«Ինձ մտահոգում է, որ ազգովին անընդհատ վատ բանի ենք սպասում, որ մեզ անպայման պիտի մեկուսացնեն, կամ եթե նույնիսկ գործերը լավ են գնում՝ պիտի ճգնաժամ լինի, ինչ-որ ճնշումների տակ պիտի հայտնվենք, որ մի 3 ամիս ճնշում չկա՝ բան չենք, հա՞… ռուսի ասած, տՐՌոՈսՊպՑՖ վՈՊՏ, էլի։ Այս ի՞նչ մենթալիտետ է։ Պիտի փոխենք չէ՞, վերջիվերջո։ Քաղաքական գործիչներն էլ մեկը մյուսից փայլուն են… չէի ուզենա այդ բառն օգտագործել… մազոխիզմի հարցում։ Թերթերը բացում ես՝ բոլորը կարծես անհամբեր սպասում են։ Ոնց որ ասեն՝ «էստի համեցեք, եկեք ճնշեք մեզ՝ քանդվում ենք, մեռնում ենք»,- պաշտոնավարման 100-րդ օրն իր այս խոհերը լրագրողներին Սեւանի ափին փոխանցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա»
«Հայծխախոտ» ՓԲԸ-ն, որ փորձագետների գնահատականով Հայաստանում իրացվող ծխախոտի 5-8 տոկոսն է արտադրում, Սամվել Բաբայանի եղբոր մասնակի վերահսկողության տակ հայտնվելուց հետո մեկ ամիս է՝ չի աշխատում։ Սա աշխատակիցների շրջանում լարվածության տեղիք է տվել, քանի որ Կարեն Բաբայանի նախաձեռնած հաշվեքննությունը չպիտի որ աշխատանքը դադարեցնելու պատճառ լիներ։ Ի դեպ, չճշտված տեղեկություններով, անցած տարի «Հայծխախոտը» 1 մլն դոլարից ավելի արժողությամբ սարքավորումներ էր վաճառել։
ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ
Կարդացեք նաև
Անցած շաբաթ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնում Ազատ Արշակյանին փոխարինեց հանրաճանաչ լրագրող Իդա Մարտիրոսյանը։ Նրա արժանիքների մասին խոսելուց հետո Ազատ Արշակյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ թերություններին. տիկ. Մարտիրոսյանը համալրում է քաղաքական այն գործիչների ցանկը (Սերգեյ Բադալյան, Արամ Սարգսյան), ովքեր հայերեն վատ գիտեն։