Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի համալրման նոր ձեւը

Հուլիս 21,1998 22:54

Վերջին ամիսներին մեր իրավապահ մարմինները նոր խոսք են ասում համաշխարհային իրավաբանական պրակտիկայում: Հանցագործությունը բացահայտելուց հետո նրանք ոչ թե գործը ուղարկում են դատարան, ինչպես դա ընդունված է մնացած աշխարհում, այլ բանակցությունների մեջ են մտնում ենթադրյալ հանցագործների հետ, պահանջելով նրանցից պետական բյուջե մուծել այս կամ այն գումարը: Ընդ որում, դա արվում է հրապարակավ եւ անթաքույց:
Օրինակ. իր վերջին ասուլիսներից մեկում դատախազ Հենրիկ Խաչատրյանը լրագրողներին ասաց, թե Նկարիչների միության նախագահ, ինչ-ինչ մեքենայությունների համար ձերբակալված արվեստաբան Պողոս Հայթայանից պետությունը պահանջել է 20 հազար դոլար: Այդ գումարը վերջինս, հավանաբար, վերադարձրեց պետությանը եւ դուրս եկավ բանտից: Իհարկե, նախանձել կարելի է այն արվեստաբանին, որն իր տան գրասեղանի պահարանում 20 հազար դոլար ունի կամ գուցե մի քանի կոպեկ էլ ավելի: Հաշվի առնելով, որ մենք բազմադարյա մշակույթ ունեցող ազգ ենք, պետք է ենթադրել, որ մեր բոլոր արվեստաբանները հենց այդպես էլ ապրում են:
Իսկ քանի որ քրիստոնեությունը, որպես պետական կրոն, մենք ընդունել ենք 1700 տարի առաջ, հոգեւորականների մասին խոսելն ավելորդ է: Նույն պաշտոնական աղբյուրների համաձայն, մեկ միլիոն դոլար հափշտակության գործով մեղսակից համարվող Ասողիկ եպիսկոպոսից պահանջեցին 120 հազար դոլար: Դրա մասին բացեիբաց «Արմենպրեսի» թղթակցին ասաց Մայր աթոռի դիվանապետ Ներսես արք. Պոզապալյանը: Դե պարզ է. ծնունդ է, կնունք է, մի տասը տարի «Ալելուա» ասելով 120 հազար դոլար չես աշխատի, որ վտանգի դեպքում կարողանաս վճարել հայրենի պետությանդ: Սրբազանը հո համալսարանի պրոֆեսոր չէ, որ ամիսը 50 դոլար աշխատավարձ ստանա:
Եթե հանցագործը ներկա կամ նախկին նախարար է, ապա հարցը, ինքնին հասկանալի է, ինչ-որ 100 հազարով չի սահմանափակվի: Այս դեպքում մեր իրավապահ մարմիններին առաջարկում ենք «ոսկե հատման»՝ 1/3-ի սկզբունքը. օրինակ, գողացել ես 10 միլիոն՝ վերադարձրու 7-ը, մնացածը թող թոռներիդ եւ ծոռներիդ, ինքդ էլ մինչեւ կյանքիդ վերջը կարող ես քեֆ անել:
Արդարության վերականգնման այս յուրահատուկ մեխանիզմը հիրավի հանճարեղ է իր արդյունավետությամբ՝ բյուջեն լցվում է, քաղաքական հետապնդումների մեղադրանքը բացառվում է, իսկ հանցագործները գոհ են ու շնորհակալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031