Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին արքեպիկոպոս Ներսիսյան․ Ճշմարիտը մատուցելու պատրաստակամությամբ

Հուլիս 21,1998 02:18
Garegin

Խմբագրություն զանգահարած մի կին սպառնալով պահանջում էր վերջ տալ սրբապղծությանը, հանգիստ թողնել եկեղեցին եւ ընդհանրապես հոգեւոր հայրերի մասին այսուհետ գրել կամ լավ, կամ՝ ոչինչ։ Սրբերի վարքագրությամբ զբաղվելու պատիվը զիջելով ուրիշներին, նախընտրում ենք հերետիկոսի համառությամբ անդրադառնալ այն ամենին, ինչը թույլ կտա ներկայացնել հայ եկեղեցու ճշմարիտ նկարագիրը։ Եվ, ի հեճուկս բծախնդիրների, այս անգամ ճշմարիտը հրամցնելու պատրաստակամություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Զրույցի համար փակ թեմաներ չկային։ Իսկ թե սրբազանի պատասխանները որքանով կմեղմեն մեր հետաքրքրասիրությունը, դատեք ինքներդ։

Կաթողիկոսի առողջության մասին

-Ամենայն Հայոց կաթողիկոսի առողջական վիճակի մասին պաշտոնական հաղորդագրությունների պարբերականությունը պայմանավորված է հիվանդության բնույթով, որն օրավուր չի փոփոխվում, այլ բուժման որոշակի ընթացք պիտի ապրի։ Այժմ այն կայուն է, այդ իսկ պատճառով էլ, հավանաբար, անհրաժեշտություն չկա ամենօրյա հաղորդման համար։ Մենք պարբերաբար՝ 3-4 օրը մեկ, Վեհափառի հետ հեռախոսազրույց ենք ունենում հայրենիքի, եկեղեցական կյանքի, իրեն հետաքրքրող լուրերի շուրջ։ Հանրապետության նախագահը եւս մշտապես հետաքրքրվում է կաթողիկոսի առողջությամբ։ Ես անձամբ տեղյակ եմ, որ Ռ. Քոչարյանը մի քանի անգամ հարցումներ է արել։ Դժբախտաբար, երբեմն այս մասին լրատվություններն այլազան աղբյուրներից են իրենց տեղեկությունները քաղում։ Եվ ես, որ անձամբ Վեհափառից գիտեմ իր առողջության մասին, մի քանի օր առաջ հեռաձայնեցի մի թերթի եւ ասացի. «Կուզեմ, ի վերջո, իմանալ ճշմարտությունը։ Արդյո՞ք իմ իմացածը սխալ է»։

Ասեմ, որ Վեհափառ հայրապետը մի նամակ է գրել, որում անդրադառնալով իր առողջական վիճակին, գրում է, որ ռադիոճառագայթաբուժության երկրորդ փուլն անցել է, սակայն որպես հետեւանք դեռ բորբոքումներ կան, եւ բժիշկները չեն կարող վերջնականապես ճշտել, թե դա բուժման վերջին փուլն է այլեւս։ Այնուհետեւ Վեհափառը հույս է հայտնել, որ եթե ամեն ինչ բարեհաջող լինի, այս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին կվերադառնա Մայր Աթոռ սուրբ Էջմիածին։ Առ այսօր, Գարեգին Առաջինից ստացված լուրերի համաձայն, որեւէ վիրահատական միջամտություն չի եղել։

Ասողիկ սրբազանի ձերբակալման մասին

-Ասողիկ սրբազանի հետ առնչված այդ խնդիրը մեծ ցավ, հուզում պատճառեց եւ եկեղեցու հոգեւորականությանը, եւ իր ժողովրդին։ Սուրբ Էջմիածինը, բնականաբար, հետաքրքրվում է, իշխանության համապատասխան մարմինների հետ հարաբերությունների մեջ մտել է։ Որոշակի տեղեկություններ ունենք, որոնք, սակայն, վերջնական ու ամբողջական չեն։ Լիարժեքորեն ճշմարտությանը չի կարելի տիրապետել, մինչ խնդիրը դատաքննության ընթացքի մեջ է։ Եվ այդ առումով էլ վերջնական դիրքորոշում չի կարող լինել մինչեւ դատավարությունը։ Խնդրի մասին զեկուցվել է Վեհափառ հայրապետին։ Նա հատուկ մի մարմին է նշանակել հոգեւորականներից եւ Գերագույն մարմնի մեջ մտնող աշխարհիկ անդամներից բաղկացած, որոնք պիտի հետամուտ լինեն խնդրին, եւ եթե հնարավոր է, փորձեն մինչ դատավարությունը Ասողիկ սրբազանին երաշխավորությամբ ազատել կալանքից։

Դատավարությունից հետո, եթե պարզվի, որ Ասողիկ սրբազանն անմեղ է, պետական համապատասխան մարմինները հետամուտ կլինեն պարտավորություն վերցնել իրենց վրա՝ վերականգնելու անձի հեղինակությունը։ Իսկ եթե հանցավոր նկատվեց, այդ դեպքում, եկեղեցական կանոնների համաձայն, մեղքի աստիճանից կախված, Մայր Աթոռն իր դիրքորոշումը կճշտի՝ պատժից մինչեւ հեռացում եկեղեցական ասպարեզից։

-Խոսքը անձի՞ մասնակցության մասին է, թե՞ Արմավիրի թեմի։

-Այնքանով, որքանով տեղյակ ենք, իրարամերժ տեղեկություններ կան Ասողիկ սրբազանից եւ այլ աղբյուրներից։ Բայց, կարծում եմ, որ անհատական է։ (Մի հետաքրքրական մանրամասն եւս. մեր զրույցի պահին զարմանալի զուգադիպությամբ զանգահարեց եւ Գարեգին սրբազանի հետ կարճատեւ զրույց ունեցավ հենց ինքը՝ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը)։

Մերուժան ՏերևԳուլանյան-բողոքականներ կապի մասին

-Որքանո՞վ են ճշմարտացի այն լուրերը, թե իբր Մերուժան Տեր-Գուլանյանը Հայաստանում ներկայացնում է բողոքական եկեղեցին։

-Տեր-Գուլանյանին ես նկատում եմ Հայ առաքելական եկեղեցու զավակ։ Նա ծանոթություններ ունի Ջամբազյան եղբայրների հետ։ Մի շարք անգամներ ես էլ եմ այդ համատեղ հանդիպումներին ներկա գտնվել։ Ջամբազյանների քարոզները մարզահամերգային համալիրում կազմակերպել է ոչ թե Տեր-Գուլանյանը, այլ` ես։ Ուրիշ միջոցառումներ էլ եմ կազմակերպել, եւ պիտի ասեմ, որ այդ համագործակցությունից ավետարանական եկեղեցին մեծապես ընդվզեց։ Մասնավորապես Բարդակչյանը, որ այն ժամանակ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչն էր Հայաստանում։ Եվ Ջամբազյանները վտարվեցին ընկերակցությունից։ Պերճ Ջամբազյանը ստիպված եղավ հրաժարվել իր համայնքից, ծանր վիճակի մեջ հայտնվեց այն պարզ պատճառով, որ նա եկավ աշխատակցելու առաքելական Մայր եկեղեցու հետ։

Եկեղեցու ֆինանսական միջոցների մասին

-Ամեն տարեվերջի Գերագույն հոգեւոր խորհրդում գլխավոր հաշվապահը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություն գումարային ձեւով։ Դա մոտ 5-6 մլն դոլար է։ Մեր ժողովրդի մտքում ձեւավորված կարծիքից Մայր Աթոռը անհամեմատ համեստ միջոցների տեր է։ Ավետարանական եկեղեցու հիմնադրամն այսօր 78 միլիոն դոլար է։ Մայր Աթոռը հաշիվ ունի Շվեյցարիայի բանկում (հայոց հայրապետներն այդ հաշիվներն ունեցել են դեռ վաղուցվանից, որտեղ պահվում են մեր խնայողություններն ու նվիրատվությունները) եւ այստեղ՝ Հայաստանի բանկում, գործառնությունների իրականացման համար։ Բացի այդ, Միացյալ Նահանգներում՝ Արեւելյան թեմի հաշվի մեջ ս. Էջմիածնի անունով առանձին հաշիվ կա։ Թերեւս նաեւ ուրիշ թեմերում էլ բացված հաշիվներ լինեն. ես ամբողջ ինֆորմացիան չունեմ։

Եկեղեցու կառուցվածքի մասին

-Եկեղեցին ավանդական, պատմականորեն քննություն բռնած կառույցներ ունի։ Սակայն Հայաստանում մեր թեմական կյանքը մեծապես տուժում է այն պարզ պատճառով, որ համայնքային կառույցները ձեւավորված չեն։ Այդ հասկացողությունը չի գործում մեր եկեղեցական կյանքից ներս։ Եվ այսօր հոգեւոր դասը ձեռնամուխ է եղել դրանց ստեղծմանը։ Անշուշտ, դա դժվար է, քանի որ չունենք բավարար չափով եկեղեցիներ, որպեսզի յուրաքանչյուր թաղ համախմբվի այդ եկեղեցու շուրջ։ Քիչ են եկեղեցականները, միջոցների պակաս կա։

Անթիլիաս-Էջմիածին հարաբերությունների մասին

-Գարեգին Վեհափառի ընտրվելուց հետո մեր ազգը մի ազնիվ մղում ուներ՝ տեսնել Անթիլիաս-Էջմիածին հարաբերություններում բոլոր տարաձայնությունները վերացած։ Երբեք մտածումներ չի եղել այն մասին, որ Անթիլիասի Աթոռը պետք է վերանա կամ վերամիավորվի Էջմիածնին։ Դա ազգային արժեք է։ Բայց պիտի ցավով ասեմ, որ այդ տարաձայնությունները չվերացան, խնդիրները չլուծվեցին։ Եվ դրանում մեծ դերակատարություն ունեցան կողմերի սխալ մեկնաբանությունները, ընկալումները։

-Ընդունո՞ւմ եք այն ձեւակերպումը, որ Անթիլիասը կուսակցականացված աթոռ է։

-Ինձ թվում է, որոշապես այդպիսի գաղափար կա, հատկապես, երբ կուսակցությունը փարվում է Անթիլիասի Աթոռին։ Ներկա վիճակով, եթե կուսակցությունը կարողանա իր գործունեությունն առավել ազատ իրականացնել Մայր Հայաստանում, ինձ թվում է, աստիճանաբար նրանք ավելի ազատ կթողնեն Անթիլիասի Աթոռը եւ կնպաստեն տարաձայնությունների վերանայմանը, մանավանդ որ, նման անհանգստություն, կասկածներ կան։ Այսօր նաեւ անթիլիասական հոգեւորականները մեր առանձին զրույցների ժամանակ ասում են, որ այլեւս զգալի է իրենց ազատ գործունեությունը կուսակցական ազդեցություններից։

Վրացիների նկրտումների մասին

-Ահազանգեր կան այն մասին, որ վրացիները փորձում են յուրացնել հայկական որոշ եկեղեցիներ, կասկածի տակ են դնում դրանց պատկանելությունը։

-Տարիներ առաջ նման մի հանձնարարականով Գրիգորիս սրբազանի եւ Ռաֆայել Պապայանի հետ ես մեկնեցի Վրաստան։ Ոտնձգություն էր կատարվել եւ բարբարոսություն էր թույլ տրվել հայկական ս. Խաչ եկեղեցում։ Ներսի որմնանկարները մի վրացի հոգեւորական ուղղակի ոչնչացրել էր։ Ներկայացանք Իլյա կաթողիկոսին։ Սուր խոսակցություն ունեցանք։ Ներկայացանք նաեւ Ազգային ժողովի նախագահին եւ մեր ընդվզումն արտահայտեցինք։ Դժբախտաբար, այն ժամանակ էլ Իլյա կաթողիկոսը պնդում էր, որ այդ եկեղեցին վրացական է։ Միտումն առկա է։ Նրանք արդեն մի շարք հայկական եկեղեցիներ վերցրել են։ Բայց գոնե ս. Գեւորգ եկեղեցու մասին, մտածում եմ, որ պետք է իրենց այդպիսի արտահայտություններ թույլ չտան։

Մի շահարկված հարցի մասին՝ առանց նրբանկատության

-Համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր հոգեւորականների շրջանում խիստ տարածված է արվամոլությունը։

-Սա ցավալի մեղադրանք է հայ եկեղեցականի հասցեին։ Չեմ ուզում բացառել, թե նման երեւույթներ կարող են տեղ գտած լինել։ Բայց միաժամանակ ուզում եմ պնդել, որ դրանք չարամիտ վերագրումներ են՝ երբեմն անձնական հարաբերություններից բխող՝ վարկաբեկելու այսինչ կամ այնինչ մարդուն։ Իմ հոգեւոր եղբայրների մեջ ես չեմ ճանաչում այդպիսի մեկին։

-Այդ դեպքում, ժամանակին ի՞նչ մեղադրանքով վտարեցին Սեւանի վանահորը։

-Ինքը դիմում տվեց եւ հեռացավ՝ պատճառաբանելով, որ նման վերագրումներ կան իր անձին։ Խոսակցություններ կային։ Եվ ինքը հեռացավ, եւ այն անձինք, ովքեր առնչված էին այդ զրույցների հետ։

Այլոց եւ այլնի մասին

Թերթային ծավալները սահմանափակ են ողջ զրույցը ներկայացնելու համար։ Մինչդեռ հոգեւոր կյանքը հարուստ է մեծ ու փոքր իրադարձություններով, որոնք արժանի են ուշադրության։ Գարեգին սրբազանից տեղեկացանք, որ Տեր Հուսիկ քահանա Լազարյանը դեռ չի պատրաստվում հրաժարվել աշխարհիկ կյանքից. համենայնդեպս, Վեհափառի անունով դիմում չի ներկայացրել։ Իմացանք, որ Տիրան սրբազանն իրականում որեւէ ֆինանսական առնչություններ չի ունեցել Սերժ Ջիլավյանի հետ։ Ասողիկ սրբազանի հետ կապված դեպքի առնչությամբ վերհիշվեց, որ դեռ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի օրոք ձեռագրեր գողացած երկու հոգեւորական հանձնվել են իրավապահ մարմիններին։

Մեր այն հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է արդյոք որեւէ կերպ միջամտել Պոլսի պատրիարքի ձգձգվող ընտրություններին, որոնք քաղաքական երանգ են ստանում, Գարեգին սրբազանն ասաց, թե ինքը հեռախոսազրույց է ունեցել պատրիարքի փոխանորդ Մեսրոպ արք. Մութաֆյանի հետ, եւ վերջինս հաղորդել է, թե կատարվածը հայ համայնքի եւ իր անձի հետ կապ չունի, այլ Թուրքիայի իշխանությունների ներսում առկա խնդիրների արդյունք է։ Հայ եկեղեցու կալվածքների, Սահմանադրության, 1700-ամյակի տոնակատարությունների, մայրաքաղաքի կառուցվող եկեղեցիների մասին խոսելու այլ առիթներ էլ կլինեն։ Իսկ այժմ միայն ավելացնենք, որ եկեղեցու հոգսերի մասին անկաշկանդ զրույցները միշտ էլ ավելի նախընտրելի են լինելու, քան նրանց ճառերը, ովքեր կուրծք ծեծելով մաշված ճշմարտություններ են բարբառում՝ փորձելով եկեղեցին պաշտպանել չգիտես ումից, չգիտես ինչի համար։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031