Թերեւս հայ մտավորականության հետ նախորդ հանդիպման տպավորությունները խոր հետք էին թողել ՀՀ նախագահի հիշողության մեջ եւ այդ պատճառով նա հենց սկզբում, ելույթներից առաջ հայտարարեց, որ ոչ մի տեղ չի «վռազում», բայց նաեւ չի ցանկանում, որ այս հանդիպումը ժողովի վերածվի։ Այս հանդիպման մասին պարոն Քոչարյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը պայմանավորվել էին Երեւանում կայացած հանդիպումից հետո։ Նախագահը հրաժարվել էր կրկին Երեւանում հանդիպել եւ առաջարկել էր քաղաքից դուրս տարբերակը։
Դիլիջան, Կոմպոզիտորների միության հանգստյան տուն
Ոչ Դիլիջանի հրաշալի բնությունը, ոչ մաքուր օդը ոչ մի ձեւով չանդրադարձան մեր մտավորականության մտքերի եւ ելույթների վրա։ Նախորդ հանդիպման գրեթե կրկնությունն էր՝ փոքր-ինչ տարբերություններով. որոշ մարդիկ ավելացել էին, որոշ մարդիկ՝ պակասել։ Վարչապետ Արմեն Դարբինյանը, Վահան Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը եւ Ռոլանդ Շառոյանն էլ էին նախագահի հետ եկել։ Մտավորականների մեծ մասը մի օր առաջ էր գնացել Դիլիջան եւ հանդիպման ավարտից հետո պատմում էին, որ նախորդ օրը մտավորականներն ավելի լավ մտքեր էին արտահայտում (ոչ անձնական), քան ՀՀ նախագահի ներկայությամբ։ Այսինքն՝ իշխանություններին տեսնելիս առաջնային է դառնում միայն իրենց անձին հուզող խնդիրը, սկսում են վերհիշել էն չքնա՜ղ սովետական ժամանակները, երբ օգտվում էին ամեն տեսակի արտոնություններից, երբ իրենցից անկախ՝ փողեր էին իջնում վերեւներից, ֆիլմեր էին նկարահանում, կոչումներ էին ստանում… Հանդիպման եկած մեր ավագ սերնդի մտավորականությունն այս իրականությունից երեւի թե դուրս է ապրում, ավելի ճիշտ՝ նախկին Սովետական Միության եւ ներկա Հայաստանի միջեւ եղած սահմանագծում ու չի պատկերացնում իր կյանքն առանց ստեղծագործական միությունների, առանց հովանավորությունների։
Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը «թութունի» մասին անեկդոտանման պատմություն անելուց հետո՝ հիշեցնելով, որ կինոն ե՛ւ արվեստ է, ե՛ւ բիզնես, ասաց. «Եթե մենք ուզում ենք, որ վաղը սերունդները չանիծեն Հայկինոյի այսօրվա քայքայողներին, ապա եկեք ավելի լուրջ վերաբերվենք»։ Հանուն ապագա սերունդների ասված այս խոսքն ավարտելուց հետո անցավ իր անձնական խնդրին. «Ստիպված $2000 պարտք եմ արել, գնացել Մոսկվա, իմ հեղինակության շնորհիվ Ռուսաստանից ղեկավարների միջոցով երկրաշարժի մասին իմ ֆիլմի գումարի կեսը բերել եմ, բայց հարազատ «Հայֆիլմը» չի կարողանում մյուս կեսը տալ»։ Ի դեպ, մյուս կեսը $400000 է։ Չխոսենք դեռ, թե որքանով է անհրաժեշտ երկրաշարժի մասին այդ ֆիլմը, հատկապես, երբ այդքան վավերագրական ֆիլմեր արդեն կան։ Ռ. Քոչարյանի պատասխանին, թե վատ է, որ մեզանում պրոդյուսերական դպրոց չկա, եւ ռեժիսորներն են ստիպված գումար հայթայթելով զբաղվում, Ա. Մկրտչյանը առաջարկեց, որ առաջին պրոդյուսերը լինի պետությունը։
Կարդացեք նաև
Ինչ խոսք, մեր մտավորականության ընդհանուր տխուր եւ լացակումած ֆոնի վրա ՀՀ նախագահն առանձնանում էր իր պրագմատիզմով եւ գործարարի իրատեսությամբ. «… Ես ավելի պատրաստ եմ նման բիզնես անել մարդկանց կամ կոլեկտիվների հետ, որոնք ասում են, որ ի վիճակի են այս բանն անել այսօր, երկու տարի հետո՝ մի բան ավելի եւ այլն։ Եվ, որպես պետություն, պետության ղեկավար, մեր բյուջեն փայի մեջ կմտնի նման առաջարկությունների մեջ ու կհասկանանք, որ գոնե 2-4 տարում կինոն ոտքի կկանգի, կքայլի»։ Այս անգամ Ա. Մկրտչյանն ասվածի միայն մի հատվածը ընդունեց. «Ես բերել եմ մի դոլարը, դուք վրան ավելացրեք, մանավանդ որ, ե՛ւ դուք, ե՛ւ վարչապետը խոստացել եք»։ Ռոբերտ Ամիրխանյանը, որ օրվա եւ սեղանի թամադան էր, հանդիպման ելույթների ուղղությունը փորձեց շեղել, առաջարկելով հարց բարձրացնել՝ «Ի՞նչ է մշակույթը մեր այս վտանգված երկրի համար, մուսուլմանական աշխարհը մեզ կխժռի իր անճաշակություններով»։ Կոմպոզիտորը ձայնը տվեց գրող Ռազմիկ Դավոյանին՝ հրահանգելով կրծքային ձայնով խոսել։
– Իսկ ես կրծքային էի՞ խոսում,- կոմպոզիտորից ճշտեց ՀՀ նախագահը։
– Հա՛, հրաշալի կրծքային ձայնով էիք խոսում,- գնահատեց պրն Ամիրխանյանը։
Ռազմիկ Դավոյանը կրծքային ձայնով խոսեց անհատական գրգիռները մի կողմ թողնելու եւ մշակութային քաղաքականության, մշակութային ծրագրեր ունենալու մասին։ «Մենք ոչ թե կլանող օբյեկտների դերում գումարներ ենք պահանջում մեր իշխանություններից, այլ մշակութային քաղաքականություն, մշակույթի նկատմամբ ծանրակշիռ վերաբերմունք ենք ակնկալում»,- կրծքային ձայնով ասաց պրն Դավոյանը։
Կինոգետ Դավիթ Մուրադյանը, թալինցի գյուղացու խոսքը «թագավորին» հասցնելուց հետո («եթե թագավորին տեսնեք, ասեք՝ մեր ազգը ձեռից գնացել ա, էրեխեքը գիրք չեն կարդում») հիշեցրեց 2001 թվին քրիստոնեության 1700-ամյակը։ Բողոքեց, որ մեր հեռուստակայանները ֆիլմեր գովազդելիս իբրեւ ամենատպավորիչ կադրեր ընտրում են փոր թափելու եւ վիզ կտրելու տեսարանները. «աստիճանաբար մեր մարդկանց գիտակցության մեջ ներարկում են, որ մարդ սպանելը, մարդու մեռնելը հեչ բան ա… քայքայվում է նոր սերնդի հոգեբանությունը»։
Մենք ենք ու էլի մենք…
Լեւոն Իգիթյանը իգիթյանական ձայնով ու խոսքերով (կարծես՝ թուրնութվանքը գրպանում) հիշեցրեց, որ դահլիճում միայն տաղանդավոր մարդիկ են եւ հայերի դժբախտությունն է տաղանդավոր ժողովուրդ լինելը… Առաջարկեց մշտապես գործող անռոճիկ հանձնաժողով ստեղծել (տեղում մի քանիսի գործին քար գցեց), որ մեկուկես տարում ծրագիր ստեղծել՝ «դա բանաստեղծություն չի, որ մուսա գա ու գրվի»,- ասաց նա։ Բանաստեղծության մասնագետ Ռ. Դավոյանը չդիմացավ. «Ինչի՞ ես տենց ասում, եթե չգիտես, ոնց ա գրվում բանաստեղծությունը»։ Լ. Իգիթյանը նաեւ առաջարկեց Քըրք Քըրքորյանի Ամերիկայում գտնվող ամենահզոր հյուրանոցում մեր նվագախմբերը հերթով՝ երկու ամսով գնան նվագեն։ Իսկ ելույթի վերջում հոտընկայս կոչ արեց մեծ երկրների դեմ մշակութային պատերազմ սկսել։ Փառք Աստծո, դահլիճում գտնվեցին մարդիկ, որոնք այդ տողերը լուրջ չընդունեցին։
Ազգային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը նշեց, որ պայմաններ չկան մեր կոմպոզիտորների եւ երաժշտական խմբերի ստեղծագործությունները ձայնագրելու։ Դահլիճի տխուր մթնոլորտը մի լավ ուրախացրեց կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանի կոմունիստական ոճով անկեղծ ելույթը.
– Էն չարաբաստիկ կոնյակի գործարանի հերն էլ անիծած… եկեք հիմա գոնե մեր քաղաքն ու մշակույթը փրկենք, առանց էն էլ մեր անունը չարչի են դրել։ Վերնիսաժով, յարմրկայով պետություն չենք պահի… Էս ի՞նչ ա կատարվում, ա՛յ մարդ, տուֆից շենքը կանաչ-կապույտ են ներկում, էս ի՞նչ արեցին մեր քաղաքը, զահրումար լինի էդ շուկայական հարաբերությունը… Կինո «Երեւանը» պոռնոֆիլմերի կինոթատրոն են դարձրել… մեզ ուզում են հոլանդացի սարքել… նախկին կոչումները վերացան, էս ի՞նչ մոդայիկ բաներ են։ Էն ժամանակ կոչումների հետ արտոնություններ էլ են տվել, տան վարձը, լույսի փողը զեղչով էինք տալիս… էնքա՜ն լավ էինք զգում, որ պետությունը մեզ հետ է…։
Նախագահը, որ մինչ այդ ուշադիր լսում էր, անմիջապես զգուշացրեց՝ «Սովետը վերականգնելու նպատակ չունենք»։ Պարոն Իսրայելյանը չէր սպասում, թե նախագահն իրեն այդպես սխալ կհասկանա։ Եվս մի քանի ելույթներ հնչեցին ստեղծագործական միությունների կարգավիճակի եւ դրանց ֆինանսավորման մասին։ Ալեքսանդր Թոփչյանի ելույթը շատ ավելի կոնկրետ էր. «Չկա մշակութային արտաքին քաղաքականություն»։ Նա առաջարկում էր վերանայել դրսում գործող մեր մշակույթի կցորդների գործունեությունը, թե արդյոք նրանք փորձո՞ւմ են կամուրջներ ստեղծել ստեղծագործողների եւ գումարներ ներդնողների միջեւ, ի՞նչ աշխատանքներ են նրանք մինչեւ օրս կատարել եւ կատարում։ «Եթե այսպես շարունակվի, մեզ կշարունակեն կոչել Ազնավուրի, երկրաշարժի երկիր, որից ավելի վիրավորական բան չկա…»,- ասաց Ա. Թոփչյանը։
Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, այլեւս չդիմանալով ծանրաքաշ ու ազգանվագ ելույթներին, որոշեց, թեկուզ բոլորին նեղացնելու գնով ելույթ ունենալ։
– Լռել չեմ կարող, որովհետեւ նման հանդիպում այլեւս չենք կարողանա կազմակերպել, լսելով այս ամենը ինչ ասվեց, մարդիկ դժվար թե երկրորդ անգամ գան։ Ի՞նչ է մշակույթը հարցին պատասխան չեն տվել ո՛չ Շեքսպիրը, ո՛չ Գյոթեն, իսկ մենք այստեղ փորձում ենք տալ։
Ռ. Սահակյանցին եւ առողջ հոգեբանություն ունեցող մի քանի արվեստագետների հատկապես զայրացրեց ուսումնադաստիարակչական, բարոյահոգեբանական ճառերը՝ ամեն ինչ հանուն մատաղ սերնդի կարգախոսներով… Ռ. Սահակյանցը բոլոր ստեղծագործական միություններին առաջարկեց հասկանալ, որ փողերը երկնքից չեն ընկնում, եւ եթե բյուջեով մշակույթի համար նախատեսված գումարներ կան, ապա կարելի է ծրագրեր ներկայացնել, ոչ թե մուրալ։
Նախագահի երեխաները Մոպասան չեն կարդում…
Ելույթներից ազդված նախագահը ընտանեկան կյանքից մի հատված մեջբերեց.
– Ես ունեմ երեք երեխա, երեքն էլ գերազանց են սովորում, իսկապես խելոք երեխաներ են, բայց իրենք էլ համարյա գրքեր չեն կարդում։ Փոխարենը՝ մեծը նստում է կոմպյուտերի դիմաց եւ «Ինտերնետով» ստանում ամբողջ աշխարհի ինֆորմացիան։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Մայրն ամեն օր ասում է՝ գրքեր կարդացեք, ինչպե՞ս կարելի է չկարդալ համաշխարհային դասական գրականություն։ Ես նրան հասկանում եմ, նա մտահոգվում է, որ երեխաները չեն կարդում Մոպասան եւ այլն… Կան պրոցեսներ, որոնք ամբողջ աշխարհում նույն ձեւով են ընթանում։ Պետք է փորձել ադապտացնել դրսի արժեքները մեր պայմաններին, փորձել այդ տեղեկատվական դաշտի մեջ ներդնել մեր ազգային արժեքները, որ երեխաները օգտվեն։
Նախագահը չգիտի
Պե՞տք է, արդյոք, վերականգնել գյուղերի կինոդահլիճները։
– Գուցե պետք է բոլորովին ուրիշ բան վերականգնել… Հասկանում եմ, ձեր հոգին պայթում է, որ կինոն ճգնաժամ է ապրում, բայց միայն մեզ մոտ չէ այդպես։ Պետք է ստեղծել այնպիսի ենթակառույցներ, որ կինոն մեզ մոտ էլ բիզնես դառնա,- ասաց նախագահը։
– Չեմ ուզում միայն հասարակական կարծիք ստեղծելու համար փոքրիկ գումարներ փոխանցել, ինչպես արվում էր նախորդ տարիներին։ … Չեմ հասկանում, երբ խոսում են կոնյակի ու արվեստի մասին, կոնյակը արվեստ չեմ համարում։ Դա ընդամենը խաղողի վերարտադրություն է։ Խաղող աճեցնելն արվեստին ավելի մոտ եմ համարում… Երբ աբստրակտ ասում են՝ արվեստի պատերազմ ենք հայտարարում, մեր արվեստով աշխարհն ենք գրավում, միանգամից հարց է առաջանում՝ ո՞նց…
Նախարարը նաեւ լուսանկարիչ է
Բանկետից մի քանի րոպե առաջ Ռոբերտ Քոչարյանը նստեց բակի նստարաններից մեկին։ Նրան միացան մշակույթի ներկայիս նախարար Ռոլանդ Շառոյանը եւ նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Երեքի դեմքերն էլ խիստ մտահոգ էին, ժեստերն ու հայացքները՝ կենտրոնացած։ Լուսանկարվելիս պարոն Քոչարյանը զարմացած նայեց՝ աչքերով ինչ-որ բան հարցնելով։ Եվ երբ իմացավ, որ «Առավոտի» լրագրողներից եմ, երեքով միասին ուրախությունից բացականչեցին. «Էլի՜ «Առավոտը…»։ Նախագահը հրավիրեց մտերմիկ զրույցի։ Իսկ Ռոլանդ Շառոյանն էլ որոշեց հենց այդ օրը վրեժխնդիր լինել «Առավոտից». վերցրեց լուսանկարչական ապարատս եւ նախագահի հետ մեզ լուսանկարեց՝ «Բա լավ ա՞, որ մեզ նկարում եք…»։ Ի դեպ, պրն Քոչարյանին հատկապես հուզում էր, թե ինչ եմ գրելու լուսանկարի տակ։ Հետո հարցրեց, թե ինչո՞ւ հանդիպմանը երիտասարդները քիչ էին եւ չէին մասնակցում։
Կոնյակը միայն նախագահին
Բանկետը ողողվեց մեր մշակույթի գործիչների քաղցր, պոետիկ կենացներով։ Խմեցին նախագահի, մշակույթի, կանանց, վարչապետի, վարչապետի կնոջ կենացները… Պրն Քոչարյանը հետեւելով ու տեսնելով, որ միայն ինքն է հայկական կոնյակ խմում, առիթը չկորցրեց եւ կրծքային վարժ ձայնով դիտողություն արեց օղի ու գարեջուր խմող հայ մտավորականներին. «Էդքան խոսում եք կոնյակի մասին, բայց մենակ ես եմ կոնյակ խմում»։
– Ո՞նց,- տեղներից վեր թռան ազգիս մտավորականները ու նախագահին արդեն ստամոքսային ձայներով գոչեցին. «Բա՛ միայն ձեզ են կոնյակ հյուրասիրել, մեզ չեն տվել…»։
Տեքստը՝ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ