Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՐԱԽ»-«ՈՒՐԱԽ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 18,1998 01:32

«Ստեղծագործող ուսուցիչների վարպետանոցներ» մասնավոր դպրոցին կամ, ինչպես տերերն են ասում՝ «Ուրախության դպրոցին» առնչվող, մեղմ ասած, ոչ այնքան ուրախ պատմություններին մեր թերթը մի քանի անգամ է անդրադարձել։ Դեպքերի հետագա զարգացմամբ հետաքրքրվող ընթերցողներին ցանկանում ենք տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել այդ պատմությունը։

Իսկ բոլոր նրանք, ովքեր ծանոթ չեն դրա մանրամասներին կամ արդեն հասցրել են մոռանալ, այդ մասին պատկերացում կկազմեն Շահանե Ավանեսյանի դիմում-բողոքից։ Ի դեպ, դիմում-բողոքից մեկական օրինակ ուղարկվել է նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, կրթության եւ գիտության նախարարին, արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար պարոն Ի. Նազարյանին, Երեւանի քաղաքապետին։ Հուլիսի 6-ին ուղարկված այդ գրություններին մինչեւ այսօր արձագանքել են միայն վերոնշյալ կառույցներից վերջին երեքը։ «Առավոտը» առաջիկա համարներում նրանց եզրակացություններին եւս կանդրադառնա։

Դիմում-բողոք

Երեւանի Նար-Դոսի դպրոցի շենքում տեղավորված, այսպես կոչված, «Ուրախության դպրոցից» որդուս մեկ այլ հանրակրթական դպրոց տեղափոխելու նպատակով, ս/թ հունիսի 4-ին այցելեցի դպրոցի տնօրեն Կրիշչյանին։ Նշեմ, որ դպրոցը մասնավոր է, ուսուցման տարեկան վարձաչափը՝ 300 ԱՄՆ դոլար։ Դպրոցից աշակերտներին տեղափոխելու հարցն էական է ինչպես դպրոցի հեղինակության, այնպես էլ տնտեսական առումով, որը եւ հարուցեց տնօրենի վրդովմունքը եւ, բնականաբար, փորձեց իմանալ պատճառները։ Իսկ պատճառները շատ էին՝ տարեսկզբից չէին գործում խոստացված զանազան խմբակները, երեխաները չէին անցնում ֆիզիկական պատրաստակամություն, չկային համարյա բոլոր կարեւոր առարկաների դասագրքերը, հաճախակի փոփոխվում էին դասավանդող ուսուցիչները, իսպառ բացակայում էր խոստացված սնունդը, իմ պատկերացմամբ ոչ մանկավարժական մոտեցում էր ցուցաբերվում աշակերտներին եւ այլն, եւ այլն։ Իսկ որդուս մեկ այլ դպրոց տեղափոխելու որոշումը վերջնականացավ, երբ ս/թ մարտին մամուլում կարդացի «Ուրախության դպրոցի» ղեկավար կազմի կողմից

Նար-Դոսի դպրոցի մանկավարժներին ծեծելու փաստի մասին

Իմ՝ վերը նշված դժգոհությունները տնօրենին հայտնելուց հետո, երբ փորձում էի դուրս գալ նրա աշխատասենյակից, նա եւ իր տեղակալ Ռ. Վարդանյանը հարձակվեցին ինձ վրա, անլուր լուտանքներ թափելով, դաժան ծեծի ենթարկելով՝ խլեցին երեխայիս գործերը։ Դեպքին ներկա էին երկու ուսուցիչներ եւ պահակը, որոնք վերջապես օգնության հասան եւ ինձ դուրս ուղեկցեցին տնօրենի աշխատասենյակից։
Կատարվածի առիթով նույն օրը՝ 1998 թ. հունիսի 4-ին, դիմում եմ ներկայացրել Կենտրոն թաղամասի միլիցիայի բաժանմունք, որտեղից ուղարկվել եմ դատաբժշկական փորձաքննության (եզրակացությունը գործի մեջ է)։

Մինչեւ այսօր գործին օրինական ընթացք չի տրված։ Ինձ հետ «համաձայնության» գալու անհաջող փորձերից հետո, Կրիշչյանը Կենտրոն թաղամասի միլիցիայի բաժանմունք ընդդիմադիր բողոք է ներկայացրել այնտեղ ընդհանրապես չգտնված տասը կեղծ վկաների ստորագրությամբ, իբրեւ իմ «խուլիգանական» պահվածքի մասին։ Այս կեղծ ստորագրություններով բողոքի հիման վրա Մյասնիկյանի շրջանի դատախազ Շահինյանը հնարավոր է համարում ուշադրության չառնել բազմաթիվ մարմնական, գանգևուղեղային վնասվածքները հաստատած դատաբժշկական փորձաքննության օրինական եզրակացությունը եւ իմ՝ երեք երեխաների մոր արդարացի բողոքը։ Փաստն աղաղակող է եւ ոչ եզակի (տես «Առավոտ» թերթի 11.06.98 թ., 13.06.98 թ. եւ 20.06.98 թ. համարները)։ Մեր երեխաների ապագան պետք է լինի իսկապես հուսալի ձեռքերում։

Ես խորապես համոզված եմ, որ այդպիսի վայ-մանկավարժները պետք է բացառվեն այդ դասից՝ չարատավորելու համար մանկավարժի վեհ ու սուրբ անունը, իսկ նմանատիպ դպրոցները՝ արգելվեն։ Վերը շարադրվածի կապակցությամբ խնդրում եմ Ձեր անձնական միջամտությունը հարցի օբյեկտիվ քննության եւ արդարացի վճռի կայացման համար։ Երկու օր առաջ տիկին Ավանեսյանը խմբագրություն էր այցելել Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքում դեպքի մասնակիցների միջեւ անցկացված առերեսումից հետո, որն, ինչպես ինքը տեղեկացրեց, կազմակերպվել էր դատախազ Շահինյանի հանձնարարականով։ Այնպես որ, առայժմ գործը կարճելու նախնական ցանկությունը դեռեւս իրականություն չէ։ Ցավոք, ավելի ստույգ դա ճշտել մեզ չհաջողվեց, քանի որ գործը վարող քննիչ Հրաչ Տոնոյանին գտնելու մեր բոլոր փորձերը ձախողվեցին։ Ինչպես տեղեկացրին նրա գործընկերները, պարոն Տոնոյանը արձակուրդում է, պարզապես մեկ-մեկ գալիս է, որ կիսատ գործերը ավարտի։ Հուսով ենք՝ առաջիկայում կհաջողվի նաեւ այս մարմնից լիարժեք պարզաբանումներ ստանալ։

Տիկին Ավանեսյանը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է քաղաքացիական հայցով դիմել դատարան՝ այս գործով, իր կարծիքով կեղծ ցուցմունքներ տված անձանց պատասխանատվության կանչելու խնդրանքով։ Սակայն ամենից առավել տիկին Շահանեին մտահոգում էր իր որդուն պետական հանրակրթական դպրոցում տեղավորելու հարցի ձգձգումը։ Պատճառը «Ուրախության դպրոցի» տնօրինության խիստ տարօրինակ պահվածքն է։ Մինչեւ այսօր տիկին Շահանեին չի հաջողվել նրանցից վերցնել իր երեխայի անձնական գործը, առանց որի մեկ այլ դպրոց չի կարող նրան ընդունել։ Ի դեպ, զրուցակցուհուս պնդմամբ, առերեսման ժամանակ դպրոցի տնօրինուհին քննիչի ներկայությամբ իրեն «շանտաժի է ենթարկել»՝ ասելով, որ կտա անձնական գործը միայն այն դեպքում, եթե ծնողը հետ վերցնի իր դիմումևբողոքը։ Սակայն Շահանե Ավանեսյանը խիստ վճռական է տրամադրված, նույնիսկ դիմել է իրավաբանի, որ պաշտպանի իր իրավունքները, քանի որ համոզված է՝ գործը մինչեւ իրեն է հասել, որովհետեւ դպրոցի տնօրինությունից նմանատիպ բողոքներ ունեցողները հետեւողական չեն եղել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031