Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՇԱԿԵՍՑՈՒՔ ԶԿԵՐԱԿՈՒՐՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՄԲ

Հուլիս 18,1998 00:00
komitas Vardapet Hovnanyan

Այն բանում, որ Գերմանիո Հայոց թեմի Քյոլնի համայնքի հոգեւոր հովիվ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Առավոտի» խմբագրություն էր եկել, անսովոր ոչինչ չկար։ Լինելով ծնունդով երեւանցի, հայր սուրբը ամառային այս օրերին կրկին հայրենիքում է։ Սակայն խմբագրություն գալու նպատակը ավելի կոնկրետ էր։ Ամիսներ առաջ մեր մի հրապարակման մեջ («Եկեղեցու աշխարհիկ հոգսերը», «Առավոտ», 27.05. 98) պատմել էինք այն մասին, թե ինչպես վարդապետին, թեմական կանոնադրությունը խախտելու համար, զրկել էին պաշտոնավարելու իրավունքից եւ, իբրեւ կատարվածի բացատրություն, որոշ բարձրաստիճան հոգեւորականներ պնդում էին, թե վտարման շարժառիթը եղել է Քյոլնի ռեստորաններից մեկի գործունեությանը վարդապետի մասնակցությունը։ Հայր սուրբն այսօր պնդում է, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը եւ ինքն ունի կատարվածի իր բացատրությունը։ Մենք սիրով լսեցինք նրան՝ փորձելով ոչ միայն պարզել իսկությունը, այլեւ վերջինիս ասվածում եղած նոր փաստերի առնչությամբ գտնել դեպքերի տրամաբանությունը։

– Գերմանահայոց թեմում տեղի ունեցածի մասին ասեմ, որ առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանի հետ անհասկացողություններ ունեինք,- ասաց Կոմիտաս վարդապետը։

– Տեսակետների տարբերություն կար, թե ինչպես կարելի է համայնքային կյանքը կազմակերպել։ Ես այն կարծիքին էի, որ եթե խոսքը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, այն պետք է ունենա իր տարեկան հստակեցված ծրագիրը, որովհետեւ մեր եկեղեցին Սփյուռքում միայն ծիսակատար չէ, ինչպես ճակատագիրը մեզ պարգեւել է։ Այն քարոզչական աշխատանքը, որ անում են ավետարանչականները, դժբախտաբար մեր եկեղեցում շատ զարգացած չէ։ Այս տեսակետների տարբերությունները պատճառ հանդիսացան առաջնորդի հետ անհասկացողության, որը, սակայն, ժամանակի հետ իր լուծումը գտավ։ Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մենք նորից համատեղ մեր ծրագրերն ենք իրականացնում։

– Որքա՞ն ժամանակ զրկվեցիք պաշտոնավարելու իրավունքից։

– Մարտի 18-ից՝ հուլիսի սկզբները։ Այդ ընթացքում զբաղվում էի Աստվածաշնչյան ուսումնասիրություններով։ Առաջնորդից բացի, թեմում, անշուշտ, կային մարդիկ, որոնք իմ հայացքները չէին կիսում։ Բոլոր դեպքերում, ճակատ չի կազմվել։ Պարզապես ես փորձեցի մի քիչ համառել։

– Եկեղեցու կանոնադրությունը թո՞ւյլ է տալիս հոգեւորականին տեսական տարաձայնությունների պատճառով դադարեցնել իր ծառայությունը մի քանի ամիս։

– Ոչ թե ես եմ դադարեցրել, այլ թեմական խորհուրդն այդպես որոշեց։ Եվ քանի որ խորհրդի կազմում աշխարհականներն ավելի շատ էին, նրանք հարցին այլ կերպ էին մոտենում։

– Ինչո՞ւ խորհուրդը ոչ թե վտարեց Ձեզ կամ կոմպրոմիսի գնաց, այլ նման որոշում կայացրեց։

– Դժվար է ասել, բայց դա թեմից ներս Գերագույն մարմնի որոշում էր հանդիսանում, իսկ ես, իբրեւ պատկան անձ, կարող էի միայն ենթարկվել եւ ուրիշ ոչինչ։ Կատարվածի մասին առաջնորդը զեկուցել էր կաթողիկոսին ավելի ուշ։ Բայց թերեւս նրա առողջական վիճակը ժամանակ կամ հնարավորություն չտվեց անդրադառնալ խնդրին։ Կարծում եմ, վերադառնալուց հետո գուցե անդրադառնա, թեեւ հարցն այլեւս ակտուալ չէ։ Ժամանակը խնդիրները հարթեց։

– Ինչո՞ւ հատկապես Ձեր անունը կապվեց ռեստորանային պատմության հետ։

– Որովհետեւ ռեստորանը գտնվում է իմ ապրած քաղաքում, եւ այնտեղ տարիներ առաջ աշխատեց քույրս։ Այսօր եղբորս աղջիկն է աշխատում։ Նրանց ներկայությունը ինձ երբեմն հնարավորություն էր ընձեռում առանց որեւէ նյութականի ընթրելու, ճաշելու։ Ռեստորանը տնօրինում են բնիկ գերմանացիները՝ Մյուլլերների ընտանիքը (Կոմիտաս վարդապետը ցույց է տալիս այս փաստը հաստատող սերտիֆիկատը)։ Ռեստորանում մատուցվում են միայն հայկական ճաշատեսակներ։ Իսկ հաստատությունը կոչվում է «Ռադիո Երեւան»։ Կերակրացանկում բոլոր ճաշատեսակները հայկական անվանումներ ունեն (հայր սուրբն այս անգամ իր թղթերի միջից դա է դուրս բերում եւ ընթերցում առանձին անուններ՝ պանիր-խուրջին, սմբուկ, դդմիկ, հավի կուրծք, Սասունի խորոված եւ այլն)։ Իմ այս կապերը ոմանց կողմից մեկնաբանվեց, թե դա պատկանում է ինձ։

– Մյուլլեր ամուսինների բիզնեսն ընդլայնելու համար Դուք երբեւէ նյութական աջակցություն ցույց տվե՞լ եք։

– Ոչ։ Գերմանացուն ե՞ս պիտի նյութական աջակցություն ցույց տամ։ Նրանք դրա կարիքն անգամ չունեն։ Գերմանիայում այսօր 20-25 հազար հայեր են բնակվում։ Հայկական եկեղեցական կառույց որպես այդպիսին այնտեղ չկա։ Կան համայնքներ։ Կոմիտաս վարդապետի ապրած Էռլանգն քաղաքում ընդամենը 13 հայեր կան, սակայն 20 կմ հեռավորության վրա գտնվող Նյուրնբերգում՝ շուրջ 300-400։ Նա պատասխանատուն է երկրի հարավային երկու նահանգների համար։ Այստեղ է արդեն 11 տարի։

Գերմանիայում լինելով, սիրում ու կարդում է «Առավոտը», բայց իր անձի շուրջ եղած հրապարակումը պիտի որ վրդովեցներ նրան։ Բոլոր դեպքերում, խնդրեցինք մեկնաբանել կատարվածը։ «Յուրաքանչյուր ոք արտահայտում է իր տեսակետը՝ ոչ միշտ հենվելով ճշմարտության վրա։ Եթե միայն ճշմարտությունը հիմք ունենալով շարժվեինք, թերեւս կյանքում այսքան դժբախտություններ չունենայինք»։ Հայր սուրբին ընձեռելով արտահայտվելու իրավունք՝ մենք ինքներս էլ օգտվենք այդ հնարավորությունից՝ ասելու բաներ, որոնք առնչվում են այս պատմությանը։

Մեր զրույցի ընթացքում Կոմիտաս վարդապետն անընդհատ ոգեւորված պատմում էր ռեստորանում իր ծավալած գործունեության մասին, թե ինչպես է այն վերածել պատկերասրահի, ուր ցուցադրվում են նշանավոր նկարիչների կտավները, թե ինչպես է կազմել հայոց պատմությունը ներկայացնող տեղեկագրեր, որ բաժանվեն հաճախորդներին։ Եվ, ի վերջո, նրա այն միտքը, թե այսպես ամրապնդվում են հայ-գերմանական կապերը, փոքր-ինչ անսովոր է հնչում։ Գուցե պատճառն այն է, որ սովոր չենք ժողովուրդների կապերի ամրապնդումը պատկերացնել ռեստորանային միջավայրերում։ Դրա փոխարեն մեր այն հարցին, թե հայ եկեղեցին ի՞նչ արեց Գերմանիայում ապաստանած հազարավոր փախստականների հոգսերը մեղմելու ուղղությամբ, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը պատասխանեց. «Մենք նման խնդիրներով չենք զբաղվում»։

Իսկ մենք՝ հայաստանցիներս, ցավոք, դեռ զբաղվում ենք։ Այդ իսկ պատճառով էլ երբեմն ասում ենք միեւնույն բանը, սակայն հասկանում տարբեր կերպ։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031