Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հուլիս 18,1998 00:23

Նախագահին առընթեր ստեղծվել է հերթական հանձնաժողով, որը հերթական անգամ իր մեջ է ներառել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Իմ սկզբնական վերաբերմունքն այդ նախաձեռնությանը դրական էր: Սակայն քիչ հետո գերակշռող դարձավ մեկ այլ նկատառում. որքան շատ են նույն տրամաբանությամբ ստեղծվող ձեռնարկումները, այնքան շատ են դրանց վերաբերյալ կասկածներ առաջանում: Եվ պատճառը միայն այն չէ, որ միեւնույն գաղափարը բազմիցս կրկնվելով՝ կորցնում է իր կենսունակությունը:

Առաջին դեմքի շուրջ տարբեր մարմինների ստեղծման ձգտումը քաջ հայտնի է: Որքան ուժեղ եւ հետեւողական է արտահայտվում այդ ձգտումը, այնքան շատ հիմքեր կան խոսելու իշխանության դժվարությունների մասին: Օրինակ՝ Նիկոլայ Երկրորդը (որին, ի դեպ, երեկ վերջապես թաղեցին), իր իշխանության վերջին տարիներին, օրենքով նախատեսված Պետդումային զուգահեռ, ակտիվացրեց Պետխորհրդի աշխատանքը: Սակայն խորհրդարանի նման հակակշիռը 1917 թվականին ցարին չօգնեց:

Նախագահի շուրջ ստեղծվող բազմաթիվ հանձնաժողովները կոչված են, հավանաբար, ծառայել առնվազն երկու նպատակի. առաջին՝ մտցնելով ընդդիմությունը նախագահական պալատ, այն վերահսկելի եւ «անվնաս» դարձնել, երկրորդ՝ ձեռքի տակ ունենալ քաղաքական ուժ, որը ոչ սահմանադրական լինելով, այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինել խորհրդարանին:

Իհարկե, կարելի է պատճառաբանել, որ այդ հանձնաժողովները խորհրդակցական բնույթ ունեն: Բայց միեւնույն է, «հանձնաժողովային» ճանապարհը դժվար թե նպաստի բազմակուսակցության քաղաքակիրթ հիմքերի ստեղծմանը: Ակնհայտ է, որ «կեղծ կլոր սեղանի» շուրջ ծաղկելու է անսկզբունքայնությունն ու հարմարվողականությունը: Դրա հետեւանքով նույնիսկ միաձույլ կառույցի համբավ ունեցող Դաշնակցությունը կարող է տարամետ դրսեւորումներ ունենալ:

Համոզված եմ, որ «մաքոքային» շարժումները իշխանության նկատմամբ, հավատարմությունից դեպի կուսակցական սկզբունքները եւ հետ՝ ի վերջո, կհանգեցնեն ցանկացած սկզբունքի դավաճանությանը: Պատմության մեջ նման օրինակները բազմաթիվ են: Պարզապես մենք այսօր գործ կունենանք նույն երեւույթի հայկական դրսեւորման հետ:

ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031