Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՅՍԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ

Հուլիս 18,1998 01:17
jermuk

Հանկարծահաս հղիություն՝ 2 բուռից

Ծովինար խանումի օրինակը ըմբռնումով չընկալվեց հայոց կողմից։ «Աղջիկ մի խորոտ» որպես «մեկ ջան» «Ազգ կտրելուց» գերադասեց աղբյուրի 2 բուռը եւ ինն ամիս 9 օր անց կանգնեց փաստի առջեւ.

«Մենք բի՞ճ ենք,
Կամ մեզ ասա, ո՞վ է մեր հեր,
Կամ մեզ կերթանք, կթալենք ջուր…», ընդվզեցին ջրային ծնունդները։

Այսպես զարգացան իրադարձությունները, քանի որ մեր «հրեղենը» դույզն-ինչ չէր տիրապետում սույն աղբյուրի (իմա՝ Կաթնաղբյուր) ֆիզիկաքիմիական եւ հանքաջրաբուժական ներգործությունների «տեղեկատվական բանկին»։

Սասնա ծռեր -1998 թվական

Եթե Գագիկի դստեր՝ չքնաղ Ծովինարի այսօրինակ ծռությունն իրեն պարգեւեց երկու ղոչ տղա, դա ամենեւին էլ հիմք չի տալիս Սասնա հետնորդներին հետագայում ամորձատելու եւ արդյունքում զարգացնելու հայրենի աղբյուրների ամենակարողության մասին ամուլ վարկածը։ Իսկ որ վարկածը ծնած ու հրապարակ էր նետած (ընդ որում՝ Ազատության) դեռեւս 1988-ին, կհիշես. «Մեր «Ջերմուկը» Հայաստանը կկերակրի թեւակոտոր միտքը (… ունենք՝ աշխարհը չունի) շեշտադրմամբ։ «Ծռաևսնապարծական» այս շեշտի զուգընկերությունն իրոք «հղի» է հետեւանքներով եւ դրանք միշտ չէ, որ ղոչ տղաների տեսքով են աշխարհ գալիս։ Մինչ ցեղովի «Աչքներս ջուր (իմա՝ «Ջերմուկ») կտրած» սպասում ենք, թե աշխարհը ե՞րբ է իր լավը հասկանալու ու գալու մեր դուռը՝ մեզնից արքայական ջուր տանելու, «Սպիտակ աղբրի կուշտ քանց վիշապ» ծարավում ենք ինքներս, եւ ջրի «տուտն» ուղղում սեփական բոստանը։ Իսկ «ինչո՞ւ է ջրահարսը տանը մնացել միջազգային չափանիշներին համապատասխանող իր արտաքին տվյալներով, ո՞ւր կորան վիշապաքաշ ասպետները» հարցերի պատասխանները դարձյալ պետք է փնտրել մեր ակունքում (ներառյալ Ծովինարակերպ ծռության մեջ)։

Ակունք

Արդյո՞ք հիվանդ է հայ հասարակությունը… Ձեր ոչի դիմաց՝ ուրեմն ինչի՞ դեմ է ազգովի բուժվում՝ օրգանիզմ «ներարկելով» բուժիչ հանքային ջուր «Ջերմուկ»։ Չէ՞ որ «Ջերմուկը» սեղանի ջուր չէ, հայե՜ր… Սեղանի հանքային ջրում հանքայնացումը նորմայում չպետք է գերազանցի 1,5 գրամ/լիտրում չափաբաժինը, մինչդեռ Հայաստանի հանքային ջրերի հանքայնացումը «թինդ» է՝ 3,0 գրամ/լիտրից մինչեւ 13,5 գրամ/լիտրում։ Եղածին ավելացնում ենք սովորական ջուր, այսինքն՝ նոսրացնում ու հանքայնացումը հասցնում 1,5 գ/ լիտրում ցուցանիշի եւ… վերջ։

Իսկ դուք վախենո՜ւմ էիք

Կուսական «Ջերմուկի» նկատմամբ այս միջամտության արդյունքում արդեն խոսք կարող է լինել միջազգային շուկայի նվաճման լայն աշխարհագրության մասին։

Խոսքը մեր մեջ

Այս միջամտությունը սկզբում ցավ էր պատճառել «Ջերմուկ» ՓԲԸ -ի գործադիր տնօրենին, սակայն վերջինս խոստովանեց, որ այդպես է նվաճել մոտ օրերս Լիբանանի շուկան։

Եզրակացություն

Չարժե կուսությունը պահպանելու համար ազգովի հիվանդանալ։ Մասնավորապես. «Ջերմուկ» հանքային ջուրը, բացի աղային միացություններից, ազատ մետաղներից պարունակում է ակտիվ կենսաբանական օրգանական միացություններ, որոնց հաճախակի եւ երկարատեւ ներթափանցումը օրգանիզմ՝ հղի է լուրջ հետեւանքներով (պնդումը՝ «Հայկուրորտ» խորհրդի, որը զգուշացնում է «Ջերմուկը» վտանգավոր է ձեր առողջության համար)։ Ո՞ւմ է ձեռնտու մի ամբողջ ազգի վերաբերվել որպես ստամոքսաաղիքային տրակտը խանգարվածի կամ լյարդ, լեղուղիներում տարաբնույթ թունավոր հեղուկներ կրողի… Եթե հաշվի է առնվել հայոց պարտադրված դիետիկ ռեժիմը (իսկ «Ջերմուկ» կարելի է գործածել միայն այդկերպ), ապա..

Ինչո՛ւ ենք աշխարհին դնում հիվանդի տեղ

Երկրի առաջին դեմքից սկսած՝ պաշտոնական բոլոր ընդունելություններին առաջինը հայտնվում է «Ջերմուկը»։ Կներե՛ք, բայց դա նույնն է, թե հյուրերին «պատվենք», ասենք «Լեվոմիցիտին»-ով։ Մեր հյուրերի աշխարհներում «Ջերմուկի» հանքայնությամբ ջրերը կաթևկաթ եւ միայն բժշկի թույլտվությամբ են վաճառվում դեղատներում։ Արժե՞ մշտապես գտնվել բացառությանց բացառության ֆիզիովիճակում եւ անմեղ եղնիկներին մատուցել որպես «Կոկա-կոլայի» հայրենական ընդդիմության խորհրդանիշ։ Չանե՛նք…

Բա ի՞նչ անենք

Այս դեպքում միջազգային փորձ հաստատ պետք չէ։ Գործը իսկը հայկական մոտեցման է կարոտ։

ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031