Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐՋԱԿԵՏ ԴՆԵԼՈՒ

Հուլիս 18,1998 00:43
Miqayel Danielyan

Ես վաղուց եմ վճռել չտպագրվել հայաստանյան մամուլում, առավել եւս, չպատասխանել ինձ հասցեագրված լուտանքներին, որովհետեւ, նախ՝ Հայաստանում մամուլը չեմ համարում ազատ եւ անկախ, երկրորդ՝ հաշվի եմ առնում մտածելակերպերի տարբերությունը, եւ վերջապես, թանկ եմ գնահատում ժամանակս։

«Առավոտ» թերթն ընտրեցի լոկ այն պատճառով, որ 12.06.98 թ. համարում զետեղված է հոդված, որը, ինչպես հասկանում եմ, պետք է ընդունել իբրեւ պատասխան Աննա Հակոբյանի հոդվածին՝ տպագրված նույն «Առավոտում»՝ 10.06.98 թ.։ Սակայն պատասխան որպես այդպիսին, գոյություն չունի, քանզի ԻՄ-ի անդամները լավ են յուրացրել Հայաստանի նորագույն պատմության պատգամներից մեկը՝ դեմագոգիան։ Ինչ խոսք, ցանկալի կլիներ տեսնել հեղինակների ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ։ Ուստի անմիջապես բացատրեմ. «Իրավապաշտպա՞ն, թե՞ շոումեն» հոդվածը անձնական հաշիվների մաքրում չէ. դրա համար կա դատարան (թեկուզ եւ ծախված), հոդվածը անպատկառության եւ անբարոյականության մասին է։ Հերթով բացատրեմ։

Աննա Հակոբյանը՝ իմ կինը, Հելսինկյան ընկերակցության գործադիր տնօրենն է։ Ավելին՝ Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոնուհի, «ԱեւՄ» հրատարակչության գլխավոր տնօրեն, Պրովանսի համալսարանի դոկտոր, պետական համալսարանի դասախոս։ Նա հեղինակ է տասնյակից ավելի գրքերի՝ թարգմանաբար ներկայացնելով ֆրանսիական պոեզիան եւ արձակը, որի համար եւ նրան մեծարում է Ֆրանսիան։ Այո, երբ Ստեփան Զատիկյանը եւ մյուսները նստած էին բանտերում, Ա. Հակոբյանը շախմատ էր խաղում բոլոր մեծերի հետ, այդ թվում նաեւ Հայրիկյանի «ընկեր» Կասպարովի հետ, որը ժամանակ առ ժամանակ օգտվում էր իսկական կուսակցական եւ չեկիստ Ալիեւի բարեհաճությունից։ Բայց առավել եւս անբարոյական է հոդվածագիրների վարքագիծը՝ թաքնվել այն մարդկանց անունների տակ, որոնց բարոյական կերպարը ոչ իրենք, ոչ Հայրիկյանը չփորձեցին փրկել, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունը հեռուստաէկրաններից աղտ էր թափում նրանց վրա։ Դրան կա բացատրություն։ Եթե Զատիկյանը եւ մյուսները, նաեւ Հայրիկյանը բանտ էին նստել հանուն անկախության, հիշողությունը կորցրած Հայրիկյանը 1995 թ. արդեն քվեարկեց հօգուտ «անկախ» Հայաստանի տարածքում ռուսական զինված ուժերի տեղադրման։

Հիմա Հելսինկյան ընկերակցության մասին. այն Հայաստանի տարածքում գործող իրավապաշտպան կազմակերպություն է, որն իր գրասենյակներն ունի Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, իր ներկայացուցչությունը՝ Եղեգնաձորում, Կապանում, ինչպես նաեւ Ռուսաստանում (Մոսկվա) եւ Գերմանիայում (Մենհենգլադբահ), այնպես որ, անգամ ամենամեծ ցանկության դեպքում ընկերակցությունը չի կարող բաղկացած լինել երկու հոգուց։ Մեր գործունեությունը բարձր գնահատվեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եւ Եվրամիության կողմից՝ արժանանալով մեծ պարգեւի։ Այստեղ ոչ մի ներդրում չունի Հայրիկյանը։ Այլ բան է, եթե նա ինչևոր ձեւով ուզում է մերձենալ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ախր նա դրանից նույնքան հեռու է, որքան եւ իր հանձնաժողովի անդամները։ Եվ առավել եւս, իմ իրավապաշտպան լինելու հարցում ոչ մի ներդրում չունի Հայրիկյանը՝ «անկախ» Հայաստանի ոչ լեգիտիմ նախագահի խորհրդատուն։

1988 թ. ես ծանոթացա Մոսկվայի «էքսպրես-Խրոնիկա» իրավապաշտպան թերթին։ Այն ժամանակ ես չէի ճանաչում Հայրիկյանին։ Այո, Ալեքսանդր Պոդրաբինեկը՝ վերոհիշյալ թերթի խմբագիրը, Հայրիկյանի ընկերն է, սակայն դա միայն տուրք է անցյալին։ Այսօր նրանց ուղիները տրամագծորեն հակադիր են։ Ժամանակին ակադեմիկոս Իշխանյանը նկատել է, որ «Մենք այդպես էլ չունեցանք մեր Սոլժենիցինին»։ Ես այսպես կբառափոխեի նրա ասածը՝ «Մենք այդպես էլ չունեցանք մեր Կովալյովին»։ Եթե Սերգեյ Կովալյովը՝ նույնպես քաղբանտարկյալ, հրաժարվեց օբուդսմենի իր պաշտոնից, երբ չկարողացավ Չեչնիայի կեղտոտ պատերազմի դեմն առնել, որ սանձազերծել էին ռուս միլիտարիստն ու կեղծ դեմոկրատևկոմունիստները, ապա Հայրիկյանը վազեց նման քաղաքական գործիչների մոտ, այն մարդու մոտ, որի դեմ հենց ինքը ելույթ ունեցավ Ազգային ժողովում 1998 թ. փետրվարի 4-ին։ Ես հասկանում եմ, որ «մեծատառով» անվանվող մարդուն շրջապատողները չեն կարող հիշել սա, ինչպես չեն հիշում Հայրիկյանի զազրելի պահվածքը 1996 թ. սեպտեմբերի 26-ին։ Լավ է, գոնե խոստովանում են, որ այսօր իրեն «իրավապաշտպան» անվանող քաղաքական գործիչը որպես սկիզբ ունեցել է զինված ջոկատներ։ Իսկ դա Հայաստանում կոչվում է «ազգային իրավապաշտպան»։

Իսկ հետաքրքիր է, հիշո՞ւմ է Հայրիկյանը 1992 թ. հունվարը, երբ ԱԻՄ լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից հեռանալիս ասացի. «Գնում եմ, որովհետեւ ԱԻՄ-ում հովանավորվում է անմակարդակությունը»։ «Ո՞ւմ կողմից»,- հարցրեց Հայրիկյանը։ Պատասխանը հակիրճ եղավ. «Ձեր»։ Ներկա էր նաեւ Վ. Ասցատրյանը։ 1991 թ. վերոհիշյալ պաշտոնին ինձ հրավիրեցին՝ Մոսկվայի իրավապաշտպանների հետ կապեր ունենալուս համար։ 1993 թվականին ես վերադարձա միայն մեկ պայմանով, որ ես չեմ լինի ԱԻՄ-ի անդամ։ Գործակալության թալանման գործի քննությունը Հայրիկյանը փակել տվեց միայն այն պատճառով, որ վախենում էր, թե վտանգի կենթարկվի իր իմիջը, որը վաղուց արդեն սասանվել էր։ Հենց այս հանգամանքով է բացատրվում Հայրիկյանի ցանկությունը՝ աշխատել մարդու իրավունքների ասպարեզում, որն այսօր մոդայիկ է եւ համբավաբեր։

1996 թ. նախագահական ընտրությունների նախօրյակին Ժուռնալիստի տանն անցկացրած մամլո ասուլիսում իմ հարցին. «Ինչո՞ւ Դուք, որպես պատգամավոր, երբեք չեք բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման հարցը Հայաստանում», Հայրիկյանը պատասխանեց. «Այո, դա իմ բացթողումն է»։ Եվ ահա արդեն երկու տարի անց Հայրիկյանը հայտնի իրավապաշտպան է՝ շրջապատված ռուս-բելառուսական միության կողմնակիցներով, զանազան գույնի ազգայնամոլներով, նախկին կոմունիստներով։ Բայց դրա փոխարեն Հայրիկյանը Հելսինկյան ընկերակցություն է ուղարկում մարդկանց, որոնք իր օգնությանն են դիմում։ Վաշինգթոնից ինձ հարցնում են. «Ճի՞շտ է, որ Հայրիկյանը նշանակվել է մարդու իրավունքների գծով նախագահի խորհրդական։ Հիանալի կլինի, եթե դուք չհաստատեք այդ լուրը…»։ Ոչ, սիրելի բարեկամներ, դա ճշմարիտ է։ Ինչպես եւ ճշմարիտ է, որ քողարկվելով ազգային շահերի տակ, նա ի մահ է ուղարկել տասնյակ անմեղ երիտասարդների։ Այն օրերին հենց այդպես էլ վարվում էին Վազգեն Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մյուս կուրծք ծեծող «դեմոկրատները»։

Այնպես որ, պարոն ՊԱԼԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ, հիշեք, որ ձեր բոլորի վրա կա մարդկանց արյունը։ Իսկ այդ ընթացքում, ըստ երեք հոդվածագիրների, ես ժամանակս անցկացնում էի ջազ-ակումբներում։ Նախ, դա իմ անձնական հարցն է, որտեղ, երբ եւ ում հետ (այնպես չէ՞, Հակոբ Յումուշուդյան) կարող եմ լինել։ Երկրորդ. ես սիրում եմ ջազ. այդ երաժշտությունը լրիվ անհարիր է Հայրիկյանի «ազգային ռեալիզմին»։ Եվ երրորդ. դուք այդպես էլ չսովորեցիք Աստվածաշունչը, դուք՝ երբեմնի Ազգային Քրիստոնավարներդ։ Կամ էլ Քրիստոսի պատգամները ոչ ձեզ համար են, ոչ էլ, իհարկե, Հայրիկյանի, որ պատեհևանպատեհ Աստծուն է դիմում։

Բանտ կա՞ ԱԻՄ-ում։ Մինչեւ վերջ ավելի ճշգրիտ լինելու համար ես այն կանվանեի ժամանակավոր կալանավորման խուց։ Գուցե դուք այլ կերպ եք կոչում։ Այս հարցն ուղղվում է արդեն հոդվածագիրներից Ռուբեն Վարդանյանին։ Նրանից բացի, ուրիշ էլ ո՞վ կարող է իմանալ նրա ճշգրիտ անվանումն ու տեղը։ Իսկ եթե գործը հասնի դատարան, «բյուրեղյա մաքուր» անդամները կտա՞ն ցուցմունքներ։ Այսպես, օրինակ, կհաստատե՞ն արդյոք Հրաչ Գասպարյանը եւ Հակոբ Յումուշուդյանը, որ հենց իրենց ստորագրություններն են դրված փաստաթղթի վրա առ այն, որ բարեգործական հիմնադրամի փողերի ՏՈԿՈՍՆԵՐԻ վճարման համար իրենք ինձնից ընդունել են N թվով գումար, որ պարտք էի վերցրել Գրիգոր Գրիգորյանից։ Կրկնում եմ՝ ՏՈԿՈՍՆԵՐԸ։

Ինչ վերաբերում է կնոջ երջանկությանը, ապա դուք չէ, որ պիտի դատողություններ անեք այդ մասին, պարոն Հայրիկյան։ Ավելի լավ է, այդ մասին հարցրեք ձեր շրջապատի կանանց, ինչպես այսօրվա, այնպես էլ անցյալի։ Իսկ եթե Ա. Հակոբյանը դժբախտ է, ապա միայն այն պատճառով, որ ունի «նման» ամուսին։ Բայց դա արդեն մեր խնդիրն է։
Անշուշտ, հոդվածի փոխարեն կարելի էր գրել մի նախադասություն՝ Պանիկովսկու խոսքերը. «Жалкие, ничтожные люди»։ Եվ այստեղ դնել վերջակետ։

ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031