Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանն ու Հնդկաստանը. (Հուսով, որ պետական գաղտնիք չէ)

Հուլիս 21,1998 02:07

Հարգարժան իշխանություն, պատվարժան պարոն Օսկանյան. մի քանի օր մտածում էի՝ գրե՞մ այս զրույցի մասին, թե՞ ոչ, այն մտավախությամբ, որ գուցե պետական գաղտնիք եմ բացահայտում։ Հետո գլխի ընկա՝ դուք այնքան միամիտ չեք, որ պետական գաղտնիքը հասու դարձնեք հասարակական տրանսպորտով (երթուղային տաքսի) երթեւեկողներին։

Մյուս կողմից ցանկացա՝ գիտենաք, որ ժողովուրդը նույնպես միամիտ չէ, եւ ձեր գործողությունների, հայտարարությունների ազդեցությամբ՝ հեռուն գնացող հետեւություններ է անում, որոնց մասին իմ պարտքն եմ համարում ձեզ տեղյակ պահել, որովհետեւ մինչեւ վերջերս ես նույնպես ձեզ նման ոչ մետրո էի նստում, ոչ ավտոբուս, ոչ էլ նույնիսկ երթուղային տաքսի, եւ իմ ժամանակի մեծ մասը առանձնասենյակներում, ծառայողական ավտոմեքենայում անցկացնելով՝ չգիտեի ժողովուրդն ինչ է մտածում մեր ու մեր գործերի մասին։

Մինչեւ վերջերս՝ դեռ ոչինչ, բայց հատկապես հիմա, երբ ազգային համաձայնության իշխանություն եք, պարտավոր եք ամեն ինչ իմանալ, պարտավոր եք՝ չկտրվել ժողովրդից։ Միայն այդ մտահոգությամբ եմ շարադրում այս զրույցը, որին, ինչպես հավանաբար արդեն գլխի ընկաք, ունկնդիր եղա երթուղային տաքսիում։ Որպես հանցանաց մեղմացուցիչ հանգամանք, պիտի նշեմ՝ ժամն ուշ էր, զրուցակիցները փոքր-ինչ գինով էին, եւ ինձնից ու վարորդից զատ այլ վկաներ չկային։

– Տեսար, չէ՞, խնամի ջան,- սկսեց ավելի տարիքովը,- բա որ ասում էի՝ միամիտ չեն, որ ասում էի…

– Ի՞նչը…

– Որ ատոմային ռումբ ունենք։

– Ատոմային ռո՞ւմբ,- զարմացավ ավելի երիտասարդը։

– Բա չէ՝ նավթ-մավթ… Հնդկաստանն էն ի՞նչ էր փորձարկում, Հնդկաստանին որտեղի՞ց…

– Հնդկաստանն ի՞նչ կապ ունի։

– Էդքան միամի՞տ ես, խնամի ջան, հնդիկն ո՜ւր, ատոմային ռումբն ո՜ւր… Նրանց որտեղի՞ց… Ո՞վ էր տվել։

– Տվե՞լ էին… Ինչո՞ւ…

– Բա որ պոլիգոն չունենք, որտե՞ղ փորձարկենք…

Մի բուռ ժողովուրդ ենք, կես բուռ երկիր՝ որտե՞ղ փորձարկեինք… Էդքան միամի՞տ ես։

-Ախ, հա, մենք էինք տվել հնդիկներին… Ինչո՞ւ հենց հնդիկներին,- շատ զարմացավ ավելի երիտասարդը։

– Այ խնամի, неужели էդքան միամիտ ես…

Հնդկաստանի թշնամին Պակիստա՞նը չի… Էդ մոջահեդները որ Ադրբեջանի կողմից մեր դեմ կռվում էին, որտեղի՞ց… Ո՞վ էր սովորեցնում… Բա, խնամի ջան, էս կողմերում մեր դաշնակիցը Հնդկաստանն ա ու որ ատոմային ռումբ ունենա, մեզ վնաս չի… Մի երկու հատ իրան կտանք, մի երկու հատ մեր տեղը կփորձարկի։

– Ուզում ես ասել՝ այն, որ փորձարկեցին, մե՞րն էր։

– Բա չէ, պապունս… Հետո ես չեմ ասում, է, Օսկանյանն ա ասում, Օսկանյանը…

– Օսկանյանը ե՞րբ է նման բան ասել։

– Իյա, խնամի ջան, էդքան միամի՞տ ես, բա ի՞նչ սրտով էր Ռուսաստանին, Ամերիկային ու Ֆրանսիային հաթաթա տալիս։

– Հաթաթա՞…

– Բա՜… Բա որ ասում էր՝ Ղարաբաղի հարցը արդար չլուծեք, ես կլուծեմ՝ Ղարաբաղը կմիացնեմ Հայաստանին, կսարքեմ սովորական մարզ, ո՞ւմ էր ասում…

Էդ ո՞վ պիտի արդար լուծի, թե ոչ եռանախագահություն կոչված էդ զահրումարը… Էդ զահրումարը Ամերիկան, Ռուսաստանը, Ֆրանսիան չե՞ն։

– Որքան գիտեմ, Օսկանյանի հայտարարությանը եռանախագահությունը խիստ բացասական գնահատական տվեց։

– Հետո՞ ինչ… Ֆրանսիայի դեսպանին չասի՞ն չափդ ճանաչի, սուս կաց, ու հիմա սուս ա արել։ Համ էլ ֆրանսիացիք որ Եղեռնը ընդունեցին, ինչի՞ մինչեւ հիմի չէին ընդունում։

– Հա՞…

– Բա՜… Թե ես ու դու միամիտ ենք, ամերիկաներում կրթված Օսկանյանը հո միամիտ չի… Հո առյուծի կաթ չէ՞ր կերել, որ ըտենց հայտարարություն արեց… Ընենց որ, խնամի ջան, եռանախագահությանը վախեցնելու համար как минимум իրեք հատ մեծ ռումբ ունենք… Մի հատ Թուրքիայի սանձը քաշելու համար պահած կըլնենք, մի քանի հատ էլ՝ մնացած աշխարհի… Ընենց որ, խնամի ջան, как минимум 7-8 հատ ունենք։ Բայց ով գիտի, որ Օսկանյանի դուխին ես նայում, կարող ա եւ 27 հատ ըլնի, բա՞…

– Որ այդքան քաջ էր, Տեր-Պետրոսյանի օրոք ինչո՞ւ էր լռում։ Այդ 27 ռումբն էլ Տեր-Պետրոսյանից հետո՞ պատրաստեցին,և տարակուսեց ավելի երիտասարդը։

– Ուզում ես ասես՝ էս մի քանի ամսում էդքան ռումբ չէի՞ն կարա սարքեն… Ո՞վ ասեց, որ մի քանի ամսում են սարքել, խնամի ջան։ Վազգեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանից գաղտնի ա սարքել, բա՞… Գրաչովի օգնությամբ… Դրա համար էլ Վազգենն էդքան դուխով էր, Լեւոնը՝ էդքան անդուխ։

– Ապա ինչո՞ւ էր նրանից գաղտնի պահում,- չէր հանձնվում ավելի երիտասարդը։

– Պարզ չի՞… Որովհետեւ Լեւոնը չէր թողում, ասում էր՝ մենք սովորական ժողովուրդ ենք, ոչ մեկից ոչ լավը, ոչ վատը… Բա որ ատոմային ռումբ սարքեինք, էլ ո՞նց ըտենց կլնեինք։

– Հա՞…

– Բա՞… Գիտե՞ս Լեւոնը ինչի հրաժարական տվեց… Իմացավ, որ ատոմային ռումբ ունենք, ու իրանից գաղտնի են պահել, նեղացավ… Նեղացավ, որ даже Օսկանյանին ասել են, իրան՝ չէ։

– Օսկանյանի՞ն…

– Հա, ես դրա ցավը տանեմ։ Բա որ Օսկանյանը Ռուսաստանին, Ամերիկային, Ֆրանսիային հաթաթա չտար, մենք որտեղի՞ց իմանայինք։ Зато հիմա հանգիստ քնում ենք։ Ոչինչ, որ հազիվ ենք ծերը ծերին հասցնում, սոված կոտորվում ենք, зато ատոմային ռումբ ունենք, բա՞…

Թե հետո ինչ հունով ընթացավ զրույցը, չգիտեմ, որովհետեւ տեղ հասա ու իջա երթուղային տաքսուց։ Ներող լինես, հարգարժան իշխանություն, պատվարժան պարոն Օսկանյան, քայլում ու մտածում էի՝ ատոմային ռումբ ունե՞նք, թե՞ ոչ… Եթե չունենք, պարոն Օսկանյանն ի՞նչ սրտով էր նման հայտարարություն անում, եթե ունենք… Ունենք ու պետական գաղտնի՞ք է… Չէ, դուք այդքան միամիտ չեք, որ պետական գաղտնիքը հասարակական տրանսպորտով երթեւեկողին հասու անեք։ Միայն ուզում եմ հաստատ գիտենաք, հարգարժան իշխանություն, պատվարժան պարոն Օսկանյան, որ ժողովուրդն էլ միամիտ չէ, ու մինչեւ հայտարարություն անելը մի լավ կշռադատեք՝ գուցե գլխի՞ ընկնի։

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել