ՀՀՇ հանրապետական խորհրդում արված հայտարարությունների կապակցությամբ «Առավոտը» լրացուցիչ պարզաբանումների համար դիմեց Վանո Սիրադեղյանին.
– Ասացիք, որ իշխանությունը գործընթացները տանում է դեպի պատերազմ։ Ի՞նչ հիմքեր ունեք։
– Բանակցային պրոցեսը տապալելը տանում է պատերազմի։ Ուրիշ ո՞ւր կարող է տանել։
– Ի՞նչ հիմքեր ունեք պնդելու, որ իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ունե՞ք լրացուցիչ տեղեկություններ։
Կարդացեք նաև
– Պատերազմն ինքը կբերի իշխանափոխության։
– Ասացիք նաեւ, որ ՀՀՇ-ն քողարկված պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին…
– Ինչո՞ւ քողարկված։ Ժամանակին «Առավոտն» էլ է գրել, որ պաշտպանել ենք։
– Լավ, պաշտպանելու համար հատուկ որոշում ընդունվել է, թե ստորջրյա պայմանավորվածություններ են եղել։
– Ստորջրյա չէր։ Ժամանակին մենք ասել ենք, հիմա էլ կրկնում եմ այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը հերթական զոհեր են, գնացեք-քվեարկեք, եթե իրենց ձեռ է տալիս էդ կարգավիճակը։ Գնացինք ու քվեարկեցինք։
– Բա որ Ռաֆայել Ղազարյանն ասում էր, թե Դեմիրճյանի մի ուսին Գռզոն է նստած, մյուսին՝ Վանո Սիրադեղյանը, երրորդին էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչո՞ւ այն ժամանակ չխոսեցիք։
– Ի՞նչ ասեի։ Ծեր մարդ է։ Մեր ընկերն է։ Ինչ ասես կասի։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ