Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմենը՝ թատրոնից վտարված

Հուլիս 17,1998 00:00
Tigran Levonyan

Հուլիսի 4-ի մեր հայտնի հրապարակմանն արձագանքեցին թատրոնից վտարված բազմաթիվ երգիչ-երգչուհիներ եւ անգամ օպերային թատրոնի հետ առնչություն չունեցող արվեստագետներ։ Տիգրան Լեւոնյանի գործունեությանը լավատեղյակ անձինք զարմացան (քիչ է ասել՝ զարմացան) նրա ասուլիսային արձագանքից՝ դատարան դիմելու սպառնալիքից, եւ մինչեւ այսօր սպասում են այդ դատավարությանը մասնակցելուն ու այլ փաստեր մեջբերելուն։ Տ. Լեւոնյանի՝ թատրոնի տնօրեն եւ այլ պաշտոններ զբաղեցնելուց հետո աստիճանաբար թատրոնից վտարվեցին այնպիսի երգիչ-երգչուհիներ, ինչպիսիք են Ռայա Շիրինյանը, Լիլյա Օվչյանը, Գագիկ Շիրինյանը, Մարիետա Անտոնյանը, Ռեբեկա Օջախյանը… Իսկ քանի՜- քանի անուններ, որոնք այսօր հանդես են գալիս օտարերկրյա բեմերում, չեն ուզում լսել անգամ Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի անունը՝ «շնորհիվ» Տիգրան Լեւոնյանի, որը, առանց երգչի տաղանդը հաշվի առնելու, նրանից ազատվելու համար հրաման էր արձակում առաջատար դերից տեղափոխվել թատրոնի երգչախումբ։

Մեցցո-սոպրանո Լիլյա Օվչյանը վերջինն էր այդ սերնդից, որ հեռացավ թատրոնից։ Վ. Բագրատունու 1982 թ. բեմադրած «Կարմեն» ներկայացման Կարմենի դերակատարուհին եւ երգչուհին, որը նաեւ Ալմաստն էր, «Աիդայում» Ամներիսն էր, ավելի ուշ երգում էր «Տրուբադուրում» եւ Հայաստանում մրցանակ ստացավ լավագույն կանացի դերի համար։ Նա երգել է Լ. Կոգանի հետ, Մոսկվայի սիմֆոնիկ մեծ նվագախմբի հետ, Ֆրանսիայում մասնակցել է «Սան-Ռիկիե» փառատոնին՝ Բախի «Մագնիֆիկատի» կատարմամբ։ Երգել է Մոցարտի «Ռեքվիեմը», Պերգոլեզիի «Ստաբատ Մատերը», Վերդիի «Ռեքվիեմը», որը վերջերս կատարեց նաեւ Օհան Դուրյանի հետ եւ մեծ դիրիժորը նրան անվանեց «վարպետ- երգչուհի»։

Նույն ժամանակ, երբ Լ. Օվչյանը կոնտրակտային հյուրախաղերի էր Ֆրանսիայում եւ բարձր գնահատանքների էր արժանանում, Կոգանի հետ համերգ էր կատարում, Երեւանում Տ. Լեւոնյանը որոշում է, որ այդուհետ Լ. Օվչյանը պետք է երգչախմբում երգի։ Վերջինս, իհարկե, չի ենթարկվում եւ հեռանում է թատրոնից, որտեղ աշխատել է 1979 թվականից։ -1982 թ. բեմադրվեց «Կարմենը»։ Շատերն էին հետաքրքրված այդ ներկայացումով, ինձնով, համարվում էի Սովետական Միության ամենաերիտասարդ Կարմենը։ Այն ժամանակ շատ օպերային թատրոններ չէին բեմադրում «Կարմենը», որովհետեւ շատ բարդ պարտիա է։ Բազմաթիվ հյուրախաղերի էինք գնում Մոսկվա, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա… ստեղծագործական բուռն մթնոլորտ էր տիրում թատրոնում։ Հետո, երբ թատրոնի տնօրենը փոխվեց, ստեղծագործական եւ բարոյական մթնոլորտը շատ զգուշորեն, կամաց-կամաց, անգամ թատրոնի աշխատողների համար աննկատելիորեն սկսեց փոխվել, խաղացանկն աղքատացավ, շատ ներկայացումներ դադարեցին բեմ դուրս գալ ու կորան անաղմուկ։

Տիգրան Լեւոնյանը հեռանկարային քաղաքականություն էր վարում։ Ես նրան համարում եմ ոչ միայն մեր թատրոնի, օպերային արվեստի, այլ նաեւ մեր ազգի թշնամին։ Նա կարողացավ շատ կարճ ժամանակում ավերել, ոչնչացնել տասնյակ տարիներով ստեղծված բարձր արժեքները։ Չեմ վախենում ասել, որ այդ տարիներին ռեպրեսիա էր սկսվել թատրոնում։ 1990 թվականի սկզբներից քայլ առ քայլ իմ սերնդակից երգիչ-երգչուհիները ստիպված հեռանում էին թատրոնից։ Այդ ամենը թատրոնում շատ խորամանկորեն եւ վարպետորեն էր կազմակերպվում եւ շատերս չէինք հասկանում։ Այսօր, իհարկե, թատրոնում կան 2-4 լավ մենակատարներ, բայց չորսը դեռ օպերային թատրոն չէ։ Այդպես չի լինում։

Միշտ էլ թատրոնում պետք է լինեն երիտասարդ ուժեր, բայց նրանք դաստիարակվում-կրթվում են մեծերի կողքին։ Երբ ես մուտք գործեցի թատրոն, այնտեղ երգում էին այնպիսի երգիչներ, ինչպիսիք էին Գոհար Գալաջյանը, Գոհար Գասպարյանը, Միհրան Երկաթը, Արշավիր Կարապետյանը… Ինչպե՞ս կարելի է թատրոնից վտարել օպերային թատրոնի կորիզ հանդիսացող պրոֆեսիոնալ երգիչներին, այն էլ՝ շատ ցինիկաբար ու անկիրթ ձեւով։ Ես թատրոնում պայմանագրով աշխատում էի որպես մեներգչուհի եւ դեռ պայմանագրի ժամկետը չլրացած հանկարծ իմացա, որ ինձ տեղափոխել է երգչախումբ՝ հաստատ իմանալով, որ ես, բնականաբար, երգչախումբ գնալուն չէի համաձայնելու։ Եվ այդ հրամանը տալիս է մի մարդ, որը բարոյական իրավունք չուներ բեմում հայտնվելու։ Չէի վիրավորվի, եթե պարզապես հեռացներ, որովհետեւ իսկապես ոչինչ չկար ինձ համար երգելու, ամեն ինչ խաղացանկից հանվել էր։ -Ինչպե՞ս էր պարոն Լեւոնյանը բացատրում իր այդ քայլերը։ -Շատ ցինիկ եւ կոպիտ ձեւով՝ չեմ ուզում եւ վերջ։ Հայտարարում էր, թե օպերային թատրոնն իր անձնական թատրոնն է. «ինչ ուզում, այն էլ անում եմ»։

Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը, ասում էր՝ «այստեղ միայն մի հանճար կա եւ դա ես եմ»։ Ես կարող եմ բացատրել նրա այդօրինակ գործունեության պատճառը։ Չմոռանանք պատմությունը։ Ո՞վ էր Տիգրան Լեւոնյանն այդ թատրոնում։ Ամբողջ կյանքում նրան վանում էին իբրեւ վատ երգչի։ Աճեմյանը եւ Գուլակյանը բեմին մոտ չէին թողնում։ Նա իսկապես եղել է եւ կա վատ երգիչ։ Նա տաղանդավոր ավանտյուրիստ է։ Մի մարդու, որին ամբողջ կյանքում վիրավորում էին, որ վատ երգիչ է եւ իր կնոջ շնորհիվ է հասել ամեն ինչի, պատկերացնո՞ւմ եք որքան թույն է կուտակել տարիներ շարունակ։ Հիմա նրան իշխանություն է տրվել եւ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է աներ։ Ոչնչացրեց սերունդների ստեղծածը։ Նա մեծամտության մոլուցքով է տառապում։ Տանել չէր կարողանում Բագրատունու պես մեծատաղանդ արվեստագետին։ Եվ հիմա լավ է զգում, որ իր կողքին պրոֆեսիոնալներ գրեթե չկան։ Այդպիսի թատրոնը երբեք ապագա չի կարող ունենալ։ Դա ազգային ողբերգություն է…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031