Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՈ՛, ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ ԱՆՈՐԱԿ ԵՐԳՉԻՆ

Հուլիս 17,1998 00:00
Ohan Duryan

Ասում է Օհան Դուրյանը

Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Արմեն Սմբատյանը իր պաշտոնավարության վերջին օրերին մեծատաղանդ դիրիժոր Օհան Դուրյանին նշանակեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար։

Նախարարի այդ որոշման մասին Տիգրան Լեւոնյանն ասաց. «Այդ հրամանը մեզ համար գրոշի արժեք չունի…»։ Ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչու նախարարի հրամանը չիրագործվեց։ Բացատրեմ։ Տ. Լեւոնյանը, որոշման մասին լսելով (նույն սցենարը կիրառել էր նաեւ 1994 թվին), գործի դրեց իր հնարքներից մեկը. թատրոնի կոլեկտիվի հիշողությունը թարմացրեց իր հորինած «ճշմարտությամբ», թե Օ. Դուրյանը ահա գալու է եւ բոլորին հեռացնելու է թատրոնից, մի կտոր հացից զրկելու է…

Կազմակերպվեց բողոքի ժողով ընդդեմ Օ. Դուրյանի, որը նկարահանվեց։ Թատրոնի հետ առնչություն ունեցող մի քանի մարդիկ պատմում էին, թե ժողովի տեսաժապավենը ուղարկվել է ՀՀ նախագահին։ Գուցեեւ չի ուղարկվել, կարեւորը նկարահանելու գաղափարն ու փաստն է, ինչն արդեն ասում է մի շարք բաների մասին։ Ինչեւէ, նախարարի հրամանից հետո էլ Օհան Դուրյանը ոտք չդրեց այդ թատրոն։ Երկու ամիս առաջ պրն Լեւոնյանի հետ իմ ունեցած հարցազրույցում նա այդ մասին ասաց. «… Չի ուղարկվել եւ ոչ մեկին որեւէ տեսաժապավեն, իսկ Օհան Դուրյանի հետ կապված երկու պարզ հանգամանքներ կան։ Օհան Դուրյանը օպերային դիրիժոր չէ, այլ ֆիլհարմոնիկ դիրիժոր է։ Դիրիժորից պահանջում է այնպիսի գիտելիքներ, որպիսիք են՝ դրամատուրգիական կոնցեպցիան ներկայացման իմանալ, ռեժիսորական կոնցեպցիան, կարողանալ երգիչների հետ աշխատել։ Նա, ավելի լավ է, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատի, թեեւ դա էլ իր մոտ չի ստացվում, որովհետեւ նա շատ անհանդուրժող մարդ է։ Եվ, մանավանդ, ինքն ահավոր թշնամանում է, եթե տեսնում է, որ որեւէ մեկն աչքի է ընկնում իր մակարդակով։ Նա հատկապես հակամարտության մեջ է ընկնում երեւացող արտիստների հետ…»։

Ինչ խոսք, եթե Օ. Դուրյանի պես տաղանդավոր մարդիկ լինեին, ապա այսօր այդ թատրոնում չէին «ծնվի» նման «Անուշ», «Օթելլո», «Պողիկտոս»… եւ հանդիսատեսը կազատվեր՝ դրանք որպես արվեստ մատուցող եթերային մտքերից։ Օրեր առաջ «Տերյան» ձայնագրման ստուդիայում հանդիպեցի Օհան Դուրյանին։

– Երբ որ մշակույթի նախարարն ինձ նշանակեց օպերային թատրոնի երաժշտական ղեկավար, պարոն Տիգրան Լեւոնյանը, իբրեւ իրեն պաշտպանություն, ասում է բոլորին, թե կոլեկտիվը Օհան Դուրյանին չի ուզում։ Համարձակություն չունի ասելու, որ ինքը չի ուզում։ Եվ ինքն է, որ չի ուզում, որովհետեւ իր հեղինակությունն իբրեւ արվեստագետ շուքի մեջ է մնում կողքից։ Շատ ցավալի է, որ այդպես անհամեստ եմ խոսում, բայց դա իրականություն է եւ բոլորը գիտեն։ Ամենուր եւ բոլորին ասում է, որ Օհան Դուրյանը շատ շուտ բռնկվում է, շատ շուտ ջղայնանում է, մարդկանց վիրավորում է եւ… չգիտեմ ինչեր։ Այո՛, ճիշտ է, ես քննադատում եմ անորակ երաժշտին, ռեժիսորին, արվեստագետին, դիրիժորին։ Դա իմ սկզբունքն է։ Այս է, որ իրեն դուր չի գալիս եւ ամենուր տարածում է, թե Դուրյանը յոլա չի գնում։ Ճի՛շտ է, արվեստի մեջ յոլա գնալ չկա, արվեստը միայն որակ է պահանջում։ Արդեն երկրորդ անգամ նա կոլեկտիվից ստորագրություններ է հավաքում, ժողովներ է կազմակերպում, իբրեւ թե կոլեկտիվը չի ուզում։ Դա ճշմարտություն չէ, զրպարտություն է։

– Ճի՞շտ է, որ ժողովի ձայնագրությունն ուղարկել է ՀՀ նախագահին։

– Լսեցի, որ այդպիսի մի բան արվել է, բայց նախագահի հետ խոսել եմ եւ նախագահն այդպիսի բան չի ստացել։ Իսկ թե ո՞ր ուղղությամբ է գնացել բողոքը՝ չգիտեմ։ Փաստն այն է, որ մարդկանց հավաքել է, ստիպել է, որ ստորագրեն՝ սպառնալով, որ չստորագրելու դեպքում կզրկվեն մի քանի բաներից։

– Ձեր կարծիքով ի՞նչ վիճակում է այսօր օպերային արվեստը Հայաստանում։

– Մի՞թե Հայաստանը կարող է հպարտ լինել իր օպերայով։ Այդ որակը ինձ բացարձակապես չի բավարարում։ Տիգրան Լեւոնյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անունը հանեց օպերային թատրոնի վրայից եւ գրեց՝ Ազգային օպերա։ Ասել եմ ու կասեմ, որ այս ընթացքը, որով գնում է օպերան, որտեղ մի անձ կա միայն իշխող՝ որպես տնօրեն, ռեժիսոր եւ երգիչ, մի օր օպերային թատրոնը պետք է կոչվի Տիգրան Լեւոնյանի անունով։ Մենք բոլորս պետք է խոնարհվենք Սպենդիարյանի առջեւ, որ «Ալմաստի» նման օպերա է գրել եւ նրա անվամբ է կոչվել օպերային թատրոնը։ Եթե այդպես է ուզում մեր պետությունը, ուրեմն թող նույն ձեւով էլ շարունակի։ Որտե՞ղ է տեսնված, որ Վերդիի արիան, որ գրված է մեծ խմբի համար, փոքրացնել, մի ճնճղուկ կազմի հարմարեցնել ու 15-20 հոգով գնալ հյուրախաղերի Սոչի եւ այլուր ու ասել, թե դա Հայաստանի Ակադեմիական օպերային թատրոնն է։

Սա ուղղակի զայրույթ է առաջացնում։ Թատրոնը ոչ թե ակադեմիական, այլ շուկայական օպերայի տեսք ունի։ Ես սահմանափակ մարդ չեմ, նոր գաղափարներ, մտքեր եմ ուզում։ Բայց ինչպես կարելի է այդպես աղավաղել «Անուշը»։ Դա ոճրագործություն է։ Իսկ նախկին իշխանությունը այդ ներկայացման համար, որպես առաջնակարգ ներկայացում, շքանշան տվեց։ Այսքան տարի օպերան գոյատեւում է 3-4 ներկայացումով, եւ դրանք էլ երգում է պարոն Տիգրան Լեւոնյանը։ Բոլոր լավ երգիչները հեռացան Հայաստանից կամ դուրս եկան թատրոնից. ինքն իր համար օպերա է սարքել եւ ինքը «թագավորն» է, «ամենամեծ երգիչն է աշխարհի»։

Թատրոնում շատ մեծ փոփոխություններ են պետք։ Եթե հիմա առաջարկներ անեմ, կհասկանան, թե ինձ համար տեղ եմ ուզում բացել։ Նախարարն ինքը պետք է որոշի։ Հիմա ես վճռական քայլի առջեւ եմ կանգնած։ Եթե Հայաստանն իմ կարիքն ունի, շատ սիրով, ինչպես որ 7 տարի առանց վարձատրման աշխատել եմ, հիմա էլ պատրաստ եմ։ Ինձ փող կամ շքանշան պետք չէ, դրա համար չեմ եկել։ Պետք է պայմաններ ստեղծվեն աշխատելու համար։ Եթե պետությունը կուզի՝ ես պատրաստ եմ աշխատելու, եթե ոչ, ապա կապրեմ իմ ժողովրդի հետ, բայց ուրիշ երկրներում իմ գործունեությունը կծավալեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031