«Տեսա՞ր, մեր մարզպետի գլխին դաշնակ նշանակեցին»,- որոշ երկրապահ պատգամավորներ մի քիչ վրդովված, մի քիչ էլ հիասթափված՝ այսպես մեկնաբանեցին Վահան Հովհաննիսյանին նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ նշանակելու իրողությունը։
Մոտավորապես նույն տրամադրությունները խորհրդարանում ժամանակին նաեւ «Ազգն» էր արձանագրել։ Սակայն այս եւ հանձնաժողովի գործառույթներին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցելու մեր (որքան տեղյակ ենք՝ նաեւ այլ թղթակիցների) առաջարկը պրն Հովհաննիսյանը նախապես մերժել էր՝ պատճառաբանելով, թե հանձնաժողովը դեռեւս նիստ չի գումարել, եւ շատ հարցեր անհստակ են։ Սակայն նույն պայմանների առկայությամբ, այնուամենայնիվ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի պաշտոնաթերթում ներկայացվեց այս հանձնաժողովի գործունեության ոլորտը։ Դե, երեւի կուսակցական մամուլին է պատկանում առաջին հարցազրույցի իրավունքը պետական այն կառույցների վերաբերյալ, որոնք դաշնակցականներ են գլխավորում։
Եվ օրինապահ դաշնակցականի իր պարտականությունը կատարելուց հետո միայն Վահան Հովհաննիսյանը համաձայնեց մեկնաբանել իր նշանակման առնչությամբ առկա տեսակետները եւ «Առավոտին» էլ ներկայացնել հանձնաժողովի իմաստը. «Նախ, պիտի ասեմ, որ Հայաստանում «մեր մարզպետ» կամ «մեր նախարար» հասկացություններ չկան։ Կան պաշտոնյաներ, որոնց նախագահն է նշանակել՝ այս կամ այն նկատառումից ելնելով։ Կուսակցական պատկանելությունը հիմնական դրդապատճառը չի եղել տարբեր նախարարների, այդ թվում եւ Դավիթ Զադոյանին նշանակելիս։ Եթե այլ կերպ մտածողներ կան՝ հավանաբար ճիշտ չեն ընկալում պրն Զադոյանի դերը կառավարության մեջ։ Նա ոչ թե մարզպետների ղեկավարի դեր է իրականացնում (չնայած անգամ մամուլում Դավիթ Զադոյանին գլխավոր մարզպետ են անվանում.- Ա. Ի.), այլ տարածքներում պետական կառավարման համակարգը ղեկավարող մարդ է։ Այնինչ մեր հանձնաժողովը զբաղվելու է տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով, որոնց ժողովուրդն է ընտրում։
Մարզպետներին այսօր ժողովուրդը չի ընտրում, նրանց նշանակում են վերեւից։ (Պրն Հովհաննիսյանին եւս մեկ անգամ հիշեցրինք հանրահավաքներից մեկում իր հետեւյալ արտահայտությունը. «Ժողովուրդ, դուք չե՞ք ուզում ինքներդ ընտրել ձեր մարզպետին»,- Ա. Ի.)։ Ուզում էինք, թե չէինք ուզում, բայց ի վերջո այսօր սահմանազատում կա. պետական կառավարում եւ ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարում։ Ինչպիսի՞ն պիտի լինեն դրանց հարաբերությունները, որտե՞ղ են սահմանազատվելու դրանց իրավասությունները, որոշակի աշխատանք կատարող օբյեկտների տիրոջ խնդիրը՝ այս ամենն ապագայում լուծելիք հարցեր են։ Եվ ես չեմ կարծում, որ որեւէ կոնֆլիկտի վտանգ կա։ Նոր են միայն ճշտվել այն փոխնախարարները, որոնք հանձնաժողովին մասնակից են լինելու։ Միայն այս շաբաթվա վերջին հանձնաժողովն առաջին անգամ կհավաքվի եւ կճշտի իր անելիքները, աշխատանքի կանոնակարգը եւ ծրագրային մի շարք դրույթներ։ Բայց արդեն իսկ պիտի ասեմ, որ վերահսկողական գործառույթներ՝ իբրեւ գործադիր իշխանության օղակ՝ հանձնաժողովն, անշուշտ, չի իրականացնելու։ Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովը մշակելու է այն, ինչ մենք երբեք չենք ունեցել։ Ստացվեց՝ լավ է, չստացվեց՝ վատ է»։
Կարդացեք նաև
Այս վերջին հանճարեղ ձեւակերպմամբ համարենք, թե տեղական ինքնակառավարմամբ զբաղվողների մասին հարցերը սպառված են։ Առայժմ։ Սակայն նախագահի աշխատակազմում վերջերս ավելի արտառոց երեւույթներ արձանագրվեցին։ Նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանն ի պաշտոնե լրատվամիջոցների հետ աշխատանք էր տանում։ Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Հարություն Կարապետյանն այդ ոլորտում նախագահի խորհրդականն էր նաեւ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ծանուցվել էր, թե այսպիսով ընդգծվում է նախագահի ուշադրությունն այդ ոլորտի նկատմամբ։ Կարելի է այժմ եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը եռակի ուշադրություն է դարձնում տեղեկատվության ոլորտին, քանզի պարզվեց, որ վերջերս նախագահի խորհրդական եւ օգնական նշանակված Կասյա Աբգարյանը նույնպես այս ոլորտն է սպասարկելու։
Վերջիվերջո, նախագահի մամուլի քարտուղար էլ կնշանակվի, եւ Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունը նույն ոլորտի նկատմամբ կքառապատկվի։ Ի դեպ, նույն Վահան Հովհաննիսյանի իբրեւ նախագահի խորհրդականի, պատասխանատվության շրջանակում է նաեւ հասարակայնության հետ աշխատանքների համակարգումը: Ճիշտ է, գործառութային որոշ տարբերություններով՝ բայց այս բոլոր պաշտոնյաները նույն գործն են անելու։ Եվ մասնավորապես պետական լրատվամիջոցները հնգակի հսկողության ներքո են հայտնվելու։ Բացառված չէ նաեւ, որ հնգյակի անդամներից յուրաքանչյուրը պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդի, եւ ի վերջո ստացվի, որ այս ոլորտով ոչ ոք չզբաղվի։ Ինչը տեղեկատվական համակարգի աշխատակիցներիս համար, անկասկած, ուրախալի է։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ