«Մարդկանց ընդամենը իրենց լսող է հարկավոր, բայց հանրապետությունում կտրուկ նվազել է լսողների քանակը։ Ավելի շատ են խոսողները»։
ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ
ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ «Առավոտ», 16 հուլիսի
Խոսողների եւ լսողների հավասարակշռությունը վերականգնելուն էր միտված, թերեւս, խոսողներից մեկին՝ Ասողիկ եպիսկոպոսին ձերբակալելը եւ այդ կերպ խոսողների թիվը մեկով կրճատելը։ Սա, անշուշտ, լավագույն միջոցը չէ, բայց ակնհայտ է, որ եթե խոսողները շարունակեն բացառապես անհամություններ ասել՝ այլ տարբերակ հազիվ թե գտնվի։
Կարդացեք նաև
ՀԵՏՈ ԷԼ ԿԱՍԵՆ՝ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ…
«Ի՞նչ է մշակույթը հարցին պատասխան չեն տվել ո՛չ Շեքսպիրը, ո՛չ Գյոթեն, իսկ մենք այստեղ փորձում ենք տալ»։
ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ Մուլտիպլիկատոր «Առավոտ», 21 հուլիսի
Շեքսպիրն ու Գյոթեն մշակույթի հայ գործիչներին զիջում են ոչ միայն այս հարցում. նրանք իսկի մուլտիպլիկացիայից էլ գաղափար չունեին։
ԼԱՎ ՉԵՍ ԽՈՍՈՒՄ, ՍԵՐԳԵՅ ՋԱՆ
«Ինչո՞ւ Ալլա Պուգաչովան չի ամաչում ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի կոչվելուց, իսկ Սոս Սարգսյանը՝ ամաչում է»։
ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, մշակույթի գործիչների՝ Դիլիջանի հավաքում ունեցած ելույթից «ՀՀ», 21 հուլիսի
Այս լսելով՝ Ալլա Պուգաչովան ամոթից գլուխը կորցրել է եւ ներողություն խնդրել Սերգեյ Իսրայելյանից, հավաստիացնելով, որ այսուհետ միշտ կամաչի։ Ինչ վերաբերում է Սոս Սարգսյանին, ապա նա հանդիպակաց հարց է տվել. «Իսկ դու չէի՞ր ամաչի ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի կոչվելուց»։
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՌ ՌՈԼԱՆԴ
«Լավ արվեստագետը պայմանների խնդիր չունի։ Դրա համար պիտի ուղղակի տաղանդավոր լինել։ Որո՞նք էին Նարեկացու, Խորենացու լավ պայմանները»։
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար «Առավոտ», 21 հուլիսի
Ռոլանդ Շառոյանին հիշեցնենք, որ ոչ Նարեկացու, ոչ էլ Խորենացու օրոք
ա) Ղարաբաղի հարց չկար,
բ) Ֆրանսիայի դեսպանը Հայաստանին քաղաքական մեկուսացմամբ չէր սպառնում,
գ) ՀՀՇ-ի ատելի ռեժիմը չէր քայքայել երկիրը,
դ) Ռոլանդ Շառոյանը մշակույթի նախարար չէր…
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ