Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ» ԲՈՍՏԱՆԸ ԵՎ ԱԽՈՐԺԱԿԸ

Հուլիս 22,1998 01:53
namak

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Հարգելի նախագահ, այս նամակը գրում եմ հարկադրաբար։ Ձեզ եմ դիմում, որովհետեւ մինչ այս՝ ՀՀ կառավարությանը եւ վարչապետին իմ ուղարկած պաշտոնական գրություններն այդպես էլ մնացել են անարձագանք, եւ եթե լավագույն դեպքում արձագանքվել են, ապա սոցապ նախարարի տեղակալի պաշտոնից, որն զբաղեցրել եմ ընդամենը մեկուկես ամիս, իմ ազատման հրամանը տալով միայն… Շնորհակալ եմ ՀՀ վարչապետից. այդ որոշմամբ նա ինձ ազատել է ավելորդ գլխացավանքից. Կառավարություն ուղարկելու համար այլեւս երկար-բարակ գրություններ չեմ կազմի, չեմ խանգարի նրանց անդորրը… Եվ այս նամակն էլ չէի գրի, եթե խորապես չըմբռնեի, որ խնդիրը վերաբերում է ավելի քան 500 հազար թոշակառուներին, որոնց մեծ մասն այսօր գտնվում է սոցիալական սանդուղքի ամենացածր աստիճանի վրա։ Շատ ժամանակ չի անցել, եւ բոլորիս հիշողության մեջ թարմ է ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելիս՝ Ա. Դարբինյանի հայտարարությունը, ուր ի մասնավորի ասված էր, որ ինքը պատրաստվում է «զուտ արհեստավարժ» մասնագետներով համալրել կառավարության կազմը։

Արհեստավա՜րժ… ո՞վ հորինեց վերջին ժամանակներս առատորեն գործածվող այս շինծու բառը, որը բոլորովին էլ համարժեք չէ պրոֆեսիոնալին, հմուտին, գիտակին, եւ ամեն անգամ լսելիս՝ գլխապտույտ եմ ունենում։ Չգիտեմ՝ գլխապտույտ ունեցե՞լ է, թե ոչ Ա. Դարբինյանն՝ այդ բառն արտաբերելիս կամ էլ այն ժամանակ, երբ, ի թիվս այլ փոփոխությունների, սոցապ նախարարի պաշտոնում առաջարկել է Գ. Եգանյանին։ Այսպես, թե այնպես՝ նոր նախարարը նշանակվել է, եւ չանցած մեկ-երկու ամիս, վարչապետը հետապնդող գլխացավի նման ճաշակել է նրա «արհեստավարժության» պտուղները։ Եվ ահա մեկուկես ամիս առաջ Գ. Եգանյանի առաջարկությամբ եւ վարչապետի որոշմամբ ես, իբրեւ նախարարի տեղակալ, աշխատանքի անցա հիշյալ նախարարությունում։ Ընդունվելուս առաջին իսկ օրը պարզվեց, որ իմ գալուն նախորդած 5 ամիսներին մոռացության մատնված եւ ուշացած փաստաթուղթը, որ տվեցին ինձ՝ ուսումնասիրելու եւ կարծիք հայտնելու, ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի 1998-ի բյուջեն է։ Ներկայացված էր հինգ տարբերակ՝ նշված գումարների չափերով մեկը մյուսից տարբեր, եւ յուրաքանչյուրին տրված էր «հիմնավորում»։ Դրանք այնքան իրարամերժ էին, որ, օրինակ, տարբերակներից մեկում բյուջեի պակասորդը (Աստված գիտի, թե ինչու էր առաջացել այն) կազմում էր 800 մլն, մյուսում՝ 5 միլիարդ, երրորդում՝ 2,5 միլիարդ դրամ։ Դե արի ու ճիշտը սխալից առանձնացրու՝ գլխապտույտ առաջացնող այդ խառնաշփոթից, որը պաշտոնական փաստաթուղթ էր համարվում։

Առաջին օրերին չէի հասկանում, թե որ «արհեստավարժն» է կազմել իրարամերժ գումարների, կիսատևպռատ հիմնավորումների այդ խառնարանևպակասորդագիրը եւ ո՞վ է ձուկ որսալու այդ պղտորված ջրում։ Եթե իսկապես պակասորդ կար, ապա թվերից ո՞րն էր ճիշտ՝ 800 միլիոնը, 5 միլիարդը, թե 2,5 միլիարդը… Նախարար Գ. Եգանյանը կարծիք ներկայացնելու համար պաշտոնապես ինձ տվեց 2,5 միլիարդի տարբերակը։ Սակայն, ինչպես նախորդները, դա նույնպես դժվար էր պաշտոնական փաստաթուղթ համարել, որովհետեւ դրա տակ չէին ստորագրել նույնիսկ իրենք՝ կազմողները, այսինքն՝ ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի աշխատակիցները. երեւի, իրենք էլ չէին հավատում թվական տվյալների ու հիմնավորման իսկությանը։

Պահանջելով եւ ուսումնասիրելով այս տարվա առաջին հինգ ամիսներին հիմնադրամի փաստացի եկամուտներն ու ծախսերը՝ ինձ համար պարզ դարձավ, որ 1998-ի բյուջեի համար նախատեսված գումարի չափերը՝ եկամուտները, ծախսերը եւ պակասորդը, հիմնավորված չեն։ Ավելին՝ հաշվարկները ցույց են տալիս, որ իրականում բյուջեի պակասորդ չպետք է լիներ։ Այս դիտարկումներով գրություն կազմեցի եւ տվեցի նախարարին՝ ստորագրելու եւ ուղարկելու կառավարություն։ Գ. Եգանյանը հրաժարվեց ստորագրել եւ առաջարկեց կարծիքս ձեւակերպել մի քանի աննշան դիտողություններով՝ պահպանելով պակասորդի չափը՝ 2,5 միլիարդ դրամը։

Չնայած կառավարության կողմից բյուջեհաստատումն ուշացել էր 5 ամսով, զարմանալի շտապողականությամբ ցանկանում էին նախկին կիսատևպռատ «փաստաթուղթը» ներկայացնել քննարկման։ Գ. Եգանյանին առաջարկեցի, որ եթե համաձայն չէ իմ դիտողություններին, թող ինքը նոր փաստաթուղթ պատրաստի, բայց նա հրաժարվեց՝ ասելով, որ հանձնարարության կատարումը դրված է ինձ վրա։ Ես հասկացա, որ ցանկանում են կրակից շագանակ հանել ուրիշի ձեռքերով, դրա համար էլ իմ ստորագրությամբ, ստիպված, գրություն ուղարկեցի կառավարություն, ուր նշել էի, որ ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի բյուջեի՝ եկամուտների, ծախսերի եւ պակասորդի գումարային չափերը հիմնավորված չեն եւ նման վիճակում սխալ կլինի կառավարության կողմից դրա հաստատումը։ Երեւի իմ այդ գրությունն էր պատճառը, որ հարցի քննարկումը հետաձգվեց։ Մի գիշեր էլ Գ. Եգանյանը հաղորդեց, որ բյուջեի հարցը կառավարությունում քննարկվելու է հաջորդ առավոտյան։ Իմ դիտարկումներով ու հիմնավորմամբ, շտապ նոր գրություն պատրաստեցի եւ տարա կառավարություն… Բայց ասողին լսող էր պետք…

Հետաքրքիր է նաեւ այս հարցի վերաբերյալ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանի դիրքորոշումը։ Նա ներկայացրել էր երկու իրարամերժ պատասխան. սկզբում ինչևինչ հաշվարկներով առաջարկել էր կրճատել ծախսերը եւ ավելացնել եկամուտները, ապա հայտնել էր, որ քանի դեռ չկա հիմնադրամի բյուջեի հաշվարկային մեթոդոլոգիա, ապա հնարավոր չի այն հաշվարկել։ Սա գրվել էր իմ ուղարկած նամակից հետո եւ, կարծում եմ, «ապահովության» համար էր արված։ Ի՞նչ մեթոդոլոգիայի մասին էր խոսքը, երբ տարվա հինգ ամիսների փաստացի տվյալներն արդեն կային։ Մեղմ ասած, զարմանալի է Է. Սանդոյանի նման վերաբերմունքը, երբ նա թեթեւությամբ համաձայնում է 1998-ի պետական բյուջեից բավական խոշոր գումար (2,5 միլիարդ դրամ) հատկացնել ոչ մի հիմնավորում չունեցող ծախսերի ֆինանսավորմանը, միեւնույն ժամանակ լուրջ պայքար է ծավալում համեմատաբար չնչին գումարներ արժեցող հիվանդանոցի տանիքի կամ մանկապարտեզի նորոգման համար։

Չնայած իմ դիտողություններին, կառավարության նիստում ընդունվեց հիմնադրամի իրենց ցանկացած բյուջեն եւ նախատեսվեց, որ 2,5 միլիարդի պակասորդը ֆինանսավորվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, թեեւ Ազգային ժողովում հաստատված բյուջեի միջոցների հաշվին նման ծախսեր հատկացված չէին։ Ես պատրաստեցի ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծ, որով առաջարկում էի չեղյալ հայտարարել նախկին որոշման սխալ, միտումնավոր գրված մի շարք դրույթներ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացնել կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի, սոցիալական ապահովության ֆոնդի 1998-ի առաջին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության ստուգում եւ արդյունքների հիման վրա ճշտել բյուջեն։ Բայց այս անգամ էլ իմ պահանջը հնչեց իբրեւ ձայն բարբառո հանապատի…, որովհետեւ իմ ստացած պատասխանները զուտ «ապահովագրական» բնույթ ունեին։ Ի դեպ, ապահովագրական այս տակտիկան, երբ որոշակի պատասխան չտալու համար դիտմամբ խճճում են փաստերը, հատուկ է նաեւ մյուս «արհեստավարժներին»։

Մասնավորապես՝ Վանաձորում եւ Լոռվա մարզում կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ սխալ տեղեկանքների պատճառով մոտ 170 թոշակառուների ավելի է վճարվել 3,8 մլն դրամ։ Ուշադրություն դարձրեք՝ մոտ 170 թոշակառու մի քանի ամիս ստացել է փոքրևինչ ավելի գումար, եւ այս հարցի առթիվ հանրապետության վարչապետը «լուրջ» մտահոգություն էր հանդես բերել՝ խոսելով պետությանը հասցված վնասների մասին, իսկ ահա 2,5 միլիարդ դրամը նրանց բոլորովին չի մտահոգում։

Չեմ ուզում անդրադառնալ այս մեկուկես ամսում Գ. Եգանյանի՝ իմ աշխատանքում ստեղծած տարբեր ձեռնածություններին ու խոչընդոտներին, պարզապես ցավով արձանագրում եմ, որ նման մարդիկ մեր պետության ղեկին հայտնվել են բոլորովին այլ նպատակներով։ Սակայն նույնիսկ իրենց անհրաժեշտ նպատակներն իրականացնում են՝ որպես «չկայացած արհեստավարժներ»։ Այս ամենի արդյունքում մի «արհեստավարժ» նախարարի զեկուցագրի եւ մի «արհեստավարժ» վարչապետի որոշմամբ ինձ ազատեցին աշխատանքից՝ ընդունվելուց ընդամենը մեկուկես ամիս անց, առանց որեւէ հիմնավորման ու պատճառի։ Միակ հիմնավորումը թերեւս այն է, որ բազմիցս կրկնել է Գ. Եգանյանը. «Քեզ փաստաթուղթ եմ տալիս, խորանում ես օրենքների ու որոշումների մեջ, նախարար եմ, մի բան եմ ասում, գրի՝ բեր»։ Այսպես է, այս եւ մյուս «արհեստավարժների» համար պետությունը սեփական բոստան է, եւ նրանք ղեկավարվում են՝ «առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» ժողովրդական առածի սկզբունքով։

ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սոցապ նախարարի նախկին տեղակալ, տնտեսական
գիտությունների թեկնածու

Հ. Գ. Հարգելի նախագահ, քանի որ ՀՀ կառավարության նիստում արդեն հաստատվել է, որ պետական բյուջեի հաշվին 2,5 միլիարդ դրամի հատկացում արվի կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամին, ապա, իբրեւ առաջարկ, տեղեկացնում եմ, որ կան բոլոր հնարավորությունները՝ ս/թ օգոստոսի մեկից քսան տոկոսի չափով ավելացնելու կենսաթոշակները։ Ձեզ դիմելով՝ հույս ունեմ, որ գոնե այս առաջարկս կիրագործվի եւ չի մնա այնպես անարձագանք, ինչպես ՀՀ կառավարություն ուղարկած իմ նախկին գրությունները… Այդ բոլոր փաստաթղթերի պատճենները պահում եմ ինձ մոտ եւ անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031