Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՊԱԳԱ ՀԻՄՆԸ

Հուլիս 21,1998 23:09
Vasak Darbinyan

«1, 2, 3 տարում երկիրն անճանաչելի է դառնալու. սրանում ես համոզված եմ։ Նաեւ տրամադրություններում եմ փոփոխություններ տեսնում. մարդկանց աչքերում ավելի շատ հավատ կա, եւ հույս կա, որ իրենց պրոբլեմները կլուծվեն»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ «ՀՀ», 17 հուլիսի

Մեկ, երկու, երեք տարի հետո, երբ երկիրն այլեւս անճանաչելի դառնա, եւ մարդկանց պրոբլեմները լուծվեն, ազգովի շուրջպար կբռնենք ու կերգենք.
Մեկ-երկու-երեք,
Վերջին շիշը բերեք,
Չորս-հինգ-վեց,
Պրոբլեմը լուծվեց,
Յոթ-ութ-ինը,
Էս էր երկրի գինը,
Ութ-ինը-տասը,
Մնաց Երրորդ մասը…

ՄՏՔԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

«Իշխանությունը կարող է թուլանալ, ուժեղանալ, բայց որ իշխանությունը հիմարանում է, դրանից վտանգավոր բան չկա։ Կարծում եմ, որ այս իշխանությունն արդեն հասել է այդ ստադիային»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ ՀՀՇ վարչության նախագահ «Առավոտ», 17 հուլիսի

«Իշխանությունը կարող է թուլանալ, ուժեղանալ, հիմարանալ մեկ, երկու, երեք անգամ՝ ի դեմս առանձին իշխանավորների, բայց այն չի կարող մշտապես լինել թույլ, ուժեղ կամ հիմար՝ ամբողջ կազմով».և հանրահայտ միտքը այսպես են ձեւափոխել մի խումբ իշխանավորներ՝ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում առարկելով Վանո Սիրադեղյանին։

ՍՈՎՈՐԵՔ ՀԻՆԳ ԲԱՌ, ԵՎ ՇՈՒՌ ԿՏԱՔ ԱՇԽԱՐՀԸ

«Սեփականաշնորհման ամենակոպիտ սխալը համարում եմ անթափանցիկությունը»։

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ «Հայոց աշխարհ», 18 հուլիսի

Ազատ, անկախ, միացյալ, արհեստավարժ, թափանցիկ… Ահա այն մոգական բառերը, որոնք լիովին արտահայտում են ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության ողջ ներկապնակը, սեփականաշնորհման եւ մշակույթի, ընտրությունների եւ կրթության հիմնախնդիրները, շուկայական տնտեսության ձեւավորման եւ վճարովի բժշկության առավելությունները, զբոսաշրջիկության զարգացման եւ ոռոգման ջրի համակարգի բարելավման միտումները, ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերը կարգավորելու եւ դատաիրավական բարեփոխումներն իրականացնելու հնարավորությունները…

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

«-Այս հարյուր օրվա ընթացքում ի՞նչ չարեցիք. ինքնաքննադատության ո՞ր մակարդակում են նախարարն ու նախարարությունը։
-Օ՜, երկար կարելի է թվարկել, թե ինչ չարեցինք։ Շատ բան չարեցինք։ Կարեւորագույն սկզբունքը, որը կար մեր ընտանիքում. միշտ դժգոհ լինել արածից՝ ավելին անելու համար. էլ ի՞նչ չարեցի ու արածն ինչպես կարելի էր ավելի կատարյալ անել։ Համարում եմ, որ այն, ինչ արեցինք, կարող էր ավելի լավ լինել»։

Արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հարցազրույցից «ՀՀ», 18 հուլիսի

Առնվազն միամիտներն են, որ վերցնում եւ սկսում են ինչևոր լավ բաներ անել։ Չէ՞ որ այդ դեպքում նրանք այլեւս ի վիճակի չեն լինի ավելի լավ բան անել, քան այն, ինչ արդեն արել են։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031