ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ 92-ին նույն վերնագիրը կրող մեր հրապարակման մեջ Ղարաբաղի խճանկարն այլ պատկեր ուներ։ Նախ, չկար այս հրաշալի՝ Գորիս-Լաչին-Ստեփանակերտ կոչվող ճանապարհը, որի շինարարությունը գրեթե ավարտվեց նախկին ղեկավարության (Հայաստանի եւ «Հայաստան» հիմնադրամի) օրոք եւ արդեն ավարտված է։ Չկար նաեւ Բերձորի (Լաչինի) սբ. Համբարձում եկեղեցին, ուր այսօր պատարագ է մատուցվում։ Շուշիի հրասայլը դեռ հուշակոթող չէր, այլ հենց ճամփին խփված մեր առաջին տանկը՝ վրան խամրած գույներով Եռագույն ու թարմ ծաղիկներ։ Պատերազմ էր, գաղթ, հերոսականի կողքին հուսահատականը։ Ամեն օր Երեւանից Ստեփանակերտ ուղղաթիռներ էին գալիս, այլ բեռներից բացի՝ փախեփախի ժողովրդին հաց բերում։ Երկու շնչին մեկ հատ։ Ուղղաթիռի հետդարձի բեռը՝ ծանր։ Վիշտ ու արցունք։ Քաղաքի փողոցներում՝ տանկեր ու ավտոմատներով ջահելներ։ «Գիտե՞ս, ինչ սիրուն ու մաքուր էր մեր քաղաքը»,- ասում էին ընկերներս։ … Ստեփանակերտի փողոցները մաքուր, շենքերը վերանորոգված, նորակառույցները՝ սնկի պես անհամբեր։ Օդանավակայանը Տատ ու Պապից հեռու ու իսկական «աէռոպորտ»։ Իրանական ապրանքալիություն, հացի գործարան, կարամելի, երշիկի փողոցային առեւտուր, մուրացիկ կին, մուրացիկ մանուկ, նույն պտտվող կարուսելը մանկական այգում… Աչքի է ընկնում առատ շինարարությունը, (հիմնականում մասնավոր բանվորների աշխատավարձը ամիսը 30-50 հազար դրամ է), գործող եւ բացվող ռեստորանների ու սրճարանների, խանութների ու կրպակների առատությունը։ Ղարաբաղցիները համարում են, որ տնտեսական աշխուժացումը պաշտպանության նախարարի շնորհքն է։ ՊՆ տնտեսական կառուցներից է համարվում «Յուպիտեր» խոսուն անունով փակ բաժնետիրական ընկերությունը, որին եւ պատկանում են երկրի տնտեսական կյանքը խթանող զանազան օբյեկտներ։ Կազմակերպության գրասենյակը գտնվում է նախկինում «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպությանը պատկանող (եւ ՊՆ ջանքերով վերակառուցված) շենքում։ Ասացին, որ իրավապահպան այս հայտնի կազմակերպության ղեկավար Օհանջանյան Կարենը լքել է Ղարաբաղը։ Ենթադրություններ արվեցին, որ Օհանջը մեկնել է իր արտասահմանյան ընկերների՝ Վացլավ Հավելի կամ Սալման Ռուշդիի մոտ։ Փողոցներից մեկում թատերական աֆիշ տեսանք, պիեսը այսպիսի անուն ուներ՝ «Ձկնորս Սանոն, որսորդ Վանոն»։ Կարդացինք ու փորձեցինք մեկնաբանություններ անել։ Չստացվեց։ Հրաշալի դղյակներ կան Ստեփանակերտում, որոնք, բնականաբար, չկային եւ չէին էլ կարող լինել կռվի տարիներին։ Ու թեեւ պատերազմին ու նաեւ գրավյալ տարածքի ազատագրմանը մասնակից էր Ղարաբաղի տղամարդկանց ճնշող մեծամասնությունը, նրանք, որքան էլ զարմանալի է, ոչ թե դղյակ կառուցել, «սկի կարգին երեխա պահել» չեն կարողանում։ Այս տղամարդիկ անկեղծորեն զարմանում են Հայաստանի նախագահի լայն հասարակությանը տված յուրատեսակ մեկնաբանություններից՝ մեկ-երկու դղյակների ծագումնաբանության վերաբերյալ։ Քաղաքական տեսակետից հասարակական կարծիքը ճեղքվածք է տվել, եւ ժողովուրդը, փաստորեն, երկու ճշմարտություն ունի այս հարցում։ Մի մասն այն կարծիքին է, որ «ինտելիգենցիա մեզ էլ պետք չէ, թող հենց կամանդույուշին (Սամվել Բաբայան) լինի վարչապետ էլ, պրեզիդենտ էլ»։ Այս կատեգորիան չի ներում Ռոբերտ Քոչարյանի «Ղարաբաղին դավաճանելն ու Հայաստան գնալը», իսկ Արկադի Ղուկասյանի (իհարկե, մարդկայնորեն հասկանալով)՝ երկրորդ ամուսնությունը։ Գտնում են, որ ղարաբաղցին, էն էլ նախագահը «տի ղալաթ չանել բիդեր»։ Մյուս մասը հակառակը, գտնում է, որ Սամվել Բաբայանը առանց այդ էլ Ղարաբաղի իրական տերն է ու եթե պաշտոնապես էլ լինի՝ «ուրեմն էլ սկի մնալու չի Ղարաբաղում»։ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Ղարաբաղ բոլորի կողմից դրականորեն ընդունվեց։ Գործին տեղյակները պնդում էին, թե իրոք, կողմերի վրա որեւէ ճնշում չի եղել, եւ Վազգեն Սարգսյանը ղարաբաղցիներին է թողել ճիշտ ընտրություն կատարելու խնդիրը։ «Ազատամարտիկների» պողոտայում հանդիպեցի ԼՂՀ նախկին ՆԳ նախարար Կարո Բաբայանին, որը, փաստորեն, քավության նոխազ դարձավ, այսպես կոչված, ներքաղաքական ճգնաժամի։ Մեր եւ ղարաբաղցիներից շատերի կարծիքով՝ անտեղի։ Մեկ-երկու րոպե զրուցեցինք։ Ասաց, որ հանգիստ է ընդունել պաշտոնանկությունը, որ այժմ չի աշխատում, բայց դե՝ ոչինչ։ Ստեփանակերտում ցույց տվեցին նաեւ Կարոյին պատկանող «օբյեկտները», սակայն դա եղավ մեր հանդիպումից հետո, ուստի չճշտեցի։ Երեւան վերադառնալու օրը նույն փողոցում Գրետա անունով մի կնոջ հետ ծանոթացա. խոստովանեց, որ կյանքում Երեւանում չի եղել, որ Պյատիգորսկ քաղաքում բարեկամներ ունի ու եթե փող ունենա, կգնա Երեւան էլ, Պյատիգորսկ էլ։ Նա հիշեց այն ժամանակները, երբ երկու եղբայրները (Կարո եւ Սամվել Բաբայանները) իրենց մոր հետ Կարշոլկ (Ղարմետաքս կոմբինատ) էին գալիս. «մեր իշխանությունները սաղ ինին, երկու ախպերներ, վաղուց չեմ տեսել… Սամվելին թող պողպատի առողջություն ինի»։ Հետո խոսեց քաղաքականությունից, ասելով, թե «Ռոբերտը (Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան) ո՞ւր ա գնացել, որ… Մայր Հայաստան, էլի, բայց ձեռքը միշտ Ղարաբաղի վրա յա»։ Կոչ արեց ըմբռնումով մոտենալ իշխանություններին, որոնք կռվին վերջ են տվել ու շատ բան չպահանջել, այլ բավարարվել քչով։ «Ջահանդամ, թաքի կռիվ չինի»,- ասաց Գրետան։ ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ