Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԼԾԱԿՆԵՐ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՒՄ»

Հուլիս 18,1998 00:00
babken ararkcyan

Ասում է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բաբկեն Արարքցյանը

-Կարծո՞ւմ եք արդյոք, որ իշխանությունների փոփոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որեւէ լուրջ տեղաշարժ է արձանագրվել։

-Պետական քաղաքականության մեջ մի քանի սկզբունքներ կան, որոնց հետեւելը շատ կարեւոր է, եթե այդ երկիրն ուզում է իր լիարժեք տեղը գտնել համաշխարհային հանրության մեջ։ Իմ կարծիքով, այդ սկզբունքներից են վարվող քաղաքականության կանխատեսելիությունը եւ ժառանգականությունը։ Այդ իմաստով Հայաստանում, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ մշակված մի համակարգ էր գործում։ Այն այնքան կայուն էր, որ Հայաստանը որոշ դեպքերում կարող էր, ինչպես այսօր ասում են, նաեւ կոշտ դիրքորոշումներ ցուցաբերել, եւ վերջիններս բացասաբար չէին ազդում Հայաստանի իմիջի վրա։ Օրինակը Լիսաբոնում կիրառված վետոն է։ Իմ կարծիքով, այսօր այդ համակարգը փլված է։ Տարբեր պետությունների ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, թե Հայաստանին մեկուսացում է սպառնում: Եռանախագահության անդամ երկրները կոշտ հայտարարություններ են անում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Նման հայտարարությունների համար առիթները կարող էին տարբեր լինել, իսկ իրականում դա հիշյալ համակարգի փլված լինելու փաստի արձագանքն է։

Վարվող քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքին նպաստել է արտաքին քաղաքականության, եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ դիրքորոշման փոփոխությունը։ Այս մասին արդեն իսկ եղած հայտնի հայտարարություններին վերջերս ավելացավ վարչապետ Դարբինյանի խոսքը. նա հանդիպելով օտարերկրյա դիվանագետներից մեկի հետ, խոսում է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մինչ այժմ իշխող սխալ պատկերացումների մասին»։ Մինչդեռ ահա նոր «ճիշտ» պատկերացումները, ըստ իս, ընդհանրապես արտաքին քաղաքականությունը, եւ մասնավորապես տարածաշրջանային քաղաքականությունը՝ հարեւանների հետ հարաբերությունները, ԼՂ հիմնահարցի լուծումը, որն ամենակարեւոր խնդիրներից է եւ հանդիսացավ իշխանության ճգնաժամի, համենայնդեպս, տեսանելի պատճառը, այսօր փակուղի են մտցրել։

-Իշխանության ներկայացուցիչներն այլ պնդումներ են անում, թե դիրքորոշման կարծրացումը դրական արդյունքների կբերի։ Եվ որ դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին էին անցած տարվա դեկտեմբերին Ֆրանսիայում ասել, թե, պարզ ասած, դուք ասեք ինչ եք ուզում, մենք էլ իմանանք ինչ ենք անում։

-Բոլոր մոտեցումներն էլ միշտ հայտնի են եղել եւ ոչ մի «արդարացի պահանջ» չի թաքցվել որեւէ կողմից, բայց բոլորն էլ քաջ գիտակցում են, որ լուծումները պետք է փոխզիջումային լինեն։ Իհարկե, կարելի է դիրքորոշումները կարծրացնել եւ անգամ «Կաստրոյի կամ Կադաֆիի քաղաքականություն» վարել, բայց եթե ուզում ենք քաղաքակիրթ աշխարհ մտնել, ինտեգրվել ժողովրդավարական համակարգի մեջ՝ այդ ճանապարհը չի կարող նպաստել այս նպատակներին։

-Անդրադառնանք ներքին քաղաքականությանը։ Ստեղծվեց քաղաքական խորհուրդ։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

-Քաղաքական խորհրդի վերաբերյալ մի քանի նկատառումներ հայտնեմ։ Պետության ղեկավարները կուսակցությունների հետ առաջին հերթին պետք է խորհրդարանի միջոցով շփվեն եւ ոչ թե հրամանագրով ստեղծված ստվերային խորհրդարանով։ Ի դեպ, հայտնի էր, որ ընդդիմադիր կուսակցությունները ստվերային կառավարություններ են ձեւավորում, բայց նորույթ է ստվերային խորհրդարան ստեղծելը։ Իսկ եթե, ինչպես հիմա է ասվում, խորհրդարանը չի արտացոլում մեր հասարակության ողջ քաղաքական դաշտը եւ ուժերի դասավորությունը, ապա Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռում լուծարել այս խորհրդարանը եւ նոր ընտրություններ անցկացնել։ Մինչդեռ այսօր տեսնում ենք, որ հենց իշխանամետ ուժերը տապալեցին ընտրական օրենսգրքի անգամ նախնական, գոնե որպես հիմք ընդունումը։ Գուցե այդ խորհուրդը ստեղծվում է որպես ապագա խորհրդարանի փորձնական մոդե՞լ։

Եվ խորհրդի մեջ ներգրավված կուսակցությունների ցանկը ցույց է տալիս, որ ընտրությունը շատ անհասկանալի եւ ոչ անաչառ է կատարվել։ Այստեղ նաեւ կուսակցությունների համահարթեցման, դիմակազրկման նպատակ եմ տեսնում։ Այնինչ, կուսակցությունները պետք է իրենց ուրույն դեմքը պահպանեն։ Կարծում եմ, որ այն կուսակցությունները, որոնք ունեն այդ մտահոգությունը եւ չեն ցանկանում արքունիքային դառնալ՝ չպետք է մասնակցեն այս խորհրդի աշխատանքներին։ Իսկ եթե կուսակցությունների դերի բարձրացման մտահոգություն կա, ապա դրա ձեւը մեկն է՝ օրենքով ապահովել, որ նրանք խորհրդարանում հնարավորին չափ շատ տեղեր ստանան (համամասնականի մեծ տոկոս)։

-Դուք կողմնակից եք, որ ՀՀՇ-ն է՞լ դադարեցնի իր մասնակցությունը ՔԽ-ին։

-Իմ կարծիքով, ցանկացած կուսակցություն այդ հարցը նախ պիտի իր համապատասխան մարմիններում քննարկի, ապա նոր որոշում ընդունի։ Համենայնդեպս, ես այդ տեսակետն եմ պաշտպանելու։ Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է ասել, որ արքունիքում իշխանության խոշոր լծակներ են կենտրոնացվում։ Նկատի ունեմ ե՛ւ այս ստվերային խորհրդարանը, ե՛ւ այն հանձնաժողովը, որ, ղեկավարության պատվերների համաձայն, Սահմանադրության փոփոխություններն է փորձում իրականացնել (ի դեպ, իմ կարծիքով, այդ հանձնաժողովն ի վերջո կեզրակացնի, որ միայն փոփոխություններով Սահմանադրությունը «փրկել» հնարավոր չէ եւ պետք է նոր Սահմանադրություն ընդունել)։ Նաեւ հավելենք տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը խառնվելու առկա միտումը։

-Նման գնահատական կա, թե վերջին մեկուկես ամսում ԱԺ-ում որեւէ աջ ելույթ չի հնչել եւ որ խորհրդարանական ամբիոնը լավագույնս կոմունիստներն են օգտագործում։ Համամի՞տ եք։

-Նախ արձանագրեմ, որ արդեն իսկ փաստորեն նախընտրական մրցարշավը սկսված է։ Եվ, իհարկե, շատ ուժեր այսօր ցանկանում են խորհրդարանական ամբիոնն օգտագործել նախընտրական քաղաքական ելույթների համար՝ դուրս գալով քննարկվող օրենքների նյութի շրջանակից։ Իսկ եթե «աջ» ասելով նկատի ունեք լիբերալ դիրքորոշումների արտահայտումը, ապա նայենք ԱԺ-ի աշխատանքի արդյունքներին, հատկապես վերջին շրջանում քննարկված տնտեսական բլոկի հարցերին. ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք շարունակում են բարեփոխումները եւ ազատականության քաղաքականությունը, ուստի արդյունքը ձախ չէ։ Ուրիշ հարց է, որ ամբիոնից «ձախական» ելույթներ են հնչում։ Սակայն հատկապես վերջին արտահերթ նստաշրջանի օրինագծերը եւ այն հարցերը, որոնք մոտ ժամանակներս խորհրդարան են գալու, կարող եմ գնահատել որպես հակաճգնաժամային գործունեության արտահայտություն։ Իմ կարծիքով, այսօր տնտեսական ճգնաժամի նախադրյալներ կան։ Ըստ ամենայնի, այդ վտանգը կառավարությունը զգացել եւ փորձում է կանխարգելիչ քայլեր անել այս օրենքների միջոցով։

-Խնդրեմ մանրամասնեք, թե որո՞նք եք համարում տնտեսական ճգնաժամի այդ նախադրյալները։

-Վերջին վեց ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներն են։ Համենայնդեպս, իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջընթաց կա՛մ չկա, կա՛մ տեմպերը շատ ավելի նվազ են։

-Ձեր խոսքում արդեն իսկ կանխատեսում արեցիք Սահմանադրության ճակատագրի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, երեւի ծանո՞թ եք այն փոփոխություններին, որ ներկա Սահմանադրության մեջ առաջարկում է կատարել Ռոբերտ Քոչարյանը։

-Այո։ Բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամենակարեւոր հարցը Սահմանադրության փոփոխությունն է, որի հետ չեմ կարող համաձայնել։ Առավել կարեւոր են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը։ Ցավոք, երկուսի դեպքում էլ ես առաջխաղացում չեմ տեսնում։ Իսկ Սահմանադրության առնչությամբ ասեմ, որ այդ առաջարկությունները ժամանակին բազմիցս քննարկվել են, եւ հստակ դիրքորոշումներ ունենք։ Ապագայում, եթե դրանք իբրեւ որոշակի առաջարկներ ձեւավորվեն, այդ մասին մանրամասն կխոսենք եւ մեր վերաբերմունքը կարտահայտենք։ Նախ պիտի գործող Սահմանադրությունը հարգվի։ Ինչ փոփոխություններ էլ արվեն՝ եթե Սահմանադրությունը չի հարգվում՝ ապա այն նմանվում է կոմունիստական համակարգի Սահմանադրությանը։ Գործող Սահմանադրությունը, համենայնդեպս, փակուղային ոչ մի վիճակ առայսօր Հայաստանում չի ստեղծել, մինչդեռ այն խախտվում է: Օրինակ՝ խորհրդարանի 1/3-ը արտահերթ նստաշրջան է պահանջում, իսկ այն չի հրավիրվում։ Հանրապետության նախագահին նման դեպքերում տրված չէ նստաշրջան չհրավիրելու իրավունք։

-Վերջիվերջո, սրանք նաեւ իշխանությունից զրկվելու 100 օրեր էին։ Մարդկանց հետ Ձեր փոխհարաբերությունները վերանայվե՞լ են։ Ձեր կենցաղն էակա՞ն փոփոխություններ է կրել։ Ի՞նչ եք զգում, երբ լսում կամ կարդում եք «նախկիններին» պատասխանատվության ենթարկելու կոչեր։

-Անկախ նրանից՝ մարդիկ պաշտոններ են զբաղեցրել թե ոչ, եթե նրանք այնպիսի արարքներ են գործել, որոնք պատասխանատվություն են ենթադրում՝ պիտի կրեն այն։ Բայց դա չպիտի վայրահաչոցների, մերկապարանոց եւ անհիմն հայտարարությունների մակարդակով լինի, այլ որոշակի, ապացուցվող փաստերով։ Ինչ վերաբերում է անձնական հարցերին, իմ կենցաղը փոփոխություն գրեթե չի կրել։ Հիմա ապրում եմ այն նույն բնակարանում, որտեղ ապրել եմ գրեթե ամբողջ կյանքս։ Այո, պետական ամառանոցում էլ ենք ապրել, բայց ե՛ւ ես, ե՛ւ մեր ամբողջ ընտանիքը դրան իբրեւ հյուրանոցի էինք վերաբերվում։ Շատ հանգիստ մեր տուն տեղափոխվեցինք, որտեղ ապրել ենք 40 տարի։ Մարդկանց հետ փոխհարաբերություններում էլ երեսպաշտությունը միշտ հասկացել եմ, բայց չեմ արդարացրել։ Միշտ էլ նման բաներին շատ մեծ վերապահումներով եմ վերաբերվել։ Այնպես որ, կարող եմ ասել, շատ մեծ հիասթափություններ չեմ ապրել։

-Երբ այժմ առիթ է լինում պաշտոնյաներին խնդրանքներով դիմելու՝ նրանք նույնպիսի հեշտությամբ եւ փութկոտությա՞մբ են կատարում դրանք. ինչպես առաջ կվերաբերվեին ԱԺ նախագահի ասածներին։

-Ոչ նախկինում, ոչ էլ այսօր ես ոչ մեկին ոչ մի խնդրանքով չեմ դիմել։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031