Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա արդեն ուրիշ խոսակցություն ա»

Հուլիս 22,1998 01:49

ԳիԱրՔՄի եւ վերջերս արդեն ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Աղասի Արշակյանը՝ երեկ հրավիրած իր ասուլիսում նախ շնորհավորեց իրենց ու մեզ (հանձնախմբի գրանցման առիթով), ապա անցավ «քինդեր սյուրպրիզ» արհեստավարժ կառավարության, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի քննադատությանը։
Նախ՝ Խոսրով Հարությունյան «անձը» 92-ին, իր թեթեւ ձեռքով հիմք դրեց հայկական ավիացիայի քայքայմանը եւ «լկտի ստում էլ է»՝ ասելով, որ նախկին Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն իր կաբինետում չի ձերբակալվել։ Սա քիչ էր, հիմա էլ ՀՀ նախագահն է հայտարարում, թե ավիացիայի խնդիրները բարձրացնողները «աղմկարար են»… Փաստորեն, սրանով պրն նախագահը կիսում է «փողկապի գողերի» կարծիքը։

Ներկայիս կառավարությունը՝ բացառությամբ մի քանիսի, «իրենց ուսանողական, ասպիրանտական լսարաններից ու միսկոմբինատներից բացի՝ ուրիշ ոչինչ չեն տեսել, իրենց կյանքում ո՛չ մի ծառ չեն տնկել»։ Որպես սրա «ցցուն» օրինակ՝ պրն Արշակյանը բերեց հետեւյալ փաստը. ջրաչափիչների, գազաչափիչների ու էլեկտրահաշվիչների տենդեր են հայտարարել, փոխանակ Հայաստանում կազմակերպելու դրանց արտադրությունը (այստեղ, ի դեպ, դրա հնարավորությունը լիարժեք կա)։ Նա նաեւ ճշտեց, որ տենդերին հաղթած ֆիրմայի փողերի մի մասը մտնում է կազմակերպիչների գրպանը, մյուս մասն էլ՝ Աստված գիտի։

Պրն Արշակյանն ասաց, որ այսօրվա նման վիճակից դուրս գալու միակ տարբերակն ինքը տեսնում է կառավարության հրաժարականը պահանջելու մեջ։ Իսկ եթե այսպես շարունակվի, ստիպված են պահանջել նաեւ «մեր սիրված, հարգված, ուժեղ» նախագահի հրաժարականը։
Աղասի Արշակյանը նաեւ իր վրդովմունքն արտահայտեց «մեր ընկերներ» Վահան Հովհաննիսյանի, Արամ Սարգսյանի, նախագահի տնտեսական ծառայության ղեկավար Գագիկ Գալստյանի գործունեության առթիվ։

«Լավ, ո՞ւր ա նայում Վահան Հովհաննիսյանը։ Հա՛, իմ ընկերն ա, բայց հիմա գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որ հարազատ ծնողիս էլ չեմ ների։ Թող նեղանա Վահանը Հովհաննիսյանը։ Բա ինչի՞ համար ենք իրան ընդեղ ճամփել»,- արագ-արագ ասում էր Աղասի Արշակյանը՝ ընթերցելով դատավորների հաստատված ցուցակը՝ «Զինավոր Ղուկասյան՝ Վահան Ավագյանի դատավարությունից խայտառակված, Հովհաննես Ղուկասյան, Դավիթ Ավետիսյան (հայտնի է «31-ի» գործով), Վարուժան Աբելյան (մասնակցել է ՀՅԴ-ի կասեցմանը), Համլետ Գեւորգյան՝ «Սեպտեմբերի 25-ի» գործով վարկաբեկված մի անձնավորություն, Հենրիկ Դանիելյան՝ ինքն էլ ա խառը «Դրոյի» գործով, Գեւորգ Մաթեւոսյան։ Ի՞նչ պետք ա անենք էս դատավորներին։ Երեկ կատարում էին Վանոյի, Լեւոնի, պատվերը։ Եթե պատվեր կատարելն են չափանիշ ընդունել, սա արդեն ուրիշ խոսակցություն ա»։

Ի դեպ, դատախազության պահանջով պրն Արշակյանը պատրաստվում է նրանց տրամադրել Շահեն Կարամանուկյանի մասին իր ունեցած բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ A-310 ինքնաթիռի վարձակալման «թալանչիական» պայմանագրի մանրամասները։ Պրն Արշակյանը տեղեկություններ է հավաքում նաեւ Շահեն Կարամանուկյանի «մեծավորների» վերաբերյալ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. ԳիԱրՔՄի-ն այն կուսակցությունն է, որը նախագահական ընտրություններից հետո անգամ մի «ցեխի վարիչի» պաշտոն էլ չստացավ, եւ իր այս նախաձեռնությունն էլ ամենեւին խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031