ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ «Օրենսդիր եւ գործադիր իշխանության փոխհարաբերություններում վերջին շրջանում բավական բարդ պահեր արձանագրվեցին։ Իբրեւ ԱԺ նախկին նախագահ, ինչպե՞ս եք մեկնաբանում դրանք»,- «Առավոտի» այս հարցին Բաբկեն Արարքցյանը պատասխանեց. «Խորհրդարանի վրա վերջին շրջանում հարձակումների ուժգնացումը օրինաչափ եմ համարում։ Գուցե պատահական չէ, որ այսօր նախագահի աշխատակազմում պաշտոնները բաշխվել են միայն այն կուսակցությունների միջեւ, որոնք 1996-ին խորհրդարանի գրոհն էին կազմակերպել»։ Բաբկեն Արարքցյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԸ Արդեն հայտնել ենք, որ բռնություն է կիրառվել Բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանի դեմ։ ՆԳ եւ ԱԱ նախարարությունից հաջողվեց պարզել, որ իսկապես պրն Ասատրյանը դիմել էր նշված նախարարություն, հայտնելով, որ հուլիսի 10-ին Պուշկինի փողոցում գտնվող «Այաքս» ավիաընկերության մոտ իրեն առեւանգել են անհայտ անձինք եւ տարել Երեւանի մոտակայքում գտնվող ամառանոցներից մեկը։ Դաժանորեն ծեծելով պրն Ասատրյանին, հանցագործները մահվան սպառնալիքով պահանջել են նրանից մեկ միլիոն դոլար։ Երեկ Նորքի 3-րդ զանգվածում հանցագործ խումբը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նրա կազմում էին Արտյուշա Հակոբյանը (61 թ. ծնվ.), Արամ Նազարյանը (56 թ. ծնվ.) եւ Հովսեփ Սիմոնյանը (63 թ. ծնվ.)։ Նրանցից առաջին երկուսը բազմիցս դատվել են, իսկ երրորդը, հավանաբար, կատարում էր վարորդի պարտականություններ։ Գործը դատախազության վարույթում է։