Դասականը՝ հունվարից Երեկ տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջին մամլո ասուլիսը։ Մինչ նախաբանին անցնելը, նախարարը խնդրեց լրագրողներին՝ բարի խորհուրդներ տալ ասուլիսի կազմակերպման հարցում. «Որովհետեւ, ի վերջո, պատվիրատուն դուք եք»։ Այնուհետեւ ներածական խոսքում պրն Հարությունյանն անդրադարձավ ընդունված դատավարական օրենսգրքերին՝ քաղաքացիական եւ քրեական, ինչպես նաեւ «Դատարանակազմության մասին», «Փաստաբանական ծառայության մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներին։ «Միաժամանակ ընդունել ենք մի շարք այլ կարեւորագույն օրենքներ, որոնք շատ մեծ ազդեցություն պետք է թողնեն ամբողջ դատաիրավական բարեփոխումների գործընթացի վրա. «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ մի շարք այլ օրենքներ»։ Բայց հիմնական օրենքները վերոնշյալ հինգն են։ Խոսելով վճռաբեկ դատարանի մասին՝ պրն նախարարը նախ ստուգաբանորեն բացատրեց լատինական ծագում ունեցող բառի նշանակությունը. «Կասացիան մի պրոցես է, որը խնդիր չունի հասնելու արդարացի վճռի, այլ ընդամենը բեկանում է արդարացի վճիռները։ Այն բարձրագույն դատական ատյանն է»։ Վճռաբեկ դատարանը, փաստորեն, բեկանում է օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները՝ առաջին ատյանի դատարանի եւ վերափոխիչ դատարանի, այսինքն՝ վճռաբեկի որոշումն այլեւս բեկանման ենթակա չէ։ Ավելացնենք, որ մոտակա վեց ամիսների ընթացքում վճռաբեկ դատարանն իրականացնելու է Գերագույն դատարանի լիազորությունները՝ ըստ անցումային ժամանակաշրջանի մասին ընդունված հատուկ օրենքի։ Միայն հունվարի 12-ից, երբ բոլոր նախատեսված օրենքները օրինական ուժի մեջ մտնեն, այդ պահից այն կսկսի գործել որպես դասական վճռաբեկ դատարան։ Ի դեպ, հունվարի 12-ին ավարտվում է նաեւ 1996 թ. նույն օրը 3 տարի ժամանակով նշանակված դատավորների ժամկետը եւ պետք է ստեղծվի նոր դատական համակարգ։ Դավիթ Հարությունյանն այնուհետեւ նշեց, որ այս վեց ամիսներն օգտագործվելու են հետեւյալ խնդիրները լուծելու համար. «Ասել, որ ընդունված օրենքներն իդեալական են, չի կարելի (ընդհանրապես իդեալական օրենքներ չեն լինում)։ Ես կարծում եմ, որ որոշակի շտկումներ, փոխհամաձայնություն տեղի կունենան օրենքների միջեւ»։ Պարոն Հարությունյանը կարեւորեց նաեւ օրենքների ընդունումը՝ երրորդ ընթերցմամբ, որովհետեւ ցանկացած օրենք, ինչպես կենդանի երակ, ապրում եւ զարգանում է՝ անընդhատ փոփոխվելով, հետեւաբար՝ միշտ կարելի է փորձել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ վերամշակելու, ավելի հաջողված լուծումներ գտնելու։ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ