Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՇԱՀԵՆ ԶՈՌԲԱՆԵՐԸ

Հուլիս 21,1998 00:00
qaxaqashinutyun

Բազմահարկ շենքերով թաղամասերում ինչպե՞ս կատարվեց ապօրինի շինարարությունը, իսկ այժմ դրա օրինականացումով ի՞նչ վերաբերմունքի պիտի արժանանան մերօրյա զոռբաների համատարած անօրինականությունները եւ այդ ամենի հետեւանքով քաղաքացիների կրած զրկանքները։

Այստեղ շենքերին հարող հողակտորների (բակ, կանաչապատված հատվածներ, խաղահրապարակներ եւ այլն) վրա կառուցել են ով ինչպես կամեցել, ով ինչպես կարողացել է։ Այդ առումով բնակավայրերից յուրօրինակ «ռեկորդ է սահմանել» Երեւանը։ Սակայն հետաքրքիր է, ովքե՞ր են տնօրինում շենքերին հարող հողակտորները։ Մեր այս հարցին Երեւանի համայնքների մեծ մասում տվեցին իրարամերժ պատասխաններ. «տնօրինում են միայն թաղապետարանները։ Տնօրինում է միայն քաղաքապետարանը։ Տնօրինում են ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը»։

Պարզորոշ պատասխան չտվեցին նույնիսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում։ Անշուշտ, նման պատասխանն ունի իր պատասխանը։ Անցումային շրջանում պետական կառույցներում չեն հասցնում գլուխ հանել իրավական ակտերում եղած ձեւակերպումների երկվությունից եւ տարերայնությունից։ Սակայն, որ ամեն դեպքում խուսափում են պատասխանատվություն կրելուց՝ փաստ է։ Հողը տնօրինողը պատասխանատու է արած-չարածի համար։ Այնուհանդերձ, ՀՀ կառավարության քաղաքաշինության եւ Երեւանի ճարտարապետական վարչություններում օգնեցին պարզելու հողակտորները տնօրինողին։

-Հողը թաղամասի սահմաններում տնօրինում է թաղապետարանը, մարզի սահմաններում՝ մարզպետարանը (Երեւանում՝ քաղաքապետարանը),- նկատեց Երեւանի գլխավոր ճարտարապետի խորհրդական Անահիտ Այվազյանը։

-Իսկ ամեն մի շենքին հարող հողակտորները վարձակալության է հանձնում մարզպետարանը (քաղաքապետարանը)՝ թաղապետարանի եզրակացության հիման վրա։ Յուրաքանչյուր հողակտորի օգտագործման համար կնքվում է պայմանագիր տնօրինողի եւ օգտագործողի միջեւ։

Ըստ կառավարության քաղշինվարչության պետ Ս. Օհանյանի, Երեւանում բազմաբնակարանային շենքերին հարող հողակտորները տնօրինության են հանձնվել միայն թաղապետարաններին (համայնքներին), իսկ մայրաքաղաքի տարածքում չկա Երեւանի քաղաքապետարանի տնօրինությանը հանձնելու հող, ինչպես կատարվում է մյուս բոլոր մարզերում։ Ուրեմն եւ թաղապետարաններն էլ (համայնքները) պետք է պատասխանատվություն կրեն հիշյալ հողակտորների վրայի ապօրինի շինարարության համար։ Այնպես որ, թաղապետարաններում հողակտորներից անտեղյակ լինելը լոկ ձեւականություն է, սեփական պարտականություններից խուսափելու ջայլամային մոտեցում եւ չի բխում «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության թիվ 565 որոշման պահանջներից։ Մասնավորապես, որոշմամբ հստակորեն սահմանվում է, որ համայնքների տարածքների պետական հողերի օգտագործումը ժամանակավորապես հանձնվում է թաղապետարաններին։

Այ, ուրիշ է, որ այս փաստաթղթերով հողն օգտագործման հանձնելու համար նրանք կդժվարանան։ Դրանք առայժմ չունեն կիրարկման հստակ լծակներ։ Ուստի նրանք պարտավոր են օրենսդիրներից պահանջել ժամանակին մշակել համապատասխան ենթաօրենսդրական ակտեր։ Նման պարագայում, հասկանալի է, նրանք չեն օգտագործում կամ վարձակալության չեն հանձնում հողակտորները։ Թաղապետարանների այս հանցավոր անգործությունը, թերեւս, «լավ տղերքի» համար առատաձեռնություն է, բայց ահա մյուս բնակիչների համար կողոպուտ է եւ ունեզրկում կենցաղային տարրական պայմաններից։

Շատ թաղապետների կողմնակալությունից զոռբաների լկտիությունն այն աստիճան է հասել, որ հաճախ զավթված հողակտորների վրա կառուցված շինություններում զբաղվում են ձեռնարկատիրությամբ (անասնապահություն)։ Այս առումով «առաջավոր փորձի» լավ օրինակ կարող են ծառայել Նոր Նորքի եւ Դավիթաշենի զոռբաները։ Եվ ահա մարզպետների եւ թաղապետների այս անտարբերության առկայությամբ ծնվեց ՀՀ կառավարության թիվ 114 հայտնի որոշումը (25.02.98)՝ նպատակ ունենալով հաշվառել եւ գրանցել ապօրինի կառույցները։ Փաստաթղթի առավելությունն այն է, որ զավթված հողերի վրա կառուցված շինություններն ինչքանով էլ համապատասխանեն քաղաքաշինության սանիտարական եւ տեխնիկական պահանջներին, սեփականություն չեն ճանաչվում։ Սակայն, ցավոք, այս իրավական ակտը ձերբազատված չէ «աքիլլեսյան գարշապարից»։

Նախեւառաջ փաստաթուղթը չունի այնպիսի լծակ, որով օրինականացնելու նպատակով կարելի է առաջնորդվել ապօրինի շինությունները վերակառուցելիս կամ վերափոխելիս։ Ի դեպ, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անօրինական շինությունների մի մասը, կառուցված լինելով սեփական հողերի վրա, անթույլատրելի է քաղաքաշինական, սանիտարական եւ տեխնիկական առումով, բայց որոշակի վերակառուցում-վերափոխմամբ կարելի է թույլատրելի տեսքի բերել։ Նման պարագայում որոշումն օգնած կլինի շատ քաղաքացիների՝ պաշտպանելու իրենց սեփականատիրական իրավունքը։ Իսկ պետական հողերի վրայի անօրինական շինությունների կարգավիճակը պարզաբանելու խնդրում որոշման նախագծի հեղինակները «մեծահոգաբար» սատարել են զոռբաներին։

«Լավ տղերքը» հովանավորվել են հեղինակների կողմից նաեւ մեկ այլ առիթով։ Զավթած հողերի վրայի անօրինական շինությունները քաղաքաշինական, սանիտարական եւ տեխնիկական կանոններին եւ նորմերին համապատասխանելիս, տերերին իրավունք է վերապահվում գնել հողամասը։ Բայց ի՞նչ գնով։ Ոչ մի խոսք չկա այս մասին։ Ամենայն հավանականությամբ, դա ջրի գին է, ինչպես սեփականաշնորհված շատ ձեռնարկությունների գները։ Եվ սա այն դեպքում, երբ դրանով բնակչության մյուս մասին զրկում են սոցիալ-կենցաղային կենսական պայմաններից՝ պետական այրերի «աղայական» թողտվությամբ։

Ապօրինի շինությունները, այո, մասնավոր են։ Բայց դա չի նշանակում, որ թիվ 114 որոշման մեջ ոչ մի խոսք չպիտի լինի շինարարության որակի եւ կառույցի սեյսմակայունության մասին։ Նախագծողները մոռացել են, որ ապրում ենք Հայաստանում։ Փաստաթղթում նաեւ չկա հստակ տարբերակում մասնավոր եւ պետական հողերի վրայի կառույցների բնութագրման վերաբերյալ։ Այո, որոշումն օգտագործում են սահմանափակ թվով մասնագետներ։ Սակայն չպիտի մոռանալ, որ կառավարության առաջնորդող-կարգավորող խոսքն անհրաժեշտ է նաեւ հասարակության ստորին խավերին։ Այս առումով հիշյալ անհատականությունը խանգարում է քաղաքացիներին լիարժեքորեն պատկերացնելու իրենց իրավասությունները։ Այսօր առկա է նաեւ ապօրինի շինարարության հետեւանքով կենցաղային պայմաններից զրկված քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Ցավոք, այս հիմնահարցը սպրդել է վերջերս ընդունված քաղաքաշինությանն առնչվող իրավական ակտերից։ Տվյալ պարագայում, ըստ իս, տեղին է ընդունել իրավական մի ակտ, որով կարելի է լրացնել այդ բացը։ Այս առումով ողջունելի է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Ըստ երեւույթին, արդարության ձայնին ականջալուր կլինենք, եթե նախագծով փոխհատուցում պահանջվի այն պաշտոնատարներից եւ պետական հիմնարկներից, ովքեր նպաստել են ապօրինի շինարարությանը։

ՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031