Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 18,1998 00:00
Paruyr Hayrikyan

Հուլիսի 17-ին հերթական նիստը գումարեց Պարույր Հայրիկյանի գլխավորած սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Իբրեւ հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող հեռանկարային թեկնածու, Պարույր Հայրիկյանը հանձնաժողովում իր դիրքը հստակ դրել է։

Ինչպես մյուս, այնպես էլ այս նիստը սկսվեց ներկա-բացակայով։ Արդյունքում արձանագրվեց, որ բացակա են Էդվարդ Եգորյանը, կոմունիստ Ֆրունզե Խառատյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը՝ խորհրդարանական «Բարեփոխումներ» խմբի նախագահը։ Մի խոսքով՝ 28 սահմանադրական բարեփոխիչներից 24-ը ներկա էին։ Հենց սկզբից ծավալվեց սկզբունքային խոսակցություն մի շատ էական հարցի շուրջ։ Նախապատրաստել սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ ընդունել նոր Սահմանադրություն։

Այս վերջին գաղափարի կողմնակիցը ԱԺՄ ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանն էր։ Նրա փաստարկն այն էր, որ 95 թվականին ընդունված Սահմանադրության լեգիտիմությունը որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Հարցը բարոյական է՝ ընդունել նոր Սահմանադրություն՝ անկախ այն բանից, որ գործող հիմնական օրենքը կարող է եւ իդեալական լինել։ Առաջարկը դրվեց քվեարկության եւ մերժվեց։ Այնուհետեւ քննարկումն ընթացավ հանրապետության կառավարման համակարգի սկզբունքի ճշգրտման շուրջ։ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց խորհրդարանական կառավարման հիմունքը։ Միջազգային փորձով ի ցույց դրվեց, որ առավել բարենպաստ զարգացում են ապահովել պառլամենտական սկզբունք որդեգրած պետությունները։

Պարույր Հայրիկյանն էլ, ըստ էության, խոսեց նախագահական հանրապետության օգտին։ Նրա մատուցած տարբերակի համաձայն, նախագահի լիազորություններն, ըստ էության, փոխանցվում էին վարչապետին։ Երրորդ մոտեցումը նախապատվություն էր տալիս կիսանախագահական հանրապետությանը։ Այդ համակարգի պաշտպանությամբ հանդես եկավ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատակից Արմեն Հարությունյանը։ Նա տեսակետ հայտնեց, որ պետության կառավարման երեք հայեցակարգերն էլ ունեն թե՛ առավելություններ, թե՛ թերություններ։ Կիսանախագահական սկզբունքի որդեգրմամբ, հռետորի կարծիքով, ո՛չ ժողովրդավարությունը կտուժի, եւ ո՛չ էլ մեր զարգացման տեմպերը կդանդաղեն։ Հիմնական խնդիրն այն է, որ ընտրված կոնցեպցիայի ինստիտուտները տրամաբանական, հաստատուն եւ վերջնական հարաբերությունների բերվեն։

Այդպիսով փոփոխության չի ենթարկվի Հայաստանում գործող սահմանադրական համակարգը, սակայն միաժամանակ կիրականացվեն բարեփոխումներ։ 1995 թ. ընդունված Սահմանադրությամբ չորոշակիացավ նախագահի կարգավիճակը, պարզություն չմտավ իշխանության գործադիր համակարգում։ Մինչդեռ, այս նոր կոնցեպցիայով, պետության գլուխ է կարգվում նախագահը, որն ընդհանրական պատասխանատվություն է կրում, իսկ գործադիր իշխանության գործունեության պատասխանատվությունը դրվում է կառավարության վրա։ Իհարկե, նախագահը պետք է կառավարության գործերին միջամուխ լինելու հնարավորություն ունենա, սակայն նրա լիազորություններն այդ ոլորտում պիտի սահմանափակվեն։

Միաժամանակ պետք է ուժեղացվեն պառլամենտի լծակները։ Վարչապետը պետք է հաստատվի խորհրդարանում։ Նաեւ՝ կառավարության կեսից ավելիի փոփոխվելու դեպքում, գործադիր մարմնի կազմին պետք է հավանություն տա Ազգային ժողովը։ Գերագույն հրամանատարը էլի հանրապետության նախագահն է լինելու։ Այս ամենի կողքին՝ իբրեւ դոգմա չպետք է ընդունվի իշխանության բաժանման սկզբունքը։ Պետք է գտնվեն համագործակցության մեխանիզմներ, որպեսզի հարաբերվելու միակ ձեւը իմպիչմենտը չլինի։ Մի խոսքով, եթե նույն ուժը ունենա խորհրդարանական մեծամասնություն եւ նախագահ, վերջինս բավականին հզոր կլինի, իսկ եթե նրանք տարբեր դիրքերում լինեն՝ կգործեն պառլամենտական հանրապետության հիմունքները։ Նիստի ավարտին տեղի ունեցավ քվեարկություն։ Կիսանախագահական հանրապետության սկզբունքը ստացավ 15 կողմ քվե, իսկ խորհրդարանականն ու նախագահականը՝ 3-ական։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031