Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ի ԹԵԺ ԱՄԱՌԸ

Հուլիս 17,1998 00:00
hhsh

Ոչ ՀՀՇ հանրապետական խորհրդի, եւ ոչ էլ կուսակցության վարչության անդամներն, անշուշտ, չէին կարող ակնկալել, որ հուլիսի 16-ին գումարված իրենց ժողովն այդքան բուռն ընթացք է ունենալու։ Նախաժողովային խոսակցություններն ու նիստի սկիզբը, համենայնդեպս, դրան չէին տրամադրում։ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի նախաբանն էլ բավականին աշխարհիկ բովանդակություն ուներ. բարեհաջող վիրահատվել է «Հայքի» գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանը, իսկ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ նշանակվել է ՀՀՇ արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ։

Մյուս կարեւոր իրողությունը, որ արձանագրվեց ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստում, հետեւյալն էր. Վանո Սիրադեղյանը հընթացս վերատեսության ենթարկեց օրակարգը. «Մի բավականին երկար ժամանակ ես էլ չեմ պնդելու, որ փոխվի ՀՀՇ-ի անունը։ Մինչեւ այս իշխանության հրաժարական տալը ՀՀՇ-ի անունը չպիտի փոխվի»։

ՀՀՇ անվանափոխման գաղափարը Վանո Սիրադեղյանը մտահղացել է՝ կարծելով, թե այս իշխանությունը չի փոխվելու։ Իրողություն, որի հետ հարկավոր էր հաշվի նստել։ Բայց զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀՇ-ն չի հասցնի փոխել անունը։ ՀՀՇ վարչության նախագահը նաեւ իշխանափոխության մոտավոր գրաֆիկ ներկայացրեց։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքում որեւէ հարց չեն լուծելու։ Խնդիրները կհանգուցալուծվեն նախագահական ընտրություններում, որոնք կնախորդեն, կամ անմիջապես կհաջորդեն խորհրդարանական ընտրություններին։ Այս պայմաններում իմաստ չունի կուսակցության անվանափոխման մասին մտածել։ Օրվա հրամայականը «Մեր 100 տոկոսանոց համախմբվածությունն է։ Շատ դաժան ժամանակներ են գալու, ներքաղաքական ծանր իրավիճակներ, քաղաքական մեկուսացում, գուցեեւ պատերազմ։ Մենք պետք է համախմբված լինենք։ Կարեւոր դեր խաղանք Հայաստանի քաղաքական կյանքում՝ շատ կարեւոր դեր»։

Մի փոքր էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր շփումների մասին խոսեց ՀՀՇ վարչության նախագահը՝ ներկաների պահանջով. «Մեր բոլոր ջանքերը՝ Լեւոնին ներքաշել քաղաքական ակտիվության մեջ, հաջողություն չունեցան։ Իր լռության ժամկետը երեք ամսով ավելացրել է։ Երեւի ճիշտ է անում»։ ՀՀՇ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականության մեջ լինելու են, սակայն այս հարցում կա մի փոքրիկ վերապահում. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի միակ թեկնածուն չպետք է լինի, ինչպես եղել է։ Սա ապագայի համար եմ ասում»։

Կազմակերպությունը պիտի այլընտրանք ունենա, որպեսզի կարողանա դաշինքների մեջ մտնել։ Վանո Սիրադեղյանն ասաց, թե քիչ է հավատում աջ դաշինքին։ Հայաստանում գաղափարախոսությունը ոչինչ չի ասում։ Ոչ աջեր գոյություն ունեն, եւ ոչ էլ ձախեր. «Աջերը ձախերի հետ են միանում, ձախերը՝ աջերի, ղարաբաղցիները՝ ուրիշների, եւ այլն։ Գաղափարի պայքար չկա»։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ՀՀՇ-ն դաշնակիցներ չի ունենալու։ Վանո Սիրադեղյանը տեսակետ հայտնեց, որ աստիճանաբար կմեծանա այն կուսակցությունների եւ մարդկանց թիվը, ովքեր կուզենան ՀՀՇ-ի հետ գործակցել։ Կա օրինակը՝ 7 նորագիր ՀՀՇ Կենտրոնի տարածքային կազմակերպությունում։

Այս խոսքով բացվեց ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստը, որի բովանդակությանը միայն թեթեւակի արձագանքներ եղան։ Աբովյանի քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանն առաջարկեց հանրապետական խորհրդի նիստի ընթացքի մասին շրջաբերական ուղարկել շարքերին։ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը ներկայացրեց կազմակերպության ծրագիրը, որը պետք է պատկանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը։ Սակայն այդ անունը հիմա պայմանական է դիտվում. «Անունը հետագայում կփոխվի, չի փոխվի՝ կարեւոր չէ։ Անունը դրված է զուտ նրա համար, որ փաստաթուղթը վերջնական տեսք ունենա»։

Սրա կողքին՝ ՀՀՇ-ն դեռ վերջնականապես չի ճշտել, թե երբ է անցկացնելու առաջիկա համագումարը. «Իմ կարծիքով ընթացիկ խնդիր է, թե երբ մենք համագումար կանենք։ Դա կախված է իրադարձությունների զարգացումից։ Ամեն օր ինչ-որ բան փոխվում է։ Չնայած դրան, ինձ թվում է՝ համագումարը պետք է անել նոյեմբերին»։ Սա Անդրանիկ Հովակիմյանի տեսակետն էր։ Տեր Հուսիկն էլ արձանագրելով, որ քաղաքական զարգացումներն առաջին պիկին կհասնեն աշնանը, նկատեց, թե պետք է պատրաստ լինել դրան. «Օգոստոսին կխորանան սոցիալական շատ խնդիրներ, որ կան այսօր։ Կարծում եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբերին որոշակիորեն լիցքավորված է լինելու հասարակությունը։ Մենք կարող ենք դա շատ լավ օգտագործել»։ Եզրափակիչ խոսքով էլի Վանո Սիրադեղյանը հանդես եկավ։ ՀՀՇ-ն, նախագահի 100 օրվա կապակցությամբ, պաուզա էր վերցրել։ Հաջորդած հայտարարությունն առավել քան անսպասելի էր. «Մենք Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել ենք ներքին կարգով, որ ինքը նախագահ դառնա։ Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»։

Գնահատական տրվեց նաեւ ՀՀՇ-ի իշխանաթողության ժամանակահատվածին։ Հայրենիքը ցնցումներից զերծ պահելու ընթացք է եղել։ Ընտրությունների խափանումը, կամ որեւէ այլ ձեռնարկ, ավելի վտանգավոր կլիներ։ ՀՀՇ-ն հեռու է պահվել նորերի էյֆորեայից, որովհետեւ իշխանության սկզբնական փուլին հատուկ է հիմարությունը. «Իշխանության շիզոֆրենիայի պահից մենք դուրս եկանք, որը կարող էր ջարդել կազմակերպությանը»։ Հույս կար, որ իշխանության ժառանգականությունը կպահպանվի, քանի որ այնքան էլ օտար մարդիկ չէին. «Իշխանությունը կարող է թուլանալ, ուժեղանալ, բայց որ իշխանությունը հիմարանում է, դրանից վտանգավոր բան չկա։ Կարծում եմ, որ այս իշխանությունն արդեն հասել է այդ ստադիային»։

Դա, Վանո Սիրադեղյանի խոսքերով, արտահայտվում է ուրացությամբ։ ՀՀՇ-ական համայնքապետեր են ազատվում աշխատանքից։ Մինչդեռ, էլի հույս կար, թե. «ողջամտություն կունենան իրենց ծնող, իրենց երկիր տված, իշխանություն տված, երկիր ու անվտանգություն ապահոված, հաղթանակ ապահոված կազմակերպության հանդեպ»։ Իսկ եթե ՀՀՇ-ն հակառակորդ է համարվում, ուրեմն պետք է համարժեք վերաբերմունք որդեգրել. «Բաներ կան պարզաբանելու այս իշխանության հետ, որ ես անձամբ կանեմ։ Կարծում եմ, որ աշնանը, գարնանը ամենակրիզիսային վիճակն է լինելու, որովհետեւ Հայաստանը քաղաքական մեկուսացման է գնում արագ տեմպերով, եւ գնում է դեպի պատերազմ՝ փաստորեն»։

Ավելի ուշ Վանո Սիրադեղյանը մի թունդ հայտարարություն էլ արեց. «Իրենք հրաժարվում են Ղարաբաղից արդեն, հանձնելու են գնում Ղարաբաղը։ Ամբողջ հարցը սա է, եւ ըստ այդմ է պետք վերաբերել այս իշխանությանը»։ Իսկ ՀՀՇ-ն չպետք է ամաչի, որ խաղաղության կուսակցություն է։ Դա պարտվողականություն չէ, այլ 10 տարվա գործունեության արտահայտությունը։ Այս եւ մյուս տեսակետները պետք է հստակվեն, եւ արդեն սեպտեմբերին, ինչպես Վանո Սիրադեղյանն է կամենում, ժողովուրդը պիտի իմանա, որ ՀՀՇ-ն այս իշխանության մասին վատ է մտածում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031