Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ»

Հուլիս 18,1998 01:42
dirijor

Ասում է դիրիժոր Զավեն Վարդանյանը

Շաբաթաթերթերից մեկում տպագրված «Օպերային շենքի շուրջ սկանդալների նոր ձնագունդ է առաջանում», ֆիլհարմոնիկ գործակալության եւ «Ա. Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ դահլիճի տնօրեն Լ. Մովսիսյանի հարցազրույցում իմ անձի հետ կապված հարցերի խեղաթյուրման վերաբերյալ ուզում եմ ասել հետեւյալը.

Իմ ելույթը նախատեսված էր (եւ ես փորձել եմ) Երեւանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, եւ ֆիլհարմոնիկ նվագախումբը չէ՛ր կարող հայտ ներկայացնել սիմֆոնիկի փորձերի համար։ Երկու գլխավոր փորձ չի լինում։ Համերգի նախօրեի փորձը մենք՝ երաժիշտներս, անվանում ենք գլխավոր փորձ (генеральная репетиция)։ Սա ամենակարեւոր փորձն է, որտեղ, վերջին անգամ, համերգից առաջ, ստուգվում է ամեն ինչ, եւ այս փորձը անցնում է համերգային կատարմանը շատ նման։ Արտասահմանում ընդունված է հաճախ այս փորձը անցկացնել հասարակության ներկայությամբ, երբեմն էլ նույնիսկ վաճառվում են տոմսեր (հարկ կա՞ այս բաները բացատրել «ռեժիսոր» մարդուն)։

Եթե այս նրբությունը Լ. Մովսիսյանը իմանար, ապա մայիսի 31-ին նախատեսված Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի գլխավոր փորձը կամայականորեն չէր հանի, դահլիճը մի այլ կոլեկտիվի վարձակալական հիմունքով տրամադրելու համար (Պուշկինի անվան դպրոցը իր 60ևամյա հոբելյանը նշեց այդ օրը), օգտվելով ՀՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Ավետիսյանի համեստությունից ու կիրթ դաստիարակությունից։ Բեմի վրա փորձել եմ նվագախմբի հետ իմ հանդիպման առաջին օրը՝ հունիսի 16-ին եւ երկրորդ անգամ հունիսի 26-ին, որը նախօրոք նախատեսված չլինելու պատճառով (փորձելու հնարավորությունը ստացվեց պատահականորեն)՝ միայն լարային կազմով։ Գ. Մելիքսեթյանին առաջին անգամ մոտեցել եմ հունիսի իմ առաջին փորձերի օրերին եւ հայտնել՝ քանի որ նվագախումբը հիմնականում պիտի աշխատի «փորձասենյակում», ուստի ինձ անհրաժեշտ է համերգից առաջ վերջին չորս փորձն անցկացնել բեմում (Լ. Մովսիսյանն ինձ ուղարկեց Գ. Մելիքսեթյանի մոտ այս հարցը լուծելու համար)։

Գ. Մելիքսեթյանը անթաքույց ամբարտավան տոնով մերժեց, ասելով, որ իրենք ունեն էլեկտրաէներգիայի հսկայական պարտքեր (կարծեմ 14.000.000 դրամ) եւ միայն մեկ փորձ կթույլատրեն։ Ես կրկնեցի խնդրանքս, բացատրեցի, թե ինչու համար է պետք վերջին չորս փորձն անցկացնել անպայման բեմում եւ զգուշացրի, որ հակառակ դեպքում ստիպված կլինեմ հանել համերգը… Երկրորդ անգամ իմ հանդիպումը Մելիքսեթյանի հետ տեղի է ունեցել հունիսի 29-ին, նորից իր կաբինետում եւ տեւել է 3-4 րոպե։ Խնդիրս էր պարզել, թե այդ օրվանից (հունիսի 29-ից) ինձ տրվելո՞ւ է նախօրոք խնդրած չորս փորձը, որը Գ. Մելիքսեթյանը անտաշ ձեւով նորից մերժեց, բարբաջելով հերթական անգամ էլեկտրաէներգիայի մեծ պարտքերի մասին։ (Օրվա կացության պահը ուղղակի շահարկվում է Լ. Մովսիսյանի կողմից)… Այդ օրը՝ հունիսի 29-ին, ինձ ոչ ոք չի ասել Լ. Մովսիսյանի մոտ գնալ կամ հարցի քննարկումը հետաձգել։ Դա իմաստ էլ չուներ։ Լ. Մովսիսյանը սկզբից գիտեր այս մասին։ Հարցի քննարկումն էլ հետաձգել հնարավոր չէր, որովհետեւ քիչ օր էր մնացել մինչեւ համերգը։ Պարզ է նաեւ, հինգ փորձ չէի կարող խնդրել, քանի որ մինչեւ համերգը մնացել էր… չորս օր։

«Ա. Խաչատրյան» համերգասրահում միայն մի մարդ չէ, որ դիրիժորություն է արել

Տնօրինո՛ւմ էր միայն մի մարդ։ Այդ սրահում անցած տարիներին դիրիժորել են Լ. Բաղդասարյանը, Յ. Ռոբերտսոնը, Ռ. Ֆրայզիտցերը, Օ. Դուրյանը, Գ. Մուրադյանը, Մ. Ավետիսյանը, Նուրհան Արմանը, Ա. Ղարաբեկյանը, Վ. Կոջյանը, Դ. Պոնելը, Զ. Վարդանյանը եւ ուրիշներ։ Լ. Մովսիսյանը նշանակվել է ֆիլհարմոնիկ գործակալության եւ միաժամանակ «Ա. Խաչատրյան» համերգասրահի տնօրեն, կարծեմ 1997-ի սեպտեմբերին եւ իր նշած ու չնշած դիրիժորների հանդես գալը ոչ մի կապ չունի իր հետ։ Իսկ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատելու հրավերը այս տարվա հունվարից անում է նվագախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Մ. Ավետիսյանը, որը նշանակվել է այդ պաշտոնին հունվար ամսին։ Նրա իսկ հրավերով են ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատել Օ. Դուրյանը, Հ. Չեքիջյանը, Է. Խաչատրյանը (վերջինս՝ Երեւանի սիմֆոնիկի հետ)։

Նվագախմբի հետ իմ փորձերը անցել են մարդկային եւ պրոֆեսիոնալ լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում եւ իմ պահանջները, չնայած անտանելի, անմարդկային աշխատանքային պայմաններին, նվագախումբը հաղթահարել ու յուրացրել է մեծ խանդավառությամբ ու ջանասիրությամբ։ Ես գոհ եմ նվագախմբի աշխատանքից։

Ուրեմն սա պատճառ չէր կարող լինել համերգը հանելու, ինչպես ասում է Լ. Մովսիսյանը… (Ինչպես հետագայում ինձ ասացին, նվագախմբի մի քանի երաժիշտների իր մոտ է կանչել Լ. Մովսիսյանը եւ փորձել է նրանց ներշնչել, թե, հավանաբար, նվագախմբի արտիստները դժգոհ են Զ. Վարդանյանից։ Սակայն երաժիշտները ժխտել են դա եւ ասել, որ հակառակը, շատ գոհ են ինձնից եւ մեր համատեղ աշխատանքից։ Ըստ երեւույթին, Լ. Մովսիսյանը իր գործունեության նախկին տարիներին գերազանց է սովորել մարդուն հանիրավի վարկաբեկելու, իրականությունը խեղաթյուրելու «դասական» կանոնները, եւ այս «արվեստի» մեջ նրան իսկապես կարելի է շնորհել ակադեմիկոսի կոչում)։

Նշանակելով համերգը հուլիսի 3-ին, ես շատ լավ գիտեի, որ այս ամսին ունկնդիրների հաճախելիությունը խիստ ցածր է (անտանելի շոգ, ձմեռվա համար նախապատրաստություններ, քննական շրջան, հանգստանալու մեկնողներ եւ այլն)։ Միեւնույն ժամանակ, ես տեսնում էի, որ ընդհանրապես վերջին ամիսներին, համբավավոր ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին դահլիճում շատ քիչ լսողներ են լինում։ Մեզանում մեծ ճանաչում ունեցող, մեր անվանի դիրիժորներից մեկի վերջերս ունեցած համերգին ներկա էր 180-200 մարդ։ Գիտակցում էի նաեւ, որ ես ելույթ էի ունենալու Երեւանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ուրբաթ օրը (պատահական մի օր, պատահական մի ժամ, ի տարբերություն ՀՖՆ-ի, որը ելույթ է ունենում միշտ կիրակի օրերը եւ համարյա միշտ նույն ժամին՝ 14-ին)։

Մենք գիտենք, որ տոմսերը հիմնականում վաճառվում են համերգից երկու-երեք օր առաջ եւ համերգի օրը։ Ես ունեմ ինձ գնահատող երաժշտասեր մարդկանց մի քանակ, որոնք մշտապես լինում են իմ համերգներին։ Հասարակության մեջ ունենալով մեծ շփումներ, շատ- շատերին կարող էի հրավիրել համերգիս։ Այնպես որ, պատշաճ քանակի որակյալ լսողներ անպայման կլինեին դահլիճում։ Ասեմ նաեւ, որ մի քիչ գիտեմ, թե ինչպես կարելի է դահլիճ հավաքել։ Ուրեմն սա եւս պատճառ չէր համերգը հանելու համար։ Եվ, վերջապես, իբրեւ մենակատար, հրավիրել էի Գերմանիայից դաշնակահար Կարեն Թոփիկյանին, որը եկել էր իր ծախսով, թողնելով իր մի քանի շատ կարեւոր գործերը Գերմանիայում։ Համերգը հանելիս այս փաստը նկատի չունենալ չէի կարող։

Արվեստի գծով բարձրագույն կրթություն ունենալը խնդիր չէ

Շատերն ունեն։ Նաեւ գիտենք, թե նախկինում ինչպես կարելի էր դիպլոմ ստանալ։ Բարձրագույն կրթությունը ոչ միայն գիտելիքներ են, այլ նաեւ ներքին կրթվածություն, լայն աշխարհայացք, մտավոր ու հոգեւոր զարգացման բարձր աստիճան, խոսքի ու գործելակերպի ներդաշնակություն եւ այլն։ Դիպլոմի առկայությունը տեղեկանք է ընդամենը, այսքան կամ այնքան տարի տվյալ բուհը հաճախելու, այս ու այն առարկան անցնելու մասին։ Բարձրագույն կրթություն ունենալը ստուգվում է հետո, աշխատանքի մեջ, մարդկային փոխհարաբերություններում։ Այստեղ պետք է հանձնել բարձրագույն կրթության քննությունները։ Լ. Մովսիսյանն ու Գ. Մելիքսեթյանը գուցե ունեն բարձրագույն կրթության դիպլոմ, բայց բարձրագույն կրթության հետ, ըստ էության, բացարձակապես կապ չունեն։ Դրա ապացույցը աշխատանքային վայրում, մարդկային փոխհարաբերությունների մեջ Գ. Մելիքսեթյանի խոսքի եւ արտահայտման ձեւերի, պահվածքի անկրթությունն է, Լ. Մովսիսյանի կազմակերպած կուլտուր-մասսայական միջոցառումների անորակությունը, սկսած դեռեւս 70-ականների կեսերից («Ոսկե աշուններ», կառավարական համերգներ եւ այլն) եւ վերջացրած վերջերս Սարդարապատի ճակատամարտի 80-ամյակին նվիրված «փայլուն» ձեւով կազմակերպված տոնախմբություններով։

Թյուրիմացության մեջ է Լ. Մովսիսյանը, երբ ասում է, թե «…արվեստի մեջ եմ եւ արվեստի մեջ էլ կմեռնեմ», քանի որ այն գործը, որն արել է նախկինում եւ անում է հիմա, արվեստի հետ կապ չունի։ Այդ գործը կոչվում է կուլտուր-մասսայական (զանգվածային) միջոցառումներ, հաճախ հապշտապ, տարերային ձեւով կազմակերպված, խոտանով լի եւ անճաշակ։ Արվեստը էլիտար հասկացություն է, մի բարձունք, որտեղ ոչ բոլորը կարող են լինել։

Մեծ Վարպետի՝ Վարդան Աճեմյանի, դասարանը ավարտելը, իհարկե, մեծ պատիվ է

Բայց մենք գիտենք, որ այդպիսի հսկաների դասարանում լինում են ե՛ւ տաղանդավոր ե՛ւ շարքային մարդիկ։ Աուերի դասարանում սովորել են ե՛ւ Յ. Հայֆեցը եւ շատ ուրիշներ, որոնց մենք չենք էլ իմանում, իրենց սովորական լինելու պատճառով։

Ի՞նչն է ստիպել, ինչպես Լ. Մովսիսյանն է ասում, 30 վավերագրական կինոնկարների սցենարների հեղինակին, 15 կինոնկարների ռեժիսորին (սա արդեն Ֆորմանի եւ Բերգմանի նախանձն էլ կշարժեր), մուլտֆիլմերի ստուդիայի տնօրենին, ֆիլմերի արտադրության վարչության պետին, «Հայֆիլմ» ու «Երեւան» ստուդիաների տնօրենի տեղակալին, թողնել իր մասնագիտական սքանչելի ասպարեզը, ինչպիսին կինոն է, եւ հանկարծ հայտնվել «Հայհամերգի» գլխավոր ռեժիսորի աննշան, գեղարվեստական առումով ոչինչ չտվող (գուցե այլ բաներ է տալիս) պաշտոնին։ 5000-ից ավելի համերգների մասին կարող եմ ասել, որ եթե Լ. Մովսիսյանը տարին 100 համերգ կազմակերպեր, ապա 5000-ից ավելի համերգների համար անհրաժեշտ կլիներ 50 տարուց ավելի ժամանակ (նա այդ փեշակով, որքան ինձ հայտնի է, սկսել է զբաղվել 1975-ից)։ Գուցե Լ. Մովսիսյանը զանգվածային միջոցառումներ սկսել է կազմակերպել 10-14 տարեկանից։ Եթե այդպես է, ապա ինչ միտք ուներ տանջել ինքն իրեն, առավել եւս Վ. Աճեմյանին (որի բարեկամությունն ու մտերմությունը երկար տարիներ վայելելու երջանկությունն ենք ունեցել), «սովորել ռեժիսուրա», ստանալ «արվեստի բարձրագույն կրթություն»։

Ինչ վերաբերում է մեր մշակույթին վնաս տալուն, ապա Լ. Մովսիսյանի եւ Գ. Մելիքսեթյանի ներկայությունն արդեն իսկ մեր մշակույթում վնասակար է եւ կործանարար։ Լ. Մովսիսյանի հարցազրույցի մյուս մասերին՝ ինձ հետ ուղղակի կապ չունենալու պատճառով, չեմ անդրադառնում, չնայած ունեմ իմ հստակ դիրքորոշումը։ Ուզում եմ խնդրել մշակույթի մեր հարգելի նախարարին, որ նա ազատի արվեստն ու արվեստի համեստ մշակներին այն արատավորողներից ու հոշոտողներից, քանզի դժվար է լինելու հենց իրեն, նախարարին, մշակելու մեր արվեստի սքանչելի պարտեզը, ունենալով իր կողքին այդպիսի ապաշնորհ «մասնագետներ»։

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, «Գերմանա-ավստրիական երաժշտության բարեկամների ընկերության» նախագահ, Կոմիտաս երաժշտանոցի դասախոս

Հ. Գ. Ես միտք չեմ ունեցել վիրավորել Լ. Մովսիսյանի եւ Գ. Մելիքսեթյանի անձը։ Նրանց գործունեության, զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ ինչ-որ ասել եմ՝ կարող եմ պնդել։ Եվ կպնդեմ, եթե դրա անհրաժեշտությունը նորից լինի։ Իմ համերգի չկայանալը ազգային կատաստրոֆա չէ, եւ կարիք էլ չկա շատ խոսելու։ Իմ նպատակը լոկ եղել է հրավիրել մշակույթի նախարարության եւ երաժշտական հասարակության ուշադրությունը տեղի ունեցող կամայականությունների վրա, երբ անգետ մարդիկ տնօրինում են պրոֆեսիոնալ աշխարհի հարցերը։ Չէի պատասխանի Լ. Մովսիսյանին, եթե իմ անձն ու պրոֆեսիոնալիզմը վիրավորող ու արատավորող, իրականությունը խեղաթյուրող խոսքեր ու ակնարկներ չլինեին։ Այլեւս չեմ անդրադառնա այս հարցին, եթե անգամ Լ. Մովսիսյանը կամ որեւէ մեկը նորից պատասխանի։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն նախարարությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031