Վերջին երկու դարերի ընթացքում աշխարհի բնակչության մի զգալի մասը գտնվել է այնպիսի վիճակում, որ կամա թե ակամա համարվել է երկու կամ ավելի երկրների քաղաքացի։ Հաճախ այս վիճակը պատմական դեպքերի հետեւանք է, օրինակ՝ տնտեսական նոր հարաբերությունների, պատերազմի, մարդու քաղաքական, տնտեսական իրավունքների խախտման, սովի, արտաքսման, ցեղասպանության պատճառներով, երբեմն անձնական պատճառներով, օրինակ՝ տեղափոխություն, ամուսնություն օտարերկրացու հետ, հայրենադարձություն։ Առնչվելով այս փաստի հետ, պետությունները հենվեցին դասական մոտեցման վրա, որով մի պետության օրենքի իրավասությունն առնչվում է միայն իր երկրի քաղաքացիների եւ իր տարածքում գտնվող անհատների եւ իրավաբանական անձանց իրավունքներին։
Ինչ վերաբերվում է անհատի՝ ուրիշ երկրների քաղաքացիությանը, ապա այն պետք է սահմանվի այդ երկրների օրենքով։ Այսպիսով, երկքաղաքացիությունը չի արգելվում, այլ թույլատրվում է՝ անհատին իրավունք տալով երկու կամ ավելի երկրների քաղաքացիության իրավունքին եւ պարտականություններին ենթարկվելու։ Իսրայելն ունի հատուկ օրենք վերադարձի մասին։ Մի շարք երկրներ հատուկ առավելություններ են տալիս իրենց երկրից դուրս գտնվող հայրենակիցներին՝ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքի հարցում։ Դրանցից են՝ Բուլղարիան, Իսպանիան, Հունգարիան, Իռլանդիան, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Սլովենիան, Շվեյցարիան ու Հարավային Կորեան։
Մեր ուսումնասիրած 120 սահմանադրություններից միայն Հայաստանի ու Վրաստանի սահմանադրություններն են բացառում երկքաղաքացիությունը։ Լիտվայի ու Տաջիկստանի սահմանադրությունները՝ որոշ դեպքերում։ ԱՄՆ-ը հետեւյալ մոտեցումն ունի։ ԱՄՆ-ը ճանաչում է երկքաղաքացիությունը։ Երկքաղաքացիության առկայությունը հաստատված եւ ամրագրված է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավճիռների մի շարքով, որոնք ԱՄՆ-ի օրենքների եւ Սահմանադրության վերջնական եւ պարտադիր մեկնաբանություններն են համարվում։ ԱՄՆ-ը զգուշացնում է իր քաղաքացիներին, թե որոշ դեպքերում ԱՄՆ-ն հնարավորություն չունի իր քաղաքացիների իրավունքներն արտասահմանում պաշտպանել երկքաղաքացիության պատճառով։ Այս բոլորը գրված է ԱՄՆ անձնագրերի մեջ։
Այսինքն՝ ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ ոչ արգելում, ոչ քաջալերում է իր քաղաքացիներին ուրիշ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում։ Այսինքն՝ ԱՄՆ-ի քաղաքացին Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու ոչ մի արգելք չունի։ Որոշ դեպքերում, օտարերկրացին եթե ձգտում է ԱՄՆ-ի քաղաքացիություն ձեռք բերել, ԱՄՆ-ը կարող է պահանջել նախկին քաղաքացիության հրաժարումը։ ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, ծնունդով ԱՄՆ-ի քաղաքացին չի կարող զրկվել իր քաղաքացիությունից առանց իր համաձայնության։
Կարդացեք նաև
Կան երկրներ, որոնք երկքաղաքացիության համատեղելիությունը հեշտացնում են, գտնելով, որ երկքաղաքացիությունը նպաստում է իրենց երկրի եւ ժողովրդի շահերին։ Դրանք ներառում են մի շարք երկրներ եւ ժողովուրդներ, որոնք պատմական պատճառներով սփյուռք ունեն։ Իսրայելն ամենալայն հնարավորություններն է տալիս ծագմամբ կամ դավանափոխությամբ ցանկացած հրեայի, համարում է քաղաքացի Իսրայել ժամանելու պահից, եթե նա ինքը չի առարկում։ Իռլանդիան տալիս է իռլանդական ծագումով անհատներին քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք՝ պարզեցված կարգով։
Երկքաղաքացիության դրական ներդրումը կայանում է ազգի միասնության եւ ազգահավաքի, ընտանիքների միացման, արտասահմանում ապրած մարդկանց փորձառության, գիտելիքների, լեզուների տիրապետման, միջազգային շուկայի հասկացողության ու կապերի, հարկային եկամտի ավելացման, որոշ դեպքերում նաեւ՝ բանակում ծառայելու մեջ եւ այլն։ Անհատի համար երկքաղաքացիությունը եւ անձնագիրն առարկայական են դարձնում այդ երկրին եւ ժողովրդին պատկանելիության վերականգնումը եւ իր երկրի պատմական հողի, մշակույթի եւ ժողովրդի կապը։ Հնարավորություն է տալիս երկրից ազատ մուտք ու ելքի, լիարժեք սեփականատեր լինելու, տնտեսական մասնակցություն ազգային տուրքի եւ հարկերի վճարման միջոցով։ Իսկ եթե մշտապես բնակվում է տվյալ երկրում, ապա նաեւ քաղաքական բոլոր մյուս իրավունքներն ու պարտականությունները, ինչպես, օրինակ՝ քվեարկելը, թեկնածու լինելը, հարկ վճարելը, բանակում ծառայելը եւ այլն։
Հակառակ վերը նշված միջազգային փորձի, մանավանդ նմանատիպ սփյուռք ունեցող երկրների փորձի, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության հոդված 4-ում, Հայաստանի Սահմանադրության հոդված 14-ում գրված է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի». այսինքն՝ ճիշտ հակառակը այն քաղաքականության, որ կիրառում են սփյուռք ունեցող երկրները, որը հակասում է ինչպես միջազգային իրավունքի սկզբունքներին, այնպես եւ ՀՀ Սահմանադրության հոդված 4-ին։ Միգուցե դա արդարացված է որոշ դեպքերում, քանի որ, դժբախտաբար, կան անհատներ, որոնք կչարաշահեն երկքաղաքացիությունը։ Գուցե եղել են սփյուռքահայեր, որոնք իրենց անձնական վերաբերմունքով ոչ հարգալից են առնչվել Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի կառավարության հետ։
Սակայն առանձին բացասական միջադեպերը չպետք է անդրադառնան ողջ ժողովրդի դեմ եւ զրկեն այն ամեն դրականից, որ կարող է տալ երկքաղաքացիությունը։ Սա ոչ միայն անարդար է, այլեւ անտրամաբանելի։ Ամեն սխալին կամ վտանգին իր համարժեք պատասխանը պետք է տրվի։ Չէ՞ որ չի արգելվում դանակը, չնայած որոշ անհատների ձեռքին այն կարող է լինել մահացու զենք։ Մեր առաջարկը հետեւյալն է։ Պետք է հետեւել այլ սփռված ազգերի օրինակին ու փորձել ընտրել միջին ճանապարհը։ Ոչ Իսրայելինը, որտեղ ամեն Իսրայել ժամանող հրեա անմիջապես դառնում է Իսրայելի քաղաքացի, այլ Իռլանդիայի մոտեցմամբ։ Քաղաքացիությունը թող տրամադրելի լինի ծագումով հայ բոլոր մարդկանց, սակայն քաղաքական կյանքին մասնակցությունը իբրեւ ընտրող կամ ընտրվող, բանակում ծառայելու պարտականությունը, հարկ վճարելը կապված լինեն մշտական բնակության վայրի հետ։ Կարելի է սահմանել նաեւ ազգային տուրք քաղաքացիությունը ստանալու կամ պահելու համար՝ կախված վճարունակությունից, որը կարող է դառնալ շոշափելի դրսեւորումը Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների շարունակվող պատկանելիությունն իր հայրենիքին։
ԹՈՄԱՍ ՍԱՄՈՒԷԼԵԱՆ
«Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոն