Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շուկա ծախեմ դոլարով»

Հուլիս 18,1998 00:00
pak shuka

Հերթը հասավ շուկաները ծախելուն։ Ընդ որում՝ աճուրդով։ Շուկան էլ հո կոնյակի գործարան չի՝ միանգամից ծախեն… Ծածկած շուկայի մեկնարկային գինը նշանակվել է 3,5 մլն դոլար, ԳՈՒՄ-ի շուկայինը՝ 5 մլն դոլար։ Հավանաբար՝ «թանկից էժանը չկա» տրամաբանությամբ։

Որեւէ ձեռնարկություն սեփականաշնորհելիս, մանավանդ, եթե նոր տերերն արտասահմանցիներ են, Հայաստանի կառավարությունը նախընտրում է սեփականաշնորհվելիք ձեռնարկության դիմաց ստանալ նվազագույն արժեքը։ Կարեւորը տերն օտարերկրացի է եւ ի՞նչ իմանաս, մի գեղեցիկ օր էլ այլ ինվեստորների կբերի Հայաստան։ Աչքներս ինվեստիցիաների ճամփին էր, երբ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի համարներից մեկում տպագրվեց Երեւանի թիվ մեկ (Ծածկած) եւ թիվ երկու (ԳՈՒՄ-ի) տնտեսական շուկաները աճուրդով վաճառելու հայտարարությունը (մյուս յոթի հերթն էլ կգա)։ ՀՀ սեփականաշնորհման նախարարությունն էլ «կրակել» է ելակետային թվերը, որոնք նշված են նախաբանում։ Նման գներն այնքան էլ տրամաբանական չեն, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ծածկած շուկան կապիտալ վերանորոգման կարիք ունի եւ իրենից ճարտարապետական արժեք այնքան էլ չի ներկայացնում։ Նույնը՝ նաեւ ԳՈՒՄ-ի շուկան։

Այս կառույցները սեփականաշնորհելու գաղափարը ծնվել է Հայկոոպում՝ կառավարության համաձայնությամբ։ Շուկաների տնօրեններն աճուրդի մասին իմացել են միայն թերթից։ Սեփականաշնորհման լուրը գաղտնի է պահվել շատ տրամաբանական պատճառաբանությամբ. միեւնույն է՝ կոլեկտիվն ի վիճակի չէ այն գնելու։ Եվ առհասարակ, Հայաստանում դժվար գտնվի խելքը գլխին մի բիզնեսմեն, որ այդ շուկաների համար նման փողեր վճարի, քանի որ դրանց գինը, ըստ հաշվարկների, ընդամենը 500 հազար դոլար է։ 3,5 եւ 5 միլիոնը Հայկոոպն այսպես է հաշվարկել. գրությունով դիմել է Սեփականաշնորհման նախարարություն՝ խնդրելով որոշել գնահատման ձեւը (գնահատման չափանիշները տարբեր են)։ Ընտրվել է «ամենաթանկ» ձեւը։ Ըստ տրամաբանության օրենքների, եթե նշանակվել է այսքան բարձր գին, ուրեմն եղել է համոզմունք, որ այս գնով շուկաներն անպայման կվաճառվեն։ Սակայն շուկաների կոլեկտիվներն ունեն այն մտավախությունը, որ տարածքը սեփականաշնորհվելուց հետո չի գործածվի որպես տնտեսական շուկա. կփոխարինի կա՛մ կազինոն, կա՛մ հսկայական մարկետը։ Իսկ իրենք կմնան «զա բորտոմ»։

Հակառակը լինել չի կարող. ասենք՝ թիվ մեկ շուկան, որն ունի 700 աշխատատեղ, ամսական ստանում է այն եկամուտը, որ անգամ եթե 3,5 մլն դոլար տա եւ գնի շուկան, անգամ չվճարի հարկերը, մի 15-18 տարի անց նոր այդ գումարը կվերադարձվի։ Շուկաները սեփականաշնորհելու որոշումը Հայկոոպն ընդունել է իր համագումարում, թեեւ շուկաների ընկերության բոլոր ներկայացուցիչները դեմ են քվեարկել։ Շուկաները պարտաճանաչ հարկատուներ են։ Պետության գանձարան են մուծում ամսական 1 մլն 200 հազար դրամ (հաստատագրված վճարով)։ Տնտեսական շուկաների օտարման որոշման դեմ ըմբոստացել են բոլոր 9 շուկաների տնօրենները. նրանք պատրաստվում են Հայկոոպին դատի տալ։ Առայժմ միայն գրություն են ուղարկել Հայկոոպ եւ գրության պատասխանից հետո նոր միայն պարզ կդառնա. կա՛մ որոշումը չեղյալ կհամարվի, կա՛մ այն կվիճարկվի արդեն դատարանում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Հայկոոպն էլ, թերեւս, շուկաները սեփականաշնորհելու իր արդարացումն ունի. ի վերջո, որտեղի՞ց պետք է վճարի կառավարության պահանջած գինը՝ բյուջեն արագ եւ շատ լցնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031