Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ավանդույթին» հակառակ

Հուլիս 22,1998 23:54

 

Հարյուր օրում հնարավոր չէ բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը: Ենթադրում ենք, որ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ անել նաեւ մի քանի տարվա ընթացքում: Հարյուր օրում անհնար է լուծել ղարաբաղյան հիմնահարցը՝ չնայած այս բնագավառում արդեն արվել են չմտածված որոշ հայտարարություններ: Առավել եւս նշված սարակական մթնոլորտը եւ մարդկանց հոգեբանությունը: Բայց հենց դրանից էլ, հավանաբար, պետք է սկսել, որովհետեւ պետության եւ իշխանության ցանկացած ճիգ բազմապատկվում է մարդկանց հավատով եւ, հակառակը, բաժանվում է հասարակական հոռետեսությամբ: Նոր իշխանությունները դա հրաշալի հասկանում են՝ մթնոլորտը փոխելու ցանկությունը, համենայնդեպս զգացվում է: Դրա ամենացայտուն արտահայտություններից մեկը՝ առողջ կենսակերպը կարող է աննշան մանրուք թվալ եւ երբեմն զայրացնել որոշ «ավանդապահների»: Բայց, ինչպես ասում են, այս գործում մանրուքներ չկան:
Մեր «ազգային-ավանդական» ժամանցի ամենասիրված ձեւն է /որն այսօր քչերին է մատչելի, բայց որին ձգտում են բոլորը/ նարդի խաղալը, խորոված ուտելը, վրայից մի քանի շիշ գարեջուր խմելը եւ ծխելը: Չալաղաջի մարսողական գործընթացին զուգահեռ խիստ ընկնում է մարդու տրամադրությունը, եւ որպես հետեւանք, արթնանում է խղճահարությունը սեփական թանկագին անձի հանդեպ, այնուհետեւ հիշվում են բոլոր ազգային դարդ ու ցավերը. մենք հինավուրց ենք, բայց աշխարհից չհասկացված, արդար ենք, բայց՝ թույլ, տաղանդավոր ենք, բայց՝ անբախտ: Համ էլ Ֆրանսիայի հավաքականում մեկուկես հայ կա՝ դա, ըստ այդ տրամադրության, գրեթե միակ սփոփանքն է:
Տրամագծորեն հակառակն է ամերիկացու կամ եվրոպացու աշխարհընկալումը: Նա իր «ուիքենդն» անց է կացնում մաքուր օդում կամ խաղային հրապարակում, իսկ նրա մոտեցումը կյանքին միանգամայն այլ է. իմ սեփական, իմ ընտանիքի, իմ երկրի բարգավաճումը կախված է իմ աշխատանքից, եռանդից, նախաձեռնությունից: Ես եմ իմ բոլոր հաջողությունների եւ ձախողումների պատասխանատուն եւ տերը:
Զգո՞ւմ եք տարբերությունը: Հարցն, իհարկե, միայն ազատ ժամանցը չէ: Հարցը մենթալությունն է ամբողջությամբ, որը պետք է փոխվի: Իսկ փոխելու համար պետք է ինչ-որ բանից սկսել: Թեկուզ՝ բասկետբոլից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031