Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 18,1998 21:15
Vasak Darbinyan

«Խորհրդարանական ժամ»… հաղորդումը պիտի խորհրդարանի դրական իմիջը ձեւավորի եւ պատասխանի այն հարցին, թե ով է ԱԺ պատգամավորը»։

ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆ, ԱԺ փոխխոսնակ «Առավոտ», 17 հուլիսի

Խորհրդարանի դրական իմիջը ձեւավորելու նպատակով հիշյալ հաղորդաշարից զատ անհրաժեշտ է ստեղծել նաեւ «Ինքդ քեզ պատգամավոր», «Պատգամավորի անկեղծության պահ», «Գուշակիր պատգամավորին», «Պատգամավորներ՝ փոստով», «Բարի գիշեր, պատգամավորներ» հաղորդաշարերը, նկարահանել եւ անհապաղ ցուցադրել «Պատգամավորական ժառանգություն», «Պարզապես պատգամավոր», «Էլենը եւ պատգամավորները», «Պատգամավոր Բարբարա» եւ այլ բազմասերիալ հայկական ֆիլմեր։

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի առջեւ ծառացած այն հարցին, թե ով է ԱԺ պատգամավորը, ապա, մեր կարծիքով, ճիշտ կլինի հիշյալ՝ «Պատգամավորական ժամ» հաղորդաշարի ընթացքում կիրառել «ռազբիրատի» ժանրը. պատգամավոր զույգերը կանգնեն դեմ առ դեմ եւ անընդհատ միմյանց հարց տան. «Դու ո՞վ ես», «Բա դո՞ւ ով ես»… Այնքան ժամանակ, մինչեւ վերջապես, ճշտվի, թե նրանցից ով է պատգամավորը։

ԿՈՐՉԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

«Խորհրդարանական ժամ»… հաղորդումը պիտի ազատ մամուլին հակակշիռ դառնա, որն իր խնդիրներն է լուծում եւ մեր աշխատանքները ճիշտ չի լուսաբանում»։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ «Առավոտ», 17 հուլիսի

Ռազմիկ Մարտիրոսյանը ճիշտ կանի, եթե խղճի ազատությանն ի հակակշիռ էլ մի քանի եկեղեցի քանդի, դավանանքի ազատությանն ի հակակշիռ՝ հայ ժողովրդին հավատափոխ անի, կրթության իրավունքին ի հակակշիռ՝ ավերի դպրոցներն ու բուհերը… Եվ նման այլ մեծագործություններ։

ԺՈՂՈՎՐԴԻ ԽՈՍԱՓՈՂԸ

«Ժողովուրդն արդեն հոգնել է սխալներից եւ ինչպես Դաշնակցությունից, այնպես էլ քաղաքական մյուս ուժերից սպասում է սթափ, իրատեսական մոտեցումներ»։

ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ «Իրավունք», թիվ 33

Կիմ Բալայանի այս խորաթափանց դիտարկման հիմքը ժողովրդի հետեւյալ խոստովանությունն է. «Ես՝ ՀՀ ժողովուրդս, արդեն հոգնել եմ սխալներից։ Ինչպես Դաշնակցությունից, այնպես էլ քաղաքական մյուս ուժերից սպասում եմ սթափ, իրատեսական մոտեցումներ։ Ուրիշ ոչինչ ոչ մի տեղից չեմ սպասում։ Համոզված եմ, որ ՀՅԴ եւ քաղաքական մյուս ուժերի սթափ, իրատեսական մոտեցումները կթեթեւացնեն վիճակս»։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031