Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՊԱՊԼԱՎՈԿԻ», ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ «ԿԱՅՖ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ

Հուլիս 21,1998 00:00
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանն այս անգամ համառորեն փորձում էր հրաժարվել հարցազրույցից։

«Կիրակի է, հանգստացեք, էլի»,- աշխատում էր համոզել լրագրողներին։ Ինքն էլ նախապես բավական ծավալուն եւ լուրջ հարցազրույց էր տվել ազգային հեռուստատեսությանը։ «Առավոտը» նրան խնդրեց գոնե մի երկու ոչ լուրջ հարցի պատասխանել։ Ու հենց համաձայնեց՝ այլ լրագրողներ էլ իրենց հարցադրումները ներկայացրին (հիմնականում հարցերը տալիս էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արմեն Դուլյանը)։ Այդ տեղ-տեղ՝ կեսկատակ, տեղ-տեղ՝ ավելի քան լուրջ տեւական զրույցից դուրս ենք թողնում խիստ ծանր հատվածները, ներկայացնելով միայն հետաքրքրական պատասխանները։

«Առավոտ» – Այսքան որ շրջում եք, տարբեր տեղեր գնում, ամեն շաբաթ ինչ-որ մեկին, ինչ-որ բան եք տալիս՝ ե՞րբ եք աշխատում։ (Մինչեւ պատասխանելը պրն Քոչարյանն ու նրա ընտանիքը մի կո՜ւշտ ծիծաղեցին, որից հետո հնչեց շատ լուրջ պատասխանը)։

-Չէ, նախ ամեն շաբաթ չի, երեւի… Չէ, ամեն շաբաթ, իրոք, որեւէ տեղ գնում եմ եւ դա գործում սկզբունք եմ համարում։ Եվ իմ օգնականը գիտի, որ պետք է ամեն շաբաթվա իմ օրացույցում անպայման նախատեսվի ինչ-որ մի տեղ այց։ Եվ հիմա, երբ ինձ մեկ-մեկ ժողովրդի անունից ինչ-որ բաներ են ասում՝ շատ հանգիստ ասում եմ. «Ես ձեզանից ավելի շատ եմ ժողովրդի հետ շփվում եւ գիտեմ ինչ են ուզում»։ Ասենք, աղետի գոտում բազմաթիվ հանդիպումներ ունեցա։ Այն հարցերի մասին, ինչի շուրջ այստեղ քաղաքական կրքեր են եռում՝ բացարձակապես ոչ մի հարց չհնչեց։

«Առավոտ» – Հաճախ «Պապլավոկ» եք գնում, դրսից ինչքան հյուրեր եք ունենում՝ տանում եք։ Ի՞նչ մի հաջող սրճարան է։

-Երաժշտությունը հաճելի է։

«Առավոտ» – Միայն ջազի համա՞ր եք գնում։ Իսկ Ձեզ այնտեղ լա՞վ են սպասարկում։ Թե չէ մնացածներին մատուցողներն ուշ են մոտենում, անբարյացակամ են։ Լճից էլ տհաճ հոտ է գալիս։

-Գոնե «Պապլավոկում» էլ սպասարկման արտոնություններ չունենա՞մ։

«Ազատություն»- Ծանո՞թ եք այն հայտարարություններին, թե աշնանը ճգնաժամ է սպասվում։

-1998-ի աշունը, անկախություն ձեռք բերելուց հետո շրջանի ամենակայուն աշունն է լինելու։

«Ազատություն»- Այսինքն, Վանո Սիրադեղյանին լրիվ հակառակ կարծիքի՞ եք։

-Այո, լրիվ հակառակ։ Եվ մենք հնարավորություն կունենանք նաեւ դեկտեմբերին այդ մասին խոսել։

«Ազատութուն»- Չե՞ք վախենում, որ եթե Սիրադեղյանը ապակայունացման մասին ինչ-որ բան է ասում, ապա մի բան էլ կանի երեւի։ (Այս հարցին բոլոր հավաքվածների միահամուռ ծիծաղը հետեւեց – Ա.Ի.)։

-Կարծում եք, վախենո՞ւմ եմ Սիրադեղյանից։

«Ազատություն»- Միշտ կարելի է վախենալ։ Օրինակ, ոչ ոք չէր սպասում, որ Դուք էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին մի կողմ կհրեք եւ կդառնաք նախագահ։ Դա էլ անսպասելի էր։ Այդ փորձն ունենալով, չե՞ք վախենում, որ էլի նման բան կարող է կատարվել։

-Մեկ-մեկ նման հայտարարություններին ուղղակի ավելի ուշադիր հետեւեք եւ դրանք ծնող պատճառներն ավելի պարզ կերեւան։

«Առավոտ»- Բայց Վանո Սիրադեղյանին որեւէ պատասխանատվության ենթարկելու փորձ արվե՞լ է…

-Ես մինչ այսօր նախօրոք նման բաներ չեմ ասել։ Ուղղակի մի շարք մարդիկ կան, որոնց համար կայունությունն այդքան էլ ձեռնտու չէ։

«Ազատություն»- Իսկ Ձեր հանդիպումների ընթացքում որեւէ մեկը գոհունակություն հայտնե՞լ է, որ դրական տեղաշարժեր կան։

-Բազմաթիվ։ Ոչ թե ասում են, որ կյանքը լավացել է, այլ, թե տեսնում են, որ ամեն ամիս դրական մի բան է լինում։

«Առավոտ»- Նախորդ նախագահի այցերի ժամանակ էլ էին նրան հատկապես այնպիսի մարդիկ «հանդիպում», որոնք որեւէ դժգոհություն չունեին եւ դրական տեղաշարժեր էին տեսնում։

«Ազատություն»- Շնորհակալություն էին հայտնում այս ղեկավարությանը։

-Երեւի միշտ չէր այդպես։ Համենայնդեպս՝ 1996-97 թթ. շատ քիչ էին։ Ես տարբերություն տեսնում եմ։ Ինձ նաեւ բողոքում են։ Մեր բնակչության մի զգալի մասը դեռ վատ է ապրում եւ մի 2-3 տարի դեռ բողոքելու են։ Խոսքը դրական միտումների մասին է. այն երեւույթների, որոնք լուրջ զարգացման համար հիմք են լինելու։

«Ազատություն»- Իսկ Դուք այս կառավարությունից գո՞հ եք։

-Գիտեք, ոչ մի կառավարության գնահատականը չի կարելի 100 օր հետո, կամ նույնիսկ մեկ տարի հետո տալ։ Եվ իմ նախընտրական խոստումների ժամանակ էլ ես երբեք այդպիսի բան չեմ ասել, որ 100 օրում ամեն ինչ կլավանա։ Իմիջիայլոց՝ ի տարբերություն մի շարք այլ թեկնածուների։ Երբ ինձ հարցնում էին. «Ե՞րբ ենք փոփոխություններ նկատելու»՝ ես ասում էի. «2-3 տարուց»։

«Ազատություն»- Այսինքն, Դուք հույս ունեք, որ անպայման 2-3 տարի նախագա՞հ կլինեք։

-Ես հույս ունեմ, որ առնվազն 5 տարի կլինեմ նախագահ։

«Առավոտ»- Այսօրինակ մեկնաբանություններ կան արտաքին քաղաքականության վերաբերյալ, որ բանակցային գործընթացը շարունակում է փակուղում մնալ, մոտալուտ պատերազմի հեռանկար կա։

-Այդ քաղաքական գործիչների գնահատականները, ասենք, մեր տնտեսական արդյունքների վերաբերյալ 180 աստիճանով շրջված են, սպիտակին սեւ են ասում եւ հակառակը։ Էլ ի՞նչ կարող ես ասել։ Ես ուղղակի լուրջ չեմ ընդունում եւ չեմ ցանկանում մեկնաբանել։ Մարդիկ բորբոքվում են, որ 5 տարի պիտի սպասեն։ (Ավելի ուշ հեղաշրջման հնարավորության կանխատեսումների մասին «Հայոց աշխարհի» հարցին պրն Քոչարյանը պատասխանեց. «Այդ մարդիկ ուղղակի կայֆ են բռնում դրանից» – Ա.Ի.)։

«Առավոտ»- Ձեր նախընտրական ծրագրում պարունակվող խոստումներից մեկն էլ խնայբանկի ավանդների վերադարձման հնարավորությունների մշակումն է…

-Ստոպ։ Մշակման հարցերով զբաղվում ենք, բայց ես նաեւ ասում էի, որ սա ամենաբարդ հարցն է, որի լուծումը մեկ քայլով հնարավոր չէ կարգավորել, եւ սա երկար տարիների խնդիր է։ Հետո ես 100 օրով չեմ ընտրվել։ Ես առնվազն 5 տարվա նախագահ եմ։

«Առավոտ»- Ուղղակի մի առիթով ասել էիք, որ այս ամիսներին լիովին տեղավորվել եք Ձեր նախընտրական խոստումների իրականացման շրջանակում։

– Ընդհանրապես, ինչ ասել եմ՝ արել եմ, ինչ ծրագրավորել ենք՝ մի բան էլ ավելի։

«Առավոտ»- Ինչո՞ւ չմասնակցեցիք Ղազանչեցոց եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությանը։

– Ես տերտեր չեմ (ծիծաղում է- Ա. Ի.)։ Ինչո՞ւ եք համարում, որ ես անպայման պիտի եկեղեցու բացմանը գնայի։ Հետո, գնացի՝ պիտի մի 2-3 օր մնայի։ Բավական մեծ պատվիրակություն է գնացել Հայաստանից՝ ե՛ւ Ազգային ժողովից, ե՛ւ կառավարությունից։

«Առավոտ»- Ուղղակի Ղարաբաղ չգնալու մեջ որոշ ենթատեքստ էին տեսել։

– Գիտեք, եթե վաղը ես նույնիսկ գրիպով հիվանդանամ՝ դրա մեջ ենթատեքստ կտեսնեն։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031