Հերթական վարկաբեկիչ հոդվածն ԱԺ-ի մասին
Խորհրդարանում գրեթե բոլորը դժգոհ են, թե լրատվամիջոցներն ինչպես են ներկայացնում ԱԺ-ի աշխատանքները։ Համընդհանուր տեսակետը մոտավորապես այս է, որ իրենք լավն են, շատ կարեւոր եւ օգտակար գործ են անում։ Իսկ մամուլը վատն է, միտումնավոր ու չար եւ վարկաբեկում է ԱԺ-ին։
«Չգիտեմ ում պատվերն է, Դաշնակցությա՞ն, թե՞ ում։ Բայց վարկաբեկման անիվը պտտվում է»,- երեկ ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչը՝ ՌԱ(ԼԴ)Կ անդամ Ռոբերտ Մնացականյանը։ Հանձնաժողովների, խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ շուրջ 2 ժամ քննարկեցին ապագա «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդման ձեւավորման սկզբունքները։
«Ո՜հ, փշոտ է ճանապարհը». այս հաղորդման հեղինակների ուսերին հիրավի պատմական առաքելություն է ընկած։ Ըստ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի՝ այն պիտի «խորհրդարանի դրական իմիջը ձեւավորի եւ պատասխանի այն հարցին, թե ով է ԱԺ-ի պատգամավորը»։ Իսկ ըստ «Երկրապահ» խմբի առավել արմատական թեւի ներկայացուցիչ, պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանի՝ այս հաղորդումը պիտի «ազատ մամուլին հակակշիռ դառնա, որն իր խնդիրներն է լուծում եւ մեր աշխատանքները ճիշտ չի լուսաբանում»։
Կարդացեք նաև
«Ինչպես ցանկալի կլիներ մեզ»,- ճշգրտեց Խոսրով Հարությունյանը եւ դեռ փափագ հայտնեց, որ մարդիկ սպասեն այդ հաղորդմանը, այն դիտելի լինի եւ շահեկան։ Շատ երկար վիճում էին այն թեմայի շուրջ, որ նախընտրական այս շրջանում՝ խմբերի համար հատկացված ժամերը ԱԺ-ի բյուջեի հաշվին քաղաքական գովազդի չվերածվեն։ «Վճարովի եթերի հնարավորություն առանց այն էլ ունենք։ Փող չունենք»,- հայտնեց Շավարշ Քոչարյանը։
Խոստանում էին միայն ԱԺ-ից խոսել։
«Բայց Արշակին ո՞վ կարող է վերահսկել»,- զգուշանում էին երկրապահները։
Թե ինչպես պիտի այս եւ չթվարկված այլ հարցերը լուծեն՝ դեռ էլի են քննարկելու։
Ա. Ի.