Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺիոտԱԺ

Հուլիս 18,1998 00:58

Այսօր ԱԺ-ն շուտափույթ ցրելու եւ նոր ԱԺ կազմավորելու հրատապությունը որոշակի քաղաքական խմբավորումների կողմից ներկայացվում է՝ որպես ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող դարակազմիկ իրողություն։ Այս կուտը, որպես նախընտրական հիմնական խոստման իրականացում, փորձում են հրամցնել ժողովրդին, բայց ժողովուրդն առայժմ կուտը չի ուտում։ Այսինքն՝ ուտում է, բայց՝ ո՛չ ազգովի։ Պարզապես շատ է շոգ, եւ մարդիկ դրա ոչ սիրտն ունեն եւ ոչ էլ, մանավանդ, հավեսը։ Այ, աշնանն այլ հարց է։

Այս հարցի հետ կապված ամենահետաքրքրականն այն է, որ ինչքան ավելի է մոտենում ԱԺ ժամկետի բնական ավարտը, այնքան ավելի հրատապ է դառնում ԱԺ-ն ժամկետից շուտ ցրելու գաղափարը։Հասկանալի է, որ պատգամավորների մի զգալի մասը ԱԺ-ն ցրելուն դեմ է, քանզի հաստատապես մտադրված են իրենց գոյության անձեռնմխելիությունը առնվազն ձգել մինչեւ եկող տարվա կեսերը։ Մյուս մասը ցրելուն կողմ է, քանզի գիտակցում է, որ հենց հիմա ընտրվելու հրաշալի շանսեր ունի, եւ եկող տարի դրանք կարող է եւ չունենալ։ Այս իմաստով եւս իր եզակիությունը չի կորցնում Արշակ Սադոյանը։ Վերջինս իր անսպառ էներգիայից ոչ մի լուրջ չափաբաժին չի հատկացնում ԱԺ-ն ժամկետից շուտ ցրելու կամ չցրելու մարաթոնյան բանավեճին, որովհետեւ գիտե (գիտենք), որ ինքն առանց որեւէ դժվարության պատգամավոր կընտրվի թե՛ աշնանը, թե՛ գարնանը եւ թե՛ տարվա մյուս եղանակներին։

Այսքանն ընդհանուր առմամբ՝ ԱԺ ներկայիս պատգամավորների տրամադրությունների մասին։ Բայց մենք հասկանում ենք, որ եթե միայն ներկայիս պատգամավորների շահագրգռվածության հարցը լիներ, ԱԺ-ն ժամկետից շուտ ցրելու անհրաժեշտության գաղափարը դժվար թե այսքան հասունանար եւ լսելի դառնար։ Իրականում այս գաղափարի շուրջ ամենաշահագրգիռները հենց նրանք են, ովքեր այս ԱԺ-ում չկան եւ այս պահին դրսում են՝ մեր կողքին, բայց նաեւ մտածում են, որ իրենց իսկական տեղը ոչ թե մեր կողքին է, այլ՝ ԱԺ-ում։ Սրանք էլ, իրենց հերթին, բաժանվում են երկու խմբի։ Առաջին խումբը նրանք են, ովքեր մեկ անգամ արդեն եղել են պատգամավոր, կոպիտ ասած՝ մի անգամ արդեն պատգամավորության համը տեսել են եւ, փաստորեն, շտապելու օբյեկտիվ պահանջ ունեն։ Երկրորդ խումբը նրանք են, ովքեր, երբեւէ պատգամավոր չլինելով հանդերձ, քաջ գիտակցում են դրա իմաստն ու նշանակությունը։

Այս երկու խմբերն էլ, իրենց հերթին, բաժանվում են երկու իրարից միանգամայն տարբեր ենթախմբերի։ Առաջին ենթախմբում պայմանականորեն ընդգրկված են նրանք, ովքեր ժամանակին եղել են պատգամավոր եւ հիմա՝ հենց այս պահին ընտրվելու գերազանց շանսեր ունեն եւ, բնական է, ամբողջ ձայնով են աղաղակում ԱԺ-ն ցրելու անհրաժեշտության մասին։ Իսկ մյուս ենթախմբում ընդգրկվածները (պայմանականորեն) նրանք են, ովքեր, ճիշտ է, նույնպես ժամանակին պատգամավոր եղել են, բայց այս պահին այնքան էլ վստահ չեն, որ կընտրվեն եւ, բնականաբար, դեպքից դեպք եւ շշուկով են միանում ԱԺ-ն ժամկետից շուտ ցրելու իրենց գաղափարակիցների պահանջին՝ համբերատար սպասելով, թե իրադարձություններն ինչ ընթացք կստանան։

Հենց նույն այս տրամաբանությամբ էլ երկրորդ (երբեւէ պատգամավոր չեղածների) խումբն է բաժանվում երկու տարբեր ենթախմբերի։
Որոշ ընթերցողներ հավանաբար կմտածեն, թե ես շատ եմ բարդացնում։ Այդպես մտածողները, հավատացեք, ոչ երբեւէ պատգամավոր եղել են, ոչ էլ երբեւէ կդառնան, որովհետեւ իրականում ես ոչ թե բարդացնում եմ, այլ՝ պարզեցնում։ Այսինքն՝ սա ոչ թե բարդագույն մաթեմատիկա է, այլ՝ պարզագույն թվաբանություն, եւ սա չգիտակցողներն իրավամբ իրավունք չունեն պատգամավորության մասին երազել։

Այսքանն էլ՝ ընդհանուր առմամբ դրսինների մասին։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ, այս ամենից բացի, նաեւ կուսակցությունների խնդիրը կա։ Խոսքը ցուցակներով ընտրվողների մասին է, եւ, չնայած համամասնականի ու մեծամասնականի խնդիրներն ԱԺ-ում քննարկվել են եւ էլի կքննարկվեն, բայց դրանք անիմաստ են եղել եւ էլի անիմաստ կլինեն, քանզի քննարկողների համար պարզ չէ գլխավորը. ԱԺ ընտրություններն ա՞յս տարի են անցկացվելու, թե՞ եկող տարի։

Իսկ ցուցակներով ընտրելու եւ ընտրվելու փորձ արդեն ունենք։ Նաեւ այդ փորձը հաշվի առնելով, կարծում ենք, որ համամասնական տարբերակով պատգամավորական տեղերի հույսեր կարող են փայփայել (թե՛ հիմա, թե՛ եկող տարի) ՀՅԴ-ն, Դեմիրճյանի կազմակերպությունը, Կոմկուսը, ԱԺՄ-ն, Երկրապահը (Հանրապետականը), ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը։ Մյուս կազմակերպությունների ամենաակտիվ ու ամենահայտնի ներկայացուցիչները, հավանաբար, հաջողության կհասնեն մեծամասնական տարբերակով։ Բոլորովին պատահական չէ, որ վերոհիշյալ կազմակերպությունները, ընտրական օրենսգրքի քննարկումներին ակտիվորեն մասնակցելով հանդերձ, նույն ակտիվությունը չեն բերում ԱԺևն ժամկետից շուտ ցրելու դարակազմիկ գործընթացին։

Այս գործում հիմնական ներդրումն, իհարկե, արբանյակ կուսակցություններինն է, որոնք, «Արդարություն եւ միասնություն» համագործակցության շրջանակներում խմբվելով իրենցից ավելի մեծերի շուրջ, իրավամբ կարող են ընդհանուր ցուցակով նոր ԱԺ թափանցելու հույսերով ներշնչվել։ Եվ ճիշտ են անում, որ շտապում են, քանզի այս համագործակցությունը կարող է եւ երկար չգոյատեւել։

Եթե «Հանրապետություն» միավորումը քայքայվեց միայն այն ժամանակ, երբ բանը բանից արդեն անցել էր, ապա չի բացառվում, որ «Արդարություն եւ միասնությունը» փլուզվի ԱԺ նոր ընտրությունների հենց նախօրյակին, որովհետեւ դժվար թե ՀՅԴ-ն կամ «Երկրապահը» (Հանրապետականը) ՀՀՇ-ի չափ հիմար գտնվեն եւ իրենց հաշվին ու իրենց խողովակով պատգամավորական մանդատներ նվիրեն իրենց հետ որեւէ սկզբունքային առնչություն չունեցող մանրևմունր կազմակերպություններին ու դրանց անդամներին։

Քաղաքական բարեգործությունների ժամանակներն անվերադարձ անցել են, քանզի պատգամավորական յուրաքանչյուր տեղի արժեքն այսօր անհամեմատ ճշգրիտ է գիտակցվում։ Իմ այս կիսատ ու պռատ վերլուծությունն ամբողջական ու վերջնական երեւալու միտում իսկ չունի, եւ թող որեւէ մեկն ինձնից վիրավորվելու փորձ անգամ չանի, քանզի գործի բերումով վիրավորվողներն ու գործի բերումով հապշտապ բարիշողները վերջերս շատ են շատացել, եւ բոլորս էլ հիմնավորապես հասկացել ենք, որ միայն պատերազմում մարդը կարող է հիմնավորապես վիրավորվել։

Իսկ հետընտրական ու նախընտրական այս առքուհաշիվներն ավելի քան բնական բաներ են, եւ ողջ առաջադեմ աշխարհում են դրանք բնական համարվում, եւ մերոնք (գործիչներն ու ժողովուրդը) իզուր են շարունակում մեկը մյուսի առաջ չքմեղանալ՝ դիտմամբ չհասկանալու տալով այն հանրահայտ իրողությունը, որ քաղաքականությունն ու անբարոյականությունը դարեր ի վեր իրար կիպ հագած ու սերտաճած բաներ են, եւ որ՝ ողջ աշխարհում պատգամավորական թափուր տեղերը մշտապես ու հետեւողականորեն հատկացվել ու հատկացվում են բացառապես մարդկանց եւ ոչ թե՝ հրեշտակներին։

Այնպես որ՝ ընդհանուր առմամբ պարզ է, թե ում է ձեռնտու ԱԺ-ն ժամկետից շուտ ցրելը, եւ ում՝ ոչ։ Բայց առայժմ պարզ չէ գլխավորը. ո՞ր տարբերակն է ձեռնտու Հանրապետության նախագահին։ Չկան մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ. կան շահեր։ Ուզում եմ ասել, որ անձամբ ինձ էլ, հավանաբար, ձեռնտու չէ ԱԺ-ի շուտափույթ լուծարումը, որովհետեւ իմ այս «շաբաթախոսությունները» եւս մի քանի ամիս ձգելով, ինքս էլ եկող տարի դեպուտատ դառնալու վատ շանսեր չեմ ունենա։ Եթե, իհարկե, արդար ընտրություններ լինեն։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031