«Այսօր է, չէ՞, լրանում Ձեր պաշտոնավարման 100-րդ օրը»,- «Առավոտի» այս հարցին հանրապետության նախագահը պատասխանեց. «Ես չգիտեմ։ Երբեք չեմ նստել ու հաշվել»։
Մնացածներիս հոգին կերան այս 100 օրով՝ գնահատականներ, վերլուծություններ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ նորօրյա «ճակատագրական» օրն անցկացրեց խիստ թեթեւ ծրագրով՝ այցելեց «Կապուտակ Սեւան» հանգստյան տուն, որտեղ հանգրվանել էր հաշմանդամների «Փյունիկ» միությունը, այնուհետեւ Արտաշատում մասնակցեց Վարդավառի տոնակատարությանը։
Հագուստով դիմավորում են
Նախագահի աշխատակազմի անդամներից մեկը պատմեց. «Գրիշայի հետ (նախագահի անվտանգության վարչության պետն է.- Ա. Ի.) մի մարդ էր բարձրանում, ինձ ասաց՝ «Ինչո՞ւ չես լողանում»։ Ձայնից ճանաչեցի, որ Ռոբերտ Քոչարյանն է»։ Այս պատմության լիակատար արժանահավատության մեջ համոզվեցինք, երբ տեսանք, թե ինչպես էին անճանաչելիության աստիճան փոխել նախագահին սեւ ակնոցը եւ գլխարկը։ Իսկ սույն աշխատակիցը, ի լրումն, Քոչարյանին նաեւ շորտերով էր տեսել։ Գլխարկի վրա էլ Վերսաչիի տարբերանշանն էր, բայց երբ նախագահից հետաքրքրվեցինք, թե դա իրոք կուտյուրեի արտադրանքն է, ձեռքը թափ տվեց. «Այ, չգիտեմ։ Ես ֆիրմաներից բան չեմ հասկանում»։ Ի դեպ, տեղեկացա, որ նախագահի աշխատակազմի ղեկավարն արգելել է Ռոբերտ Քոչարյանին առանձնասենյակ մտնել առանց փողկապի։ Տեսնես նախագահին երեկ նման «ազատ» հագուկապով թույլ կտայի՞ն իր սենյակը մտնել։
Կարդացեք նաև
«Նախագահը որ Սեւան չգար՝ մենք լողացողը չէինք»
Հիմա կասեք, բուն նյութի փոխարեն նախագահի շորերից եմ պատմում։ Իսկ առանձնապես լուրջ-լուրջ պատմելու բան էլ չկա։ Դե, մի տարի առաջ էլ էր Ռոբերտ Քոչարյանը «Փյունիկի» հետ հանդիպել։ Հիմա էլ Սեւանում նրանց «բազավորվելու» առաջին օրը հյուր եկավ նրանց, տրամադրությունները հարցրեց։ Հավաստիացավ, որ իրենց նախկին պայմանավորվածություններն ուժի մեջ են։ Պայմանավորվեց հետագա անելիքների մասին։ Նրանց համերգը լսեց, հետները շուրջպար բռնեց, առագաստանավով զբոսնեց, Բելա Քոչարյանն էլ պարեց աղջկա եւ որդու հետ, ինչ-որ գնդերով խաղ խաղաց։ Իսկ լրագրողներն էլ այս անակնկալ հանգստի հնարավորությունն օգտագործելով մի կո՜ւշտ լողացան, ջրային հեծանիվ քշեցին, արեւահարվեցին։
«Սրանից հետո ինչ ուզենանք, որ լինի՝ «Առավոտին» կասենք»
Սա «Արմենպրեսի» թղթակցուհին ասաց, նկատի առնելով այն, որ հենց մեր թերթի միջոցով տրված խոստման շնորհիվ էր, որ նախագահի զբոսանավով Սեւանում շրջելու պատեհությունն ունեցանք։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն ընդվզեց, երբ Արձինբայի նվիրած այդ զբոսանավն իրենն անվանեցինք. «Իմը չէ։ Հանրապետության սեփականությունն է։ Օրենքով ես պարտավոր եմ նման նվերները մուտքագրել, որը եւ արել եմ։ Եվ եթե հեղաշրջում լինի, որի մասին այդքան խոսում եք՝ այն կանցնի մյուս նախագահին»։ Ծաղկաձորում «Միլլեր» ֆիրման Ռոբերտ Քոչարյանին հեծանիվ էր նվիրել, չէ՞։ Ահա այդ հեծանիվը նախագահն էլ իր հերթին վերանվիրել է «Զատիկ» մանկատանը։ Իսկ այս մի նվերի վերաբերյալ «զբոսանավ» անվանումը խիստ վերամբարձ էր հնչում։
Գեղեցիկ մոտորանավակ է, որը սլանում էր 120 կմ/ժ արագությամբ։ Այնպես որ, երբ պրն Քոչարյանն իրեն շատ սուր հարցեր տված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին իր հերթին հարցրեց. «Դուք բոլո՞ր հարցերի նկատմամբ եք այդպես բացասաբար տրամադրված, թե հաճելի բաներ էլ կան», Արմեն Դուլյանը պատասխանեց. «Դե, օրինակ, Ձեր զբոսանավն ինձ շատ դուր եկավ»։
Հիմնական աշխատանքից չկտրվելով
Չէին հանգստանում միայն ազգային հեռուստաընկերության երիտասարդ ղեկավարները, որոնք հենց այդտեղ Ռոբերտ Քոչարյանի հետ ֆիլմի համար հարցազրույց արեցին։ «Կապուտակ Սեւանի» տնօրենն ափին կանգնած՝ մատը շուրթերին տանելով լռության նշաններ էր անում, որ նավակների շարժիչները չաշխատեցնեն, ուժգին չթիավարեն։ Ոչ մի կերպ չկարողացան լռեցնել մի պուդել շան, որն այդ պատմական պահը որոշել էր գեղեցկացնել իր հաչոցով։ «Առանց քեզ էլ հաչողները շատ են»,- նետեց ներկաներից մեկը։ Խեղճ շանը քիչ էր մնում Մումուի անփառունակ ճակատագրին արժանացնեին՝ ձայնային «ֆոնը» փչացնելու համար։ Այլ լրագրողներս էլ, որ մասնագիտական արդարացում ունենա մեր՝ իշխանությանը «մոտ» լողալը, մի 40 րոպե հարցերով չարչարեցինք պրն Քոչարյանին (տես այստեղ)։ Հարցազրույցի ավարտից հետո նախագահը սկսեց արդարանալ. «Ոչ մեկի անունը չտվեցի. էլ չես կարող վաղը գնալ ասել՝ «Ռոբերտ Քոչարյանը Ձեր մասին այսպիսի բաներ է ասել՝ ի՞նչ կպատասխանեք»։
Այլընտրանք «Գասպարավարի» լողին. «Վազգենավարի»
«Կապուտակ Սեւանի» տնօրենը պատմեց, որ անցած տարի Վազգեն Սարգսյանը Տրետյակովի հետ լողալով հասել էր թերակղզի։
Ավելի ուշ, երբ Արտաշատում Վարդավառի տոնակատարության ժամանակ հանդիպեցինք պաշտպանության նախարարին՝ փորձեցինք ճշտել այդ լուրի իսկությունը։ Հաստատեց. «Ես լողալուց չեմ հոգնում։ Լողացել ենք պերմանենտ։ Մի տեղ (առանց ջրից դուրս գալու) խմել ենք 100 գրամ կոնյակ ու մի կտոր շոկոլադ կերել։ Թերակղզի լողալով հասանք 3 ժամ 50 րոպեում։
Կարող ենք այս տարի էլ նույնը կրկնել, եթե լրագրող ձեր բոլոր քույր-եղբայրներով հավաքվեք, կանգնեք այնտեղ»։
Նավից տոնահանդես
Երբեք չեմ ների Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին։ Իբր լավություն արեց՝ տեղ ազատեց, զոռով բերեց Արտաշատ, նստեցրեց ղեկավարների հետ առաջին շարքում. «Որ «Առավոտն» իմ մասին լավ գրի»։ Այսպես ես ու «Արմենպրեսի» թղթակից Թամար Սարգսյանը «կրակի գծում» հայտնվեցինք։ Ճիշտ է, առաջին անգամ առիթ ունեցա մոտիկից լսել, թե «մեծավորներն» ինչպես են արձագանքում հանդիսությանը։ Ասենք, հանդիսավարն ազդարարեց, թե ելույթ կունենա Արարատյան «թիմի» առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ու նրա խոսքն ուշադիր լսելուց հետո նույն Սուրեն Աբրահամյանն` իբրեւ ֆուտբոլի ֆեդերացիայի իսկական նախագահ, մտահոգ նկատեց. «Սաստավը տենց էլ չասեց»։ Վազգեն Սարգսյանը հայտնագործեց, թե Վարդավառի բեմադրության մեջ պապի դերակատարը Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է։ Լրագրողներիս էլ առաջարկեց. «Գրեք, որ սա պրոտեկցիոնիզմ է։ Իր պապին բերել է, որ էդ բիձա մարդը հեշտ ու հանգիստ աղջիկներին ձեռ տա»։
Ի դեպ, հայտնագործեցինք, որ պաշտպանության նախարարը «Ակունք» խմբի երգացանկն իրենցից վատ չգիտի, ու նրանց հետ հավասար երգում էր։ Երբ աղջիկները սկսեցին վիճակ հանել՝ Ռոբերտ Քոչարյանն արձանագրեց. «Էս լատարեյը միշտ շահում է»։
Արարատի մարզպետը ջրեց երկրի գրեթե բոլոր ղեկավարներին
Հանդիսության գագաթնակետը, բնականաբար, ջրով ցողելու արարողությունն էր։ Հերիք չէ՝ մարզադաշտում հավաքվածներն էին փորձում մի-մի դույլ ջուր լցնել ազգընտիր իշխանավորների վրա, ու առաջին շարքում թյուրիմացաբար հայտնված լրագրողներիս էլ լիուլի բաժին հասավ, դեռ ներկա պաշտոնյաներից ում դեմ «Առավոտն» ինչ գրել էր՝ «մուռն» ինձնից հանեցին։ Առաջինը մեզ վրա ջուր լցրեց Վազգեն Սարգսյանը, որին ի պատասխան, երբ խեղճ ու կրակ մի շիշ հանքային ջուր դատարկեցի վրան (մի մասն էլ՝ Արմեն Դարբինյանի ու Քոչարյանի), նրա համհարզը՝ Մովսեսը, հա՛ վրաս սառը ջուր էր լցնում. «Բանակի հետ հանաք չեն անում։ Պաշտպանության նախարարի դեմ ոտնձգություն ես արել»։ Բայց կարող էր, չէ՞, նաեւ գնդակահարել։ Սաղ հեչ՝ բայց ո՜նց էր Արտաշատի հասարակայնությունը գոռում ու ծափահարում իր պատվավոր քաղաքացի Վազգեն Սարգսյանին ջրելու ընթացքում։
Իսկ Դավիթ Զադոյանն արձանագրեց. «Երբեք Վազգենին այսպես «խեղճացած» չէի տեսել»։ Չեմ կարող վերջում չնշել նաեւ Տավուշի մարզպետ Պավել Ասատրյանի ազնիվ արարքը, որը հակառակ «Առավոտից» նույնպես «մուռը հանելու» Վազգեն Սարգսյանի հորդորների՝ իր բաժին հանքային ջուրը խելոք խմեց։ «Տես, ի՜նչ մարզպետ եմ նշանակել»,- տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանի այս խոսքերն այնուամենայնիվ վերաբերում էին Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանին, որին հաջողվեց այդ օրը ջուր լցնել երկրորդ եւ չորրորդ իշխանության ներկայացուցիչների գլխին։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Այս ամենի մասին «Առավոտի» լուսանկարչական ռեպորտաժը՝ վաղվա համարում։