Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Հուլիս 17,1998 00:00
lori

Աղետի գոտու շինարարության տեմպերին ծանոթանալու նպատակ ուներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չորեքշաբթի այցելելով Շիրակի եւ Լոռու մարզեր։ Նախագահին այս գործում մենակ չէին թողել նրա խորհրդական, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը եւ, ինչպես ընդունված է ասել՝ պաշտոնատար այլ անձինք։

Աղետի գոտու ընդհանուր պատկերը

1998 թ. պետական բյուջեից աղետի գոտում նախատեսված է իրականացնել 250,0 մլն դրամ կապիտալ ներդրումներ՝ կառուցելու բնակելի եւ սոցիալ-մշակութային օբյեկտներ։ 1997 թվականին փաստացի շահագործման է հանձնված 13,6 հազար քմ ընդհանուր բնակմակերես։ Այս տարվա առաջին կիսամյակում իրացվել է 666,1 մլն դրամ կապիտալ ներդրումներ։ Նախատեսվում է մինչեւ տարվա վերջ շահագործման հանձնել 4650 աշակերտական տեղով դպրոցներ, ինչպես նաեւ Նոյեմբերյանում 1997 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով 7 համայնքներում վերականգնել դպրոցները, 150 մահճակալով հիվանդանոցը։ Ինչպես միաբերան պնդում էին նախագահն ու մարզպետները՝ աշխատանքներն ընթանում են նորմալ, եւ սահմանված ժամկետում շինությունները կհանձնվեն շահագործման։

1998 թվականի առաջին կիսամյակում սոցիալական ներդրումների միջոցների հաշվին շահագործման է հանձնվել Լոռու մարզում 2 դպրոց, Գյումրիում 4 շենք։ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով էլ կառուցվել է 2 շենք։ Նախատեսվում է հուլիսի 26-ին Գյումրիում շահագործման հանձնել ՆԳ եւ ԱԱ նախարարության երկու բնակելի շենք՝ 1069 քմ տարածքով։ Օգոստոսի 8-ին (Շինարարների օրը) նախատեսվում է շահագործման հանձնել Համաշխարհային բանկի վարկի հաշվին Սեւյան փողոցի թիվ 1 բնակելի շենքը, ինչպես նաեւ Գարեգին Նժդեհի անվան հրապարակի 40 բնակարանանոց շենքը։ 1998-99 թթ. Ամերիկյան Կարմիր խաչի միջոցների հաշվին աղետի գոտում նախատեսվում է իրականացնել 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բնակարանային շինարարություն՝ 24 հազար քմ ընդհանուր մակերեսով։ Սրանք պաշտոնական տվյալներ են։

«Ինչո՞ւ կճվաս, մե՛րըս»

Շիրակի մարզում նախագահին ընդունեց մարզպետ Արարատ Գոմցյանը։ Ավանդական աղուհացը չմատուցվեց։ Հատկապես գյումրեցի կանայք ագրեսիվ էին տրամադրված։ Թերեւս իրավունք էլ ունեն, քանի որ Գյումրիում դեռեւս տնակներում է ապրում 1700 ընտանիք։ «Տո՛ւն չունենք, էրեխեքս սոված են, էսպես չի էղնի, չէ՛» բողոքների շարքին հաջորդեց բազմությունից մի խուլ ձայն. «Մատաղ սերունդը մի՛ թողնիք, որ անդունդը ընգնի, նախագահ ջան»։ Սրան Արարատ Գոմցյանը բավական կենդանի արձագանքեց. «Անունդ ի՞նչ է։ Աբրիս, շատ աբրիս»։ Մարզպետ Գոմցյանն, ի դեպ, հարկ էր համարում նախագահին ուղղված յուրաքանչյուր հարցին միջամտել, որը շարժում էր գյումրեցիների զայրույթը միայն. «Ընկե՛ր Գոմցյան, դուք լռեք։ Շա՜տ լավ գիտեք մեր վիճակը»։ Կանայք աշխատում էին հնարավորինս բարձր գոռալ, որպեսզի ձայնը հասնի նախագահին, սակայն այս դեպքի համար էլ Գոմցյանը ասելիք ուներ. «Հանգիստ խոսե, մե՛րըս, ինչո՞ւ կճվաս»։ Իսկ այն կանանց, ովքեր իրենց փոքրիկներին բազմությունից անջատել եւ դեպի նախագահը մղել էին փորձում, Գոմցյանը մեղմանուշ ձայնով ասում էր. «Մեղք է երեխան, մի կո՛ղմ տարեք»։

Ռոբերտ Քոչարյանին գյումրեցի, չորս երեխաների մայր մի կին համառորեն համոզում էր գնել իր երկու երեխաներին. «Չեմ կըրնար պահել»։ Գնել երեխաներին պարոն նախագահը չցանկացավ (ինքը երեքն ունի), սակայն խոստացավ, որ ինչպես իր ծրագրում է ասված՝ երեք տարի անց աղետի գոտին անճանաչելի կլինի։ Ոչ ոք հավաքվածներից գուցե թե չհավատաց, սակայն նախագահը բոլորի հետ էլ լեզու էր գտնում. բորբոքված գյումրեցիք առժամանակ գոնե մոռանում էին վրդովմունքը։ Ես էլ էի փորձում ձայնագրիչս մոտ պահել նախագահին, սակայն պարոն Գոմցյանը ուսի կտրուկ շարժումով այդ ցանկությունս կանխեց եւ ինձ մեղադրեց իր աշխատանքը խանգարելու համար. «Թողեք աշխատեմ, մի՛ խանգարեք»։ Աշխատել ասելով, նկատի ուներ բողոքողների ձայնը խլացնելը եւ նախագահին հնարավորինս մոտ կանգնելը։

Բողոքների տեսականին բազմազան է

Գյումրեցիների բողոքները չի կարելի ասել, թե համամարդկային հնչեղություն ունեն, այնուամենայնիվ, աչքի են ընկնում բազմազանությամբ ու տեղական «կոլորիտով»։ «Թոշա՛կ գուզենք, ուրիշ բան պետք չէ», «Շենքերը կառուցեցիք, շնորհակալ ենք։ Բա գա՞զը խի չեք քաշում։ Հետո էլ սպորտսմեն տղա ունիմ, որ աշխարհի չեմպիոն է, ղրգեք, թող գնա հաղթի էնդեղ։ Մյուս տղաս էլ ուսման պրոբլեմ ունի։ Չե՞ք օգնի»։

-Արարատն ո՞ւր ա, մի հատ ինձ բացատրի՝ ո՞վ ա թոշակի պատասխանատուն, ինչի՞ էս մարդկանց թոշակ չեն տալիս,– մարզպետին հարցրեց նախագահը։

-Չի՜ կարող պատահի, որ թոշակ չստանաք։ Հունիսը ստանալու եք,- թոշակառուներին փորձեց հանգստացնել մարզպետը։

Դե լավ է, էլի (լ-ն՝ կոշտ),- ուրախացավ պարոն Քոչարյանը,- առաջ ասում էիք՝ 4-5 ամիս չենք ստացել, հիմա ասում եք՝ մի ամիս։

Բոլոր բողոքավոր գյումրեցիներին մարզպետն ու քաղաքապետը խոստացան «վաղը, ժամը 11-ին» ընդունել։ «Դոմիկների» բնակիչներին նախագահը այսպես հանդարտեցրեց. «Դուք տեսնում եք, որ շինարարությունն ընթանում է։ Հերթը ձեզ էլ կհասնի։ Մի քիչ համբերեք։… Էնպես մի արեք, որ թողնեմ-փախչեմ (նկատի ուներ՝ բազմությունից- Լ. Ա.)։ Հիմա եկել եմ շինարարությունն ակտիվացնելու համար։ Թողեք հասկանամ՝ ի՞նչ է կատարվում»։

Իսկ Զադոյանն այս կարծիքին է

Դավիթ Զադոյանը մի փոքր թերահավատորեն էր տրամադրված (գոնե ինձ այդպես թվաց)։

-Պարո՛ն Զադոյան, ինչ-որ բան այնպես չէ՞։

-Չէ՛, ընդհակառակը, ուրախանում եմ եւ համոզված եմ, որ տեմպը կուժեղանա։ Շատ շենքեր կան, որոնք երկրաշարժից չէին տուժել բացարձակ, որպեսզի սովետ երկրից 10 հազար ռուբլի փող պոկեն։ Քանդեցին։ Հիմա էլ վերականգնում են։ Մե՛նք էլ, որպես ժողովուրդ, շա՜տ մեղքեր ունենք։ Մեր ագահությունը մեր դեմն եկավ։

Վահան Հովհաննիսյանն էլ շատ գոհ էր նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանից, իսկ աղետի գոտու բոլոր խնդիրները նա համարեց մարզի ղեկավարների մեղքը։

Ը Չ ՏրՑՈսՖվՏՎ – ՉրԴ ւՏՐՏՔՏ!

Գրաֆիկով նախատեսված բոլոր շինհրապարակներ այցելելով՝ մենք՝ լրագրողներս, համոզվեցինք, որ շինարարական աշխատանքներ, այո՛, տարվում են, սակայն պետբյուջեով ֆինանսավորվող կառույցների շինարարները աշխատավարձը ստանում են ուշացումներով, իսկ նրանց աշխատավարձը անհամեմատ քիչ է օտարերկրյա ներդրումների հաշվին կառուցվող շենքերի վարպետների աշխատավարձից (մոտ 200 դոլարի տարբերությամբ)։ Գյումրիում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում եւ շենքերից մեկի ճակատին փակցված հիշեցումը, թե «Աշխատանքը մեր փառքի եւ հզորության հիմքն է», այնքան էլ տեղին չէ։ Ռեստորաններից մեկում թեթեւ նախաճաշելով՝ պարոն Քոչարյանը՝ իր շքախմբով, եւ լրագրողներս շարժվեցինք Լոռու մարզ։

Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են

Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին հրաժեշտ տվեց Արարատ Գոմցյանը, ու նախագահին դիմավորեց Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը։ Աղուհաց, երգուպար, ու Շիրակը մնաց փոշիների մեջ։ Նախ՝ նախագահն այցելեց Սպիտակ։ Ըստ քաղաքապետի՝ Սպիտակին բյուջեով նախատեսված է տրամադրել 320 միլիոն դրամ, «Հայաստան» հիմնադրամն ունի 75 միլիոնի ծրագիր։ Քաղաքի հրապարակի կառուցման համար գումար են հատկացրել միջազգային դոնորները։ Սպիտակում միակ աշխատող ձեռնարկությունը կարի ֆաբրիկան է, այն էլ աշխատում է 25 տոկոս հզորությամբ։ Բայց օգոստոսի 5-ից հզորությունը կկրկնապատկվի ամերիկյան «Ամարեքս» ֆիրմայի հետ պայմանագրի շնորհիվ։ Կավելանա 300 աշխատատեղ։ Այս տարի նախատեսվում է հանձնել 36 շենք։

Պարոն Քոչինյանը չաղ չէ

Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանից փորձեցի ճշտել՝ իր մի քիչ գիրանալը օդի փոփոխության հե՞տ է կապված։

-Ես չեմ չաղացել։ Չէ՛, եւ երբեք էլ չեմ չաղանա,- չգիտես ինչու հարցիս ենթատեքստով եւ վիրավորված պատասխանեց պարոն Քոչինյանը։ Իսկ ընդհանրապես, Սպիտակի ժողովուրդը նախագահին առավել ջերմ ընդունեց, եւ բացի խնդրանքներից՝ տեղ-տեղ օրհնում էլ էր։ «Ա՛, դե, մեզ պես մա՛րդա, էլի…» Աղուհացով, ծափծիծաղով նախագահին դիմավորելուց հետո այս եզրակացությանը հանգեց լոռեցի մի ծերուկ։ Այցելելով շինարարական հրապարակներ (ի դեպ, նախագահի գալստյան կապակցությամբ բանվորները չէին զլացել աշխատանքի վայրում մնալ անգամ մինչեւ ժամը 18-19-ը), ժամը 20-ի մատույցներում Հենրիկ Քոչինյանը նախագահին եւ մյուս հյուրերին հրավիրեց ընթրիքի։ Մթնոլորտն այնքան անկաշկանդ էր, որ հումոր էր անում անգամ հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանը։ Հենրիկ Քոչինյանը լոռեցու միամտությամբ մի քանի «բացթողումներ» արեց, բայց սրտաբաց հյուրասիրությունից գոհ էինք բոլորս։ Վահան Հովհաննիսյանն, ի դեպ, առաջարկեց խմել լրագրողներիս կենացը։ Խմեցին։ Սեղանի շուրջ կատակների մասշտաբները համապատասխանում էին պաշտոնյաների գրաված դիրքերին, բայց, ամեն դեպքում, սրամիտ էին։

Կւ, ՐՈվՏ ՉրՑՈԴՑ ՏւՐՈվՈ

Չեմ կարող մի քանի խոսք չգրել նախագահի թիկնազորի մասին։ Արծվենի հայացքները նախագահից չկտրելով եւ նրան մեզնից (ժողովրդից) պաշտպանել փորձող այս տղաները բավական մարդամոտ դուրս եկան։ Մեկն անգամ ինձ այսպիսի հաճոյախոսություն արեց՝ «խռուստալ ջան»։ Իմացանք, որ նրանք հատուկ «շկոլա» անցած, բարձրագույն կրթությամբ, առնվազն մեկ օտար լեզվի իմացությամբ տղաներ են։ Լավ նշանառու են, բնույթով՝ խաղաղասեր։ Նախկին նախագահի թիկնազորի համեմատ Ռոբերտ Քոչարյանի պահապանների թիվը 1/4-ով կրճատվել է։ Իսկ թիկնազորի պետի հավաստմամբ (որը մի քիչ անհավանական է) տղաների աշխատավարձը 50 հազար դրամ էլ չէ։ Այսպիսով… Նախագահը Վանաձորում մամուլի ասուլիս կազմակերպեց եւ ասաց, որ սահմանային գոտու գյուղերին հատուկ ուշադրություն դարձնելու, դրանց ֆինանսավորումը ճիշտ կազմակերպելու քաղաքականությունը դեռեւս մշակված չէ։ Նա խոստացավ երեք ամիս անց դարձյալ այցելել աղետի գոտի՝ անձամբ ստուգելու՝ ինչն ինչպես է արվում։

ԾպսՏփՖ, վՏ տՐՌ255ՑվՏ!

Քիչ էր մնում մոռանայի, որ Լոռու մարզը լքելուց առաջ, մեզ հյուրընկալած ռեստորանում նախագահի դուրս գալուց հետո թնդաց ղարաբաղյան մի հայտնի մեղեդի։ Սա Հենրիկ Քոչինյանի՝ օրվա հաջողված վերջին շտրիխն էր…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031