ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ ամփոփեց խորհրդարանի 7-րդ եւ արտահերթ նստաշրջանների արդյունքները, տվյալներ ներկայացնելով ընդունված 35 օրենքների եւ այլնի վերաբերյալ։ Լավ թե վատ՝ գրեթե ամեն օր ենք անդրադարձել խորհրդարանի գործունեությանը, ուստի այս ասուլիսի միայն երկու հայտարարությունների կանդրադառնանք՝ հավելելով հետո ճշտած որոշ մանրամասներ։
Կստորագրի՞ ԱԺ նախագահը ՍԴ դիմումի տակ «Առավոտը» խնդրեց ԱԺ նախագահին՝ չանդրադառնալով կոնյակի գործարանի վաճառքի նպատակահարմարության եւ պայմանների հարցերին, մեկնաբանել միայն հետեւյալ իրողությունը։ Սահմանադրությամբ հանրապետության նախագահին տրված չէ արտահերթ նստաշրջանի հրավիրման վերաբերյալ ԱԺ պատգամավորների 1/3-ի պահանջը բացառելու իրավունք։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարել է, թե մտադիր չէ հրավիրել այդ նստաշրջանը։ ԱԺ-ի նախագահն ի՞նչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել, որ պահպանվի սահմանադրական այդ դրույթը եւ չանտեսվի ԱԺ-ի 60-ից ավելի պատգամավորների պահանջը։
Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի համապատասխան դրույթները, ըստ որոնց պատգամավորների տվյալ քանակի նախաձեռնության դեպքում արտահերթ նստաշրջանի ժամկետի որոշումը նախագահի հայեցողության խնդիրն է մնում։ Նաեւ հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի՝ այս առնչությամբ մեկ այլ հրապարակային հայտարարությունը, թե Սահմանադրությամբ սահմանափակված չէ, թե երբ պիտի ինքը որոշի հրավիրել նստաշրջանը, ուստի մտադիր է՝ շա՜տ երկար մտածել։ «Այնպես որ, հանրապետության նախագահն առայժմ իր սահմանադրական իրավունքից է օգտվում»,- մեկնաբանեց Խոսրով Հարությունյանը։
Հարցի օրենսդրական կարգավորումը նա այն էր համարում, ինչ արդեն փորձում են ձեռնարկել պատգամավորները՝ դիմել Սահմանադրական դատարան։ Այնուամենայնիվ, մենք նկատի էինք ունեցել ոչ Խոսրով Հարությունյանի բերած օրինակը, այլ հենց այն, ինչը մեջբերել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ընդհանրապես մտադիր չէ կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու օրակարգով նստաշրջան հրավիրել։ Սրա իրավունքը բոլորովին չունի։ Սահմանադրության մեջ այս հարցը թեական չէ՝ «կարող է հրավիրել» կամ որեւէ նման ձեւակերպմամբ։ Բայց նույնիսկ եթե առաջին հայտարարությունը հիմք ընդունենք՝ սահմանադրական իրավունքի մասնագետների գնահատականով, եթե ժամկետները հստակ ու որոշակի նշված չեն, ուրեմն ենթադրելի է «ողջամիտ ժամկետ» իրավական հասկացությունը։ Տվյալ դեպքում, արտահերթ նստաշրջանի հրավիրման որոշումն ընդունելու համար ողջամիտ ժամկետը շուրջ 15 օր է, որի սահմանները Ռոբերտ Քոչարյանը վաղուց անցել է։ Իհարկե, երկու դեպքում էլ ՍԴ միջամտությունն է անհրաժեշտ։
Կարդացեք նաև
Եվ քանի որ այս հարցն արդեն ԱԺ-ի հեղինակության եւ վարկի հարց է դարձել՝ հուսով ենք, որ իբրեւ այդ խնդիրներում նախանձախնդիր անձնավորություններ՝ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ այլ ղեկավարներն առաջինները կստորագրեն ՍԴ դիմումի տակ։ Նաեւ՝ որպեսզի թույլ չտան նախադեպ ստեղծել ԱԺ-ի 1/3-ի պահանջը հեշտուհանգիստ անտեսելու համար։
Ո՞վ ավելի շատ վնասեց ԱԺ-ի վարկին
Ասուլիսի ընթացքում հարց հնչեց նաեւ «Իրավունքին» պատասխանատվության ենթարկելու ձախողված փորձի մասին։ Եվ Խոսրով Հարությունյանը մասնավորապես նշեց. «Երբ որ ես դատախազին էի դիմում՝ իմ նպատակը ոչ այնքան որեւէ մեկին դատել-կալանավորելն էր, որքան այս խնդիրը ինքնին սրել հասարակության ընկալման համար»։ Նկատի ուներ դարձյալ այն, որ չնայած 1995-ի ընտրություններում «թերություններ, բացթողումներ ու նույնիսկ խախտումներ են եղել», բայց ԱԺ-ն «հանցագործ մարմին» չէ։
Միջանկյալ նշենք, որ նախապես պրն Հարությունյանը լավ էլ պնդում էր, թե խմբագիրները պիտի՛ պատասխանատվության ենթարկվեն ԱԺ-ն վարկաբեկելու համար, եթե հրապարակավ ներողություն չխնդրեն (տես՝ «Առավոտ», 9 հունիսի)։ «Երբ որ դատախազն ինձ ներկայացրեց, որ հիմքեր չկա գործին ընթացք տալու, ասացի՝ բավարարված եմ, որեւէ խնդիր չկա։ Կարեւորն այն է, որ այս մասին մենք խոսեցինք»,- ասուլիսում հայտարարեց Խոսրով Հարությունյանը։
«Իրավունքի» թղթակիցն էլ նրան տեղին հարց ուղղեց. «Դիմումը կազմելիս Դուք լա՞վ չէիք տիրապետում օրենքներին կամ չէի՞ք խորհրդակցել Վլադիմիր Նազարյանի հետ»։ Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ պրն Նազարյանը մինչեւ հիմա էլ գտնում է, որ օրինական բոլոր հիմքերը կային այս հայտարարության համար պատասխանատվության ենթարկելու։ Նույն եզրակացությունը ստացել էր եւ պետաիրավական հանձնաժողովից, եւ միայն դրանից հետո էր դատախազին դիմել. «Կրկնեմ, քանի որ նպատակս որեւէ մեկին դատելը, կալանավորելը կամ պատժելը չէր, որքան այս խնդիրը հասարակության քննարկման առարկա դարձնելը՝ բավարարվեցի պատասխանով… Ինձ համար այս խնդիրն ավարտված է»։
Ասուլիսի ավարտից հետո զրուցեցինք ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ Վլադիմիր Նազարյանի հետ։ Նա համոզված էր, որ «Իրավունքի» խմբագրի հայտարարությունները համապատասխանում են Քր. օր.-ի 131 հոդվածի հատկանիշներին՝ զրպարտության վերաբերյալ։ Ընդ որում, մեղադրող կողմն ինքը պիտի ապացուցեր իր հայտարարությունների իրական լինելը, որ իրոք ԱԺ-ի 95 տոկոսը հանցագործներ են։ Պրն Նազարյանը զարմանք հայտնեց, որ 190 պատգամավորներից ուրիշ ոչ ոք իրեն վիրավորված չզգաց այդ հայտարարությունից։ Սակայն մենք տեղեկություններ ունենք, որ պատգամավորները նախապես ստորագրություններ էին հավաքել, որպեսզի հայցով դիմեին դատախազությանը, բայց ԱԺ նախագահը պատասխանատվությունն ամբողջապես իր վրա էր վերցրել։ Հիմա, իրավական հիմքերի լիուլի առկայության պայմաններում՝ նահանջեց։ Ենթադրելի է, որ եղել են քաղաքական նկատառումներ ու բարձրագույն միջամտություն՝ հարցը փակելու վերաբերյալ։
Այսպիսով, ո՞վ ավելի շատ վնասեց ԱԺ-ի հեղինակությանը։ Եթե այս աղմուկը չլիներ այդ հայտարարության վերաբերյալ՝ էլի ոչինչ, բայց ընդվզեցին, «այո՛, հանցագործ եք» հայտարարությունների արժանացան ու … սուսուփուս հետ քաշվեցին։ Խնդիրը ոչ խմբագրին անպայման պատասխանատվության ենթարկելն էր, ոչ այդ հայտարարության ապացուցելի լինելը (չնայած «Իրավունքը» պատրաստ էր այն ապացուցել), այլ տարրական արժանապատվությունը։
«Լռությունը համաձայնության նշան է» դրույթը Հին Հռոմում իրավական սկզբունք էր։ Եվ այս վերջին նստաշրջանների նշանակալից արդյունքն այս է. խորհրդարանը համաձայնեց, որ իր պատգամավորների 95 տոկոսը հանցագործներ են։ Ուստիեւ, դատաիրավական բարեփոխումներն ապահովող, տնտեսական եւ այլ գովական օրենքներն ընդունել են հանցագործները։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ