումնական թատրոն, որտեղ ուսանողն իր առաջին քայլերն անի։ -Բոլոր դերասաններն իրենց դերակատարումների ցանկում ունեն մեկ-երկու դեր, որ ուսումնական բեմում են խաղացել։ Դուք էլ բացառություն չեք։ -Ես «Բաղնիսի բողչա» հրաշալի ներկայացման մեջ խաղացել եմ Աղալո, խաղացել եմ նաեւ Նեսչաստլիվցեւ («Անտառ»), Սմիռնով («Արջը»)։ Սա կենսագրություն է։ Իսկ այստեղ բեմ չկա, մարդը որտե՞ղ խաղա։ Թատերական ինստիտուտը բեմ չունի, ուրեմն ինստիտուտ չի։ -Ի՞նչ ֆինանսական խոստումներ են եղել։ -Հույս ունեմ, որ կկարողանամ հայ բուրժուազիային շահագրգռել, որ օգնեն։ Իսկ պետական այրերը արհեստավարժ են, բայց արվեստի նկատմամբ անտարբեր են։ Արմեն Ջիգարխանյանին հարցրի, թե ինչպես եղավ, որ թատրոն ունեցար։ Ասաց. գնացի Լուժկովին ասացի, ու քաղաքի կենտրոնում մի կինոսրահ տրամադրեց, հիմա վերանորոգում է։ Պետական մի այր հասկանում է Ջիգարխանյանի նշանակությունը ռուս մշակույթի կյանքում։ «Ազգը նաեւ մշակույթով է» -Ձեր կուսակցական լինելու հանգամանքը չի՞ օգնի ինստիտուտի ֆինանսավորմանը։ -Ոչ, ասում են, որ կուսակցությունն աղքատ է։ -Գուցե նաեւ ժլա՞տ։ -Չգիտեմ։ Բայց նրանք էլ գուցե չունեն հոգեւոր այն լիցքը, որ հասկանան՝ ազգը միայն բանակով չի, նախարարով չի, ազգը նաեւ մշակույթով է ազգ։ Բարձր մշակույթը բերում է բարձր փոխհարաբերություններ, ինքնին ստեղծում հասարակության պատկերը։ Իմ խնդիրն այն է, որ ինստիտուտի նշանակությունը եւ համարումը մեր հասարակության կյանքում իսկապես բարձր լինի։ Ռեկտոր Սոս Սարգսյանը շատ ծրագրեր ունի՝ կապված ընդունելության քննությունների կարգի փոփոխության հետ, ինստիտուտը ներսից ու դրսից իր նշանակությանը ծառայեցնելու շնորհակալ խնդիր ունի։ Մնում է, որ պետությունը բարոյական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերի։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել