Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՍԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՏՈՒՐՔԸ

Հուլիս 22,1998 01:59
turq

Վերջին տարիներին մեր կյանքը կարելի է որակել որպես Կեսարին տրվող տուրք։ Այն անմնացորդ հատուցվում է։ Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցածն ընկալվել ու ներկայացվել է որպես անցումային շրջանի պարտադիր անհրաժեշտություն։

Նորից սեփականաշնորհման մասին

Ընդամենը մի քանի տարի առաջ մեր վիճակում գտնվող երկրներում ամենաշատ խոսվում էր տնտեսության ոլորտում իրականացվող շոկային միջոցառումների ու սեփականաշնորհման մասին։ Բոլոր երկրներում էլ կառավարողները, տնտեսական բարեփոխումներ սկսելով, հիմնավորում էին դրանց անհրաժեշտությունը։ Արդեն ասված է՝ մարդկային երջանկությունը միանման է, բոլոր դժբախտները դժբախտ են յուրովի։ Իսկ այն վիճակը, որ մենք ամենադժբախտն ենք, ամփոփված է «հայի բախտ» արտահայտության մեջ։ Տնտեսական կյանքում անցկացվող շոկային թերապիայի մասին մեզանում անհամեմատ ավելի քիչ էր խոսվում։ 1991-92 թթ. աշխարհաքաղաքական պատճառներով սկսված տնտեսական անկումն այն աստիճան սրընթաց էր, որ երկրի ղեկավարությունը չէր էլ փորձում ղեկավարել կամ կառավարելի դարձնել այն։ Տնտեսության առաջընթացի միակ հույսը կապվեց սեփականաշնորհման հետ։ Այդ տարիներից մշակվեց տնտեսական այն գաղափարախոսությունը, որ գործում է մինչեւ այսօր։ Այդ գաղափարախոսությունը հիմնավորում էր, որ տնտեսությունը պետության ու պետական ապարատի գործը չէ։ Տնտեսությունը սեփականատիրոջ ու շուկայական հարաբերությունների գործն է, համոզում էր նոր գաղափարախոսությունը։ Տեսեք ու համոզվեք, այդպես է ողջ քաղաքակիրթ աշխարհում,և ասում էին գաղափարախոսության հիմնադիրները։

Սեփականատերերի դաս ստեղծելը դարձել էր մեր հասարակության ու ղեկավարների «իդեա ֆիքսը»։ Սեւեռուն այս գաղափարին հավատարիմ, սկսվեց համանմանը չունեցող սեփականաշնորհման գործընթաց։ Ապապետականացվում էր պետական ունեցվածքը։ Այս գործում տեղ գտած բացասական երեւույթներն ու ամենասովորական օրինախախտումները մեր ղեկավարությանը չէր հետաքրքրում։ Տնտեսական կյանքը վերականգնելու կամ վերակազմավորելու համար մեծ ֆինանսներ են պետք։ Մեծ ֆինանսները ձեւավորվում են միայն «կապիտալի նախնական կուտակման փուլի» պարագայում։ Իսկ այդ փուլն ամենաօրինականն է եղել քաղաքակիրթ մարդկության պատմության մեջ. «արդարացնում ու արդարանում էին» մեր ղեկավարները։

Թե ինչո՞ւ չէինք հասնում ակնկալվող արդյունքներին՝ ոչ ոք չէր փորձում բացատրել։ Սեփականաշնորհումը դարձել էր ինքնանպատակ։ Հասարակությունը, քաղաքական ուժերը բողոքում էին ոչ թե սեփականաշնորհման ընթացքից, այլ միայն այն գներից, որով ընթանում էր ապապետականացումը։ Ոչ ոք չէր արձանագրում, որ սեփականատեր դարձողը ոչ մի պարտավորություն չունի ոչ պետության, ոչ հասարակության, ոչ իր իսկ սեփականության առջեւ։ Նոր սեփականատերը, որպես կանոն, պարտավորված չէր աշխատանք ու աշխատավարձ ապահովել նախկին կոլեկտիվին։ Նոր սեփականատերը պարտավորված չէր ընդհանրապես տնօրինել իր սեփականությունը։ Գործող գաղափարախոսության պարագայում իսկապես էժան գներով ձեռք բերված գործարանն ու ձեռնարկությունը կարելի էր պարզապես փակել (կոնսերվացնել) կամ մաս-մաս վերավաճառել։ Արդյունքում՝ մեր տնտեսական կյանքում ամենաարդյունավետ ոլորտը դարձավ հենց ինքը՝ սեփականաշնորհումը։

Կապիտալն ամենամեծ արագությամբ պտտվում էր այս ոլորտում եւ ապահովում ամենամեծ շահույթը։ Նոր սեփականատիրոջը շատ ավելի մեծ փողեր էր ապահովում արտադրության կրճատումը, ձեռք բերած արժեքի ապամոնտաժումն ու իրացումը ներքին շուկայում կամ դրա արտահանումը։ Հետեւաբար, նոր սեփականատերը շահագրգռված չէր արտադրություն կազմակերպել։ Նա մի նպատակ ուներ՝ որքան հնարավոր է արագ իրացնել գնած ձեռնարկությունում եղածևչեղածը, փող կուտակել նոր ձեռնարկություն գնելու համար։ Եվ այսպես շարունակ։ Իսկ հասարակությունն ու քաղաքական ուժերը միմիայն իրենց բողոքներում արձանագրում էին այն, ինչ տեղի է ունենում՝ հանրապետությունից արտահանվում են սարքավորումներ, հիմնական միջոցներ։ Արտահանվում էր թափոնի գնով։ Այդ գինն իսկապես ձեռնտու էր նոր սեփականատիրոջը։ Դրա համար էլ նա արտահանում էր։ Կուտակված միջոցներով նա անխափան ընթացող սեփականաշնորհման պրոցեսում ձեռք էր բերում նորանոր ձեռնարկություններ «նույն նպատակով»։ Կրկնենք՝ սեփականաշնորհումը դարձել էր բիզնեսի ամենաարդյունավետ եղանակը։

Թվացյալ փոփոխություն

1996-97 թթ. սեփականաշնորհման անխափան ընթացքը մի պահ կանգ առավ։ Թվում էր, թե փոխվելու է սեփականաշնորհման գաղափարախոսությունը։ Ինչևոր բաներ իսկապես փոխվեցին։ Նոր տնտեսական ղեկավարությունը (հասարակության նման) հոգնել էր նոր սեփականատերերի խավից։ Երեւի ենթադրվեց, որ մերոնք տնտեսավարման բավարար հմտություններ չունեն եւ ներմուծվեց արտասահմանյան աճուրդներ անցկացնելու գաղափարը։ Երկար փորձերից հետո այսօր արդեն հաջողվում է նրանց վաճառել մեր (պետական) սեփականությունը։ Սակայն չի փոխվել սեփականաշնորհման ներքին տրամաբանությունը։ Պարտավորությունների հստակ համակարգի բացակայությունը արտասահմանյան կապիտալի համար եւս մեր երկրում ընթացող սեփականաշնորհումը կդարձնի բիզնեսի ամենաարդյունավետ ոլորտը։ Իսկ տնտեսության համար ամենեւին էլ կապ չունի, թե ով է գնում ու վերավաճառում։ Օրինակներն արդեն կան։ Թեկուզ՝ այսօր շատ շահարկվող Երեւանի գինու կոմբինատը։ Կապիտալն ազնիվ կամ անազնիվ նպատակներ չի ունենում։ Կապիտալը մղվում է այն ոլորտ, որտեղ ավելի մեծ շահույթներ կան։ Այս այբուբենային ճշմարտությունը բոլորին է հայտնի։

Իսկ պետությո՞ւնը

Սեփականաշնորհման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունը, ցավոք, թվացյալ է։ Հենց այս պատճառով էլ չի փոխվում մեր պետության բնույթը։ Պետության ձեւավորման հենց սկզբում բարձրագույն պաշտոնատար անձինք երազում էին նրան տալ «դասական» բնույթ։ Պաշտոնատար անձանց կապույտ երազն էր հանգիստ կառավարել, հարկեր հավաքել եւ միմիայն դրանցով լուծել պետական ու հասարակական խնդիրները, հոգսերը։ Սակայն սեփականաշնորհման սկզբից մինչեւ հիմա պետության հիմնական գործը սեփականության վերաբաշխումն է։ Պաշտոնյաների դասում կադրերի հոսելիության մակարդակը աներեւակայելի բարձր ցուցանիշ ունի։ Պետությունն իր առջեւ տնտեսավարելու եւ փող հայթայթելու խնդիր չի ձեւակերպել։ Այս հոգսից կառավարման ապարատն ազատ է։ Պետության կյանքի թափթփված ու անկարգ բնույթը չինովնիկների մի մասին հնարավորություն է տալիս եկամտի աղբյուրներ գտնել ու ապրել խաղաղ։ Նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ գործել արագ։ Համակարգված ու ամբողջական բարեփոխումների հստակ ծրագիր չկա։ Պաշտոնյաների տնտեսությունը կառավարող հատվածի համար սեփականության վերաբաշխման ընթացքը կայուն եկամուտներ ապահովող աղբյուր է դարձել։

Արդյունքում «ինքնանպատակ» ապապետականացումն ավելի ու ավելի նոր ոլորտներ է ընդգրկում։ Պետական տնտեսավարման մոնոպոլ ոլորտներ համարյա չեն մնում։ Բնական մոնոպոլ ոլորտներն էլ են անցնում նոր սեփականատերերի ձեռքը։ Էներգետիկայի բնագավառում այն արդեն սկսվել է։ Հավանաբար շուտով կսկսվի, օրինակ, նաեւ ջրմուղևկոյուղու ոլորտում։ Եթե այս ոլորտներում էլ չամրագրվեն սեփականատիրոջ պարտականություններն իրենց սեփականության հանդեպ, մեզ սպասում է սակագների հարաճուն աճ։ Կամ էլ նոր սեփականատերը դրանց ապամոնտաժումն ու մասևմաս իրացումը կդարձնի տնտեսավարման միակ միջոց։ Ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում։ Կեսարին տրվող տուրքը կհասնի անհնար չափերի։ Պետությունների կյանքում հենց այս պահերն են դառնում անկանխատեսելի, իսկ այդ պահերին տեղի ունեցող հասարակական պրոցեսները ոմանք բունտ են անվանում, ոմանք՝ հեղափոխություն։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031