Հուլիսի 15-ին տեղի ունեցած ավտոճանապարհային վթարը մեկ անգամ եւս հաստատում է, որ պետությունը, ավելի ճիշտ՝ պետական այրերը, պետք է, այնուամենայնիվ, պատասխանատվություն վերցնեն իրենց վրա՝ մեր հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքի որոշ բնագավառներ կանոնակարգելու, վերահսկելի հունի մեջ դնելու համար։
Հիշեցնենք վթարի որոշ մանրամասներ։ «Մասիվից» իջնող սեփական ԿաՎԶ մակնիշի ավտոբուսի արգելակները «շրջանայինի» մոտ «ատկազ» են անում, ու տուժում են 30 քաղաքացիներ, որոնցից մեկը մահանում է տեղում, երեքը հիվանդանոց են տեղափոխվում կրիտիկական վիճակում։ Վնասվում են շուրջ մեկ տասնյակ այլ մեքենաներ։
Նույն օրը, երեկոյան «Լրաբեր»-ը հայտնեց, որ այսուհետեւ կխստացվի մարդատար փոխադրամիջոցների արտոնագրման գործընթացը։ Սակայն եթե կան զոհեր, մեղք է մեղավորներ չփնտրելը։ Այսպիսով, ԿաՎԶ ավտոբուսի խափանման պատճառ կարող էր լինել արգելակների՝ երկարատեւ շահագործման հետ կապված մաշվածությունը, կամ էլ՝ արգելակային հեղուկի վատորակության հետ կապված «սրընթաց» մաշումը։ Հնարավոր է նաեւ այլ տարբերակ. արգելակները խափանվել են վարորդի կամ «արհեստավորի» կիսատ-պռատ վերանորոգումից հետո։
«Երկարատեւ մաշվածության» եւ «վերանորոգման» վարկածները ինչ-որ չափով նման են իրար. ավտոբուսի տերը չի ցանկացել վերանորոգելու կամ կարգին վերանորոգելու վրա «ավելորդ» փող ծախսել։ Մյուս կողմից էլ հետաքրքրական է ՝ ուղեւոր փոխադրելու արտոնագիր չունեցող ավտոբուսը 1998-ին տեխնիկական զննման ենթարկվե՞լ է, թե ոչ։ Եթե այո, ապա ստուգվե՞լ է արդյոք մեքենայի արգելակման համակարգը՝ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով սահմանված կանոնակարգի համապատասխան:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «արհեստավորներին», երեւի թե նրանց գործունեությունը՝ որակի առումով, պետք է վերահսկվեր։ Վերջիվերջո կարելի է, չէ՞, գտնել արհեստավարժ մարդկանց, որոնցից կազմված հանձնաժողովը (ասենք՝ տրանսպորտի նախարարության կառույցում գործող) որոշեր, թե ում կարելի է տալ ատոմեքենա վերանորոգելու իրավունքը հավաստիացնող արտոնագիր։ Կեղծ արգելակային հեղուկների վաճառքի մասին վաղուց է խոսվում եւ գրվում։ Տնայնագործական հեղուկն սկսում է եռալ ավելի ցածր ջերմության պայմաններում, քան ստանդարտներին համապատասխանողը, եւ նպաստում է արգելակային համակարգի ռետինե եւ մետաղյա դետալների արագընթաց քայքայմանը։ Գրվել է նաեւ այն մասին, թե պիտակների եւ հեղուկի գույնի եւ կազմության միջոցով գործարանային շիշը կամ ֆլակոնը ինչպես տարբերել տնայնագործականից։ Բայց հո բոլոր վարորդները թերթ չե՞ն կարդում։ Կամ էլ կուլ են տալիս կեղծվածի էժանության խայծը։
Երեւի թէ դժվար չէ նաեւ հայտնաբերել կեղծ արգելակային հեղուկ լցնող արտադրամասերը ու փակել դրանք։ Իսկ արտասահմանից դրանց մուտքը պետք է որ անհնարին լինի՝ մաքսակետերում պատշաճ հսկողության առկայության դեպքում. արգելակային հեղուկները, կառավարության որոշման համաձայն, ընդգրկված են պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկի մեջ: Ինչեւէ։ Պարզից պարզ է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը քանի գնում՝ ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում. ով ինչպես ուզում՝ դասավորում է ավտոբուսի ու երթուղային ավտոբուսի նստատեղերը, ով որտեղ ուզում՝ ուղեւոր է վերցնում ու իջեցնում, ով ինչպես ուզում՝ փոխում է երթուղին, էլ չասենք՝ չփակվող-չբացվող լուսամուտ ու դռների եւ այն մասին, որ աստիճանաբար վերանում է ուղետոմս հասկացությունը։
Ուղեւորների փոխադրման ծառայության եւ ճանապարհային երթեւեկության կանոնակարգմանն այս կամ այն չափով առնչվող պետական կառավարման օղակները, ավելի ճիշտ՝ պետական այրերը կամաց-կամաց մոռանում են, որ ուղեւոր փոխադրելու ծառայությունը՝ շուկայական ազատ տնտեսավարման օբյեկտ լինելով հանդերձ, վերահսկում է պահանջում։ Միայն ճանապարհային գծանշանները թարմացնելով բավարարվելը պարզապես բավարար չէ։
Այնուամենայնիվ, ո՞վ է պատասխան տալու զոհերի ու խեղված կյանքերի համար։ Միայն ԿաՎԶ-ի վարո՞րդը…
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ