Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՏԵՂՈՒՄ. ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ

Հուլիս 21,1998 01:19

Քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակները գոնե գիտեին, որ Հանրապետական կուսակցության եւ երկրապահների համատեղ հայտարարությունը ուշանում է տեխնիկական պատճառներով։

Նախ, որ պաշտպանության նախարարն էր Ֆրանսիայում, ուր ներկա գտնվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին եւ երկրորդ՝ վերադարձից հետո էլ Վազգեն Սարգսյանը Ռուսաստանի պաշտպանության նախարարին հյուրընկալեց։ Եվ ահա «հուլիս 20» թվակիր մի գրությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Երկրապահ կամավորականների միությունը եւ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Մեր երկրի քաղաքական կյանքում տարեսկզբին տեղի ունեցած հայտնի իրադարձություններով եզրափակվեց հետխորհրդային ժամանակահատվածի առաջին շրջանը, որի արդյունքները տարաբնույթ են ու իրարամերժ։

Բազմահազար նվիրյալների զրկանքների ու հերոսացման շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, ստեղծեց ամրակուռ բանակ, կերտեց վերջին հարյուրամյակների իր մեծագույն հաղթանակը՝ ազատագրեց Հայոց միջնաբերդ Արցախը, հակառակորդին պարտադրեց խաղաղություն։ Սակայն տնտեսության քայքայված վիճակը, համընդհանուր գործազրկությունը, բնակչության ճնշող մեծամասնության ծանր սոցիալական դրությունը, անմխիթար բարոյահոգեբանական վիճակը վտանգում են ոչ միայն Արցախի, այլեւ Հայոց պետականության ապագան։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Երկրապահ կամավորականների միությունը, ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Քաղաքական համախմբման նպատակով Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագրի, կազմակերպական, մարտավարական խնդիրների նորացման գործընթաց սկսելու մասին»։ Փաստաթուղթը ստորագրել են ԵԿՄ նախագահ Ալբերտ Բազեյանը, ԵՊԽ նախագահ Սմբատ Այվազյանը եւ ՀԿԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Վերջինս մեր առաջին զրուցակիցն էր։

Որպեսզի հետագայում շփոթ չառաջանա, Անդրանիկ Մարգարյանը հարկ համարեց հենց սկզբից պարզաբանել, որ երկրապահ կամավորականներն ու պատգամավորական խմբի անդամները կմտնեն Հանրապետական կուսակցություն՝ իհարկե, նորացնելով կազմակերպության կանոնադրությունը եւ ծրագիրը համապատասխանեցնելով այսօրվա քաղաքական իրականությանը «Ոչ թե միացում է տեղի ունեցել, այլ՝ Երկրապահ կամավորականների միության «Երկրապահ» պատգամավորական խմբի քաղաքականացված մասի համախմբման համար կատարվել են աշխատանքներ, որը տվեց արդյունքը»։ Դա հայտարարությունն է։ Ստացվում է, որ այսպես թե այնպես «Երկրապահ» կամավորականների միությունը պահպանելու է հասարակական կազմակերպության իր կարգավիճակը։

Ազգային ժողովի բոլոր երկրապահ պատգամավորներն էլ ինքնաբերաբար հանրապետական չեն դառնալու։ Համատեղվող ուժի անդամությունը, ինչպես պարզաբանեց հանրապետական կուսակցության նախագահը, իրականացվելու է այսպես. «Բոլոր ցանկացողների նկատմամբ էլ անհատական մոտեցում է լինելու։ Չի լինի խմբակային միաձուլում կուսակցությանը»։ Բոլոր դեպքերում, Ազգային ժողովում կուսակցական նոր խումբ կազմավորելու նպատակ գոյություն չունի։

Լավ, իսկ ով է ղեկավարելու Հանրապետական կուսակցությունը, երբ նրա շարքերը համալրվում են բարձրաստիճան անձանցով. «Մինչեւ ՀՀԿ համագումարը, հավանաբար, կուսակցության խորհուրդը կհամալրվի Երկրապահ կամավորականների միությունում եւ «Երկրապահ» պատգամավորական խմբում առկա ներուժով»։ Մեր հաջորդ հարցը հանրապետականների առաջնորդին՝ այսպիսին էր. Հայաստանում, ըստ էության, պայմանական հասկացություն է գաղափարական համախմբում ասվածը։ Ավելի շատ անձնական համակրություննե՞րն են ազդեցություն ունենում։ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե անձնական համակրությունները հենց այնպես չեն ձեւավորվում. «Դեռ 80-ականների վերջից մեր կուսակցության եւ երկրապահների ու պաշտպանության նախարարի միջեւ համագործակցության բազմաթիվ դրսեւորումներ են եղել։ Անձնական համակրանքները դրա հետեւանքով են առաջացել։ Դա, իհարկե, իր դերն ունի, բայց հիմնական դեր է խաղում այն, ինչի համար մենք միասին ելել ենք պայքարի։ Պետության ստեղծում, ամրապնդում, Արցախի խնդրի լուծում, բանակի ստեղծում, զարգացում, հզորացում»։

Խնդրո առարկայի շուրջ զրուցելու առիթ ունեցանք նաեւ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանի հետ։ Նրան էլ խնդրեցինք տեսակետ հայտնել, թե ինչպես պիտի իրականացվի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը. «Այդ հարցի պատասխանը կտա Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարը, որն, ամենայն հավանականությամբ տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին»։ Շատ լավ, բայց ինչու «Երկրապահը» ուժերի համատեղումը Հանրապետական կուսակցության, եւ ոչ թե «Արդարություն եւ միասնություն» համագործակցության որեւէ կազմակերպության հետ նպատակահարմար համարեց, որի անդամ է ինքը։ Սմբատ Այվազյանը պարզաբանումների հիմքում դրեց 3 փաստարկ։

Նախ, որ ՀՀԿ-ն ու երկրապահն ունեն գաղափարական մերձավորություն։ Երկրորդը՝ «Պատմականորեն, վերջին 8-10 տարիների ընթացքում երկրապահները շատ ավելի արդյունավետ են համագործակցել ՀՀԿևի հետ»։ Եվ, վերջապես, երրորդը՝ հանրապետականների անցյալն ավելի հոգեհարազատ է երկրապահներին։ Բայց չէ որ երկրապահը կարող էր ինքը կուսակցության վերածվել. «Մենք չենք կարծում, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է մի քանի տասնյակ կամ հարյուրավոր կուսակցությունների միջեւ բաժանվի։ Առջեւում պետք է լինեն մի քանի խոշոր կուսակցություններ եւ հոսանքներ, որոնք իրենց հետեւից կտանեն քաղաքական միտքը եւ կապահովեն զարգացում»։
Այդ է պատճառը, որ «մենք նոր կուսակցություն չստեղծեցինք, այլ ընտրեցինք ՀՀԿ-ն»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031