Որքան մոտենում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության 100 օրը, այնքան ակտիվորեն են տեսակետներ արտահայտում ընդդիմադիր գործիչները եւ, մասնավորապես, այս տարվա սկզբին քաղաքական պարտություն կրած ՀՀՇ-ն: Հինգշաբթի հստակեցվեց այդ կուսակցության մոտեցումը ներկա իրավիճակին, որը կարելի է ձեւակերպել որպես պատերազմի եւ իշխանափոխության կանխատեսում: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ այդ տեսակետները մեր թերթում տպագրելու փաստը ամենեւին չի նշանակում, թե խմբագրությունը համաձայն է դրանց հետ: Ճիշտ այդպես 94-97 թվականներին մենք հրապարակում էինք դաշնակցության եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների տեսակետները: Մասնավորապես, դժվար է համաձայնել ՀՀՇ-ի ղեկավար Վանո Սիրադեղյանի հետ, երբ նա ասում է, թե «այն հայրենիքը, որ ներկայացնում են այսօրվա կառավարիչները, այդ հայրենիքը պաշտպանել կամեցողների թիվը օրըստօրե նվազում է»: Միտքն իր բնույթով ԱԺՄ-ական, ավելի ճիշտ՝ սադոյանական է. կա երկու Հայաստան՝ հարուստների եւ աղքատների եւ այլն: Իրականում հայրենիքը պաշտպանելու ցանկությունը ամենեւին էլ կախված չէ կառավարիչների որակներից, ինչպես մեր երեխաների նկատմամբ սերը պայմանավորված չէ թագավորի լավ կամ վատ լինելով:
Ինչպես նախորդ, այնպես էլ ներկա վարչակազմի ներքին եւ արտաքին քաղաքականությունն ունի բազմաթիվ խոցելի, պախարակելի եւ նույնիսկ վտանգավոր դրսեւորումներ: Դրանց մասին մենք գրել եւ գրելու ենք, ինչպես նաեւ բոլորին /այդ թվում՝ ՀՀՇ-ին/ արտահայտվելու հնարավորություն ենք տալու: Սակայն ենթադրում ենք, որ ամեն տարի իշխանություն փոխելը /այն էլ մշտապես ղարաբաղյան խնդիրն օգտագործելով/, որին ավանդաբար ձգտում է հայաստանյան ընդդիմությունը, կարող է այս երկիրը վերջնականապես արյունաքամ անել: Եթե, ասենք, տարին մեկ շահութաբեր «օբեկտները» խլեն ՀՀՇ-ականներից, տան դաշնակներին, այնուհետեւ խլեն դաշնակներից, տան հնչակներին եւ այսպես շարունակ, ապա, ի վերջո, այդ օբյեկտներից բան չի մնա: Եվ 7-8 տարի հետո «օբեկտի» տեր դարձած իշխանավորը զարմանքով կհամոզվի, որ այլեւս քամելու ոչինչ չմնաց: