Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԱՎՈՒՄԸ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ»

Հուլիս 22,1998 00:00
konyak

Մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ «Մարդու իրավունքներ-96» հասարակական կազմակերպությունների միությունը հիմնադրեց մի կազմակերպություն՝ «Ազգային արժեքների փրկության համահայաստանյան կենտրոն»՝ «Հայկական կոնյակ» հապավումով։ Չակերտված հապավումը բացատրվում է նրանով, որ ներկայումս խնդրո առարկան Կոնյակի գործարանի հարցն է։ Իսկ, ասենք, «Զվարթնոց» օդակայանի հարցը քննարկելիս կուսակցության հապավումը կլինի «Զվարթնոց»։ Այս առիթով հավաքված մի շարք կազմակերպություններ արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները։

«Հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Սադոյանն իր ելույթում նախ Կոնյակի գործարանի հետ կապված գործարքը գնահատեց իբրեւ գերհանցագործ արարք՝ միեւնույն ժամանակ նշելով «արդեն իսկ վարկաբեկված» Ազգային Ժողովի դրական քայլերն այս ուղղությամբ։ Օրինակ, ստորագրահավաքը՝ գործարանի սեփականաշնորհման ընթացքը կասեցնելու համար հատուկ նիստ հրավիրելու նպատակով։

Պարոն Սադոյանը ներկայացրեց նաեւ բարձրացող հարցերի մի մեծ շղթա. ինչպե՞ս է 600 միլիոն (ամենահամեստ հաշվարկներով) արժողությամբ գործարանը վաճառվել ընդամենը 30 միլիոն դոլարով, որոշ իշխանավորների վերցրած 100 միլիոն դոլար կաշառքի հարցը, եւ այս ֆոնի վրա՝ թե ինչու է «Արարատ» գինու կոմբինատը 70 հազար դոլարով տրվել որոշ մարդկանց։ Եվ պարոն Սադոյանը մի միտք հայտնեց. դժվար է մեղադրել մարդկանց, ովքեր չեն դիմանում գայթակղությանը եւ իրենց գրպանն են լցնում համաժողովրդական արժեքները։ «Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Դարբինյանը եւ մյուսները ապուշներ չեն, մտածող մարդիկ են, եւ եթե նրանք գնում են ազգային արժեքները օտարին բաշխելուն, ապա սա ոչ թե թուլամտություն է, այլ անձնական շահ»։ Պարոն Սադոյանը մազաչափ չի կասկածում, որ եթե այս գործարքները հեշտությամբ մարսվեն, ապա հերթը հասնելու է պատկերասրահներին ու խաչքարերին, վերջապես՝ հողին։ Իսկ պայքարի ձեւերից մեկը նրա կարծիքով հասարակական ակտիվության ստեղծումն է։

Ի դեպ, կոնյակի գործարանի սեփականաշնորհման առնչությամբ կատարված հեռախոսային հարցումների արդյունքում, որ կատարվել են հուլիսի 13-18-ը՝ 600 բնակիչների շրջանում, ստացվել է հետեւյալ պատկերը. ճնշող մեծամասնությունը դեմ է սեփականաշնորհման գաղափարին (համենայն դեպս՝ նման ձեւով իրականացված)՝ 64 %, 82 %-ը գործարքը համարում է անհաջող, 83 %-ը սեփականատիրոջ դերում տեսնում է Հայաստանի պետությունը եւ վերջապես 86 %-ը անհրաժեշտ է համարում հարցը վերանայել։ Պետք է նշել, որ կազմակերպությունն ունի 2 նպատակ. նախ՝ աջակցել անցյալում, ներկայումս եւ առաջիկայում վտանգված ազգային արժեքների փրկությանը եւ երկրորդ՝ պաշտպանել հասարակության եւ անհատի իրավունքը՝ ազգային արժեքների պահպանման գործում։ Իսկ այս նպատակներն իրականացնելու համար մշակված խնդիրներից մեկը հասարակական պարսավանքի լայնածավալ միջոցառումների կազմակերպումն է. այն մարդիկ, ովքեր ազգային արժեքներին վնաս են հասցնում, պետք է ենթարկվեն պարսավանքի. ասենք՝ հրապարակայնորեն փակցվում է տվյալ անձի նկարը եւ վրան գրվում՝ խուլիգան։

Ի դեպ, կազմակերպությունը ծրագրել է հանդիպում կազմակերպել «Պեռնո Ռիկարի» հետ։ Վերջում ավելացնենք, որ ընտրվեց վարչություն՝ 14 կազմակերպությունների ներկայացուցիչներից, եւ համանախագահներ ընտրվեցին Արշակ Սադոյանը եւ «Մարդու իրավունքներ-96» միության նախագահ Ռուբեն Թորոսյանը։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031