Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԳՆԱ ԹԱՄԱՐԸ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԸ

Հուլիս 17,1998 00:00
Arzakurd

«Ինչպե՞ս եք անցկացնում ամառային արձակուրդները»,- հարցնում էինք ամառային արձակուրդներն անցկացնող դպրոցականներին կամ էլ նրանց ծնողներին, եթե իրենք տանը չէին լինում եւ ամառային արձակուրդներն էին անցկացնում (քաղաքից դուրս)։ Նույն հարցը, մենք, իհարկե, կարող էինք տալ նաեւ միայն վերջերս հանգստանալ սկսած Ազգային ժողովի պատգամավորներին, բայց չենք տալիս, որովհետեւ նրանք սեպտեմբերին, ամենաուշը առաջին տասնօրյակում, «Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդները» վերնագրով շարադրություն չեն գրելու, իսկ դպրոցականներն անպայման կգրեն, ժամանակին մենք էլ էինք գրում։

Թամարի ժամանակներն ուրիշ էին։ Ճիշտ է, պաղպաղակի ընտրանին այնքան հարուստ չէր, ինչպես մեր օրերում, բայց փոխարենը Թամարն ուր ուզեր՝ կարող էր գնալ՝ Լենինական, Կիրովական, Սեւան, Սոչի… Մեր զանգերի նպատակը սոցիոլոգիական հարցում անցկացնելը չէր, բայց դրանց արդյունքում պարզվեց, որ երեւանաբնակ դպրոցականներից (համենայնդեպս՝ հարցմանը մասնակցած) շատ-շատերը հարկադրված են ամառը անցկացնել շոգուկրակ Երեւանում։ Պատճառը, թերեւս, հասկանալի է ու բոլորի համար նույնը, բայց տարբեր էին այն ներկայացնելու ձեւերը։

Գոհար Աբրահամյան (ծնող)

– Եթե ասեմ՝ երեխաներիս ուղարկել եմ «Արտեկ», կհավատա՞ք։ Ժամանակները փոխվել են։ Ամառային արձակուրդ չկար՝ որ ես «Արտեկ» չգնայի, հիմա աշակերտները հանգստանում են, իբր, էնքան, որ դպրոց չեն գնում, թե չէ ի՞նչ հանգստանալ (դպրոց չգնալը քի՞չ է – Մ. Բ.)։ Ժամանակների փոխվելու փաստը մի տատիկ արձանագրեց ժողովրդական բանահյուսությունից մեջբերում կատարելով. էն վաղ էր, որ էշը կաղ էր (իմ կարծիքով, մեր օրերում էշն ավելի է կաղում, բայց էշի ով կամ ինչ լինելը չճշտենք – Մ. Բ.)։ 15 ռուբլով պուտյովկա առա ու երեխեքիս ուղարկեցի Ծաղկաձորի «Տերեշկովա» ճամբարը։ Հիմա ո՛չ ճամբար մնաց, ո՛չ Տերեշկովա, թոռներս Երեւանի ասֆալտի վրա են հանգստանում։

Գեւորգ Ղազարյան (6-րդ դասարան)

– Ոչ մի տեղ չեմ գնացել, չեմ էլ գնալու։ Ինձ համար դպրոց չգնալն ամեն ինչ արժե։ Ճիշտ ա, շոգը շատ ա նեղում, բայց ես համաձայն եմ այս օրերին Երեւանում մնալ, մենակ թե դպրոց չգնամ։ Գուցե Երեւանի բակերում խաղացող երեխաների աղմուկը մի փոքր պակասել է, բայց ակնհայտ է, որ քաղաքում մնացած ու ամբողջ օրը խաղացող ցածր դասարանցիների համար դասերի մասին չմտածելուց ու ամբողջ օրը խաղալուց լավ հանգիստ չի կարող լինել՝ գոնե իրենց կարծիքով։ Ծնողներն այլ կերպ են մտածում՝ ծնողավարի։ Վաղուց արդեն դասականի արժեք է ստացել ամռանը գյուղում, տատիկի մոտ հանգստանալը, թեպետ արդարացի լինելու համար պետք է նշել, որ տատիկի մոտ հանգստանալ կարելի է նաեւ քաղաքում, սարում։

Մերի Սեւումյան (9-րդ դասարան)

– Ես համարյա բոլոր արձակուրդները տատիկիս մոտ եմ անցկացնում, Երեւանում։ Տատիկը մայրիկի նման չէ՝ քնիր մինչեւ ժամը 13.00, անկողնում պառկած մնա ինչքան ուզում ես, նախաճաշն էլ է քեզ մոտ գալիս, ճաշն էլ, գոհ եմ։ Նաիրա Այբեկյան (համալսարանի ուսանողուհի) – Ուրախությանս ուղղակի չափ չկա, երբ պատկերացնում եմ, որ գնալու եմ սար՝ տատիս մոտ։ Քաղաքի փոշուց արդեն հոգնել եմ։ Կշնչեմ սարի մաքուր օդը, կխմեմ մեր կովի կաթը ու սեպտեմբերին հանգստացած կգամ՝ քաղաքի փոշուն մի քիչ կարոտած։ Սեւան գնացողներ էլ կան, բայց շարադրության մեջ միայն Սեւանի մասին գրելը քիչ կլինի։

Սոնա Հակոբյան (8-րդ դասարան)

– Հուլիսի առաջին 10 օրը Սեւանում եմ անցկացրել, լավ արեւահարվել եմ, մենակ, ափսոս, քիչ մնացի։

Եվա Սահակյան (դիմորդ)

– Այս ամառ ես չեմ հանգստանա, եկողին կհանգստանա՞մ, թե ո՞չ, կպարզվի ընդունելության քննություններից հետո։ Անտանելի հոգնել եմ։ Ամառն արդեն կիսվել է, բայց հանգստանալ, քաղաքից, անգամ հանրապետությունից դուրս գնալ ու գալ, դեռ կարելի է հասցնել։ Թե ստացվի՝ բազմաբովանդակ, ծավալուն մի շարադրություն կգրվի։ Թե չստացվի, հոգ չէ, այս շարադրության քարացած սցենարը կա ու կա։ Օրինակ՝ Երեւանում հանգստացած դպրոցականների համար. ամառային արձակուրդները ես անցկացրել եմ գյուղում՝ տատիկիս մոտ։ Օրերն այստեղ շատ հետաքրքիր էին անցնում։ Ես կարդում էի ինձ հանձնարարված գրքերը, ձուկ էի որսում, թիթեռ էի բռնում։ Երեկոները ընկերներով խարույկ էինք վառում, հավաքվում շուրջը ու հետաքրքիր պատմություններ պատմում… թե՞ խարույկը ճամբարներում էին վառում՝ չեմ հիշում։

ՄԱՐԻԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031