Կյանքումս այդքան իրար գլխի հավաքված միջին խավ չէի տեսել։ Եվ բոլորն անխտիր՝ սպիտակ «Նիվա»-ներով (ոմանք՝ սպիտակ զբոսանավերով)։ Սեւանի ափին բառացիորեն ասեղ գցելու տեղ չկար։ Ինչպես միշտ, ամենատարածված բնապատկերը ձմերուկի կեղեւներն էին, ամենատարածված հաճույքը՝ ուտել-խմելուց հետո տաբելային զենքից ճայերի վրա կրակելը։ Այս առումով, Սեւանն իսկապես եզակի է։ Կանարյան կղզիներում կամ Լազուրե լողափում ոչ ոք նման բան թույլ չի տա։ Այնտեղ արգելված է նույնիսկ այնպիսի անմեղ հաճույքը, ինչպիսին շամպայնի շշերը ջարդելն է։ Իսկ առանց դրա, ինչպես ինքներդ էլ հասկանում եք, լիարժեք հանգստի մասին խոսք լինել չի կարող։
Իսկ ի՞նչ արժե այդ զուտ հայկական, էկզոտիկ հաճույքը։ Պարզվում է, որ ՀՀ շարքային քաղաքացին իրավունք չունի լողալ ՀՀ Սեւանա լճում։ Այն, հասկանո՞ւմ եք, սեփականաշնորհված է։ Լողափը բաժանված է մասերի. ասենք՝ Վաղոյի պլյաժ, Նապի պլյաժ եւ այլն։ Գինը՝ «մարթա հազար դրամ»։ Հասկանալի չէ միայն, թե ինչի՞ համար պետք է վճարել, ասենք, Վաղոյին, եթե, ըստ ՀՀ գործող օրենսդրության, հանրապետության ջրային ռեսուրսները պատկանում են ոչ թե Վաղոյին, այլ պետությանը։ Պետք է ենթադրել, որ հազար դրամը Վաղոյին վճարվում է նրա համար, որ վերջինս հազար դրամ չունեցողներին թույլ չտա խանգարել հազար դրամ ունեցողների հանգիստը։ Ծառայությունն ինքնին գովելի է եւ անհրաժեշտ, մանավանդ որ, խնդիր կա Սեւանը դարձնել էկոլոգիապես մաքուր գոտի եւ առափնյա տարածքում սոցիալական բախումներ թույլ չտալ։
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ պետք է լճում լողալու համար հազար դրամ վճարենք, հայտնի չէ, թե ում, «հայտնի չէ, թե ով»-ը փայլուն եւ իրավաբանական տեսանկյունից անթերի պատասխան տվեց. «ապե՛, սեփական ա»։ Մեզ հայտնի չէ, թե արդյո՞ք լճափին արածող կովերը վճարել էին անհրաժեշտ գումարը։ Հայտնի է միայն, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց… իրավունքներն ու օրինական շահերը» (հոդված 8)։ Որո՞նք են «այլ անձանց իրավունքները»։ Ահավասիկ. «Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 30)։ Ըստ մեկ այլ հոդվածի, «Պետությունն ապահովում է… բնական պաշարների բանական օգտագործումը» (հոդված 10)։
Արդյո՞ք կարելի է օգտագործման ներկա ձեւը համարել բանական։ Իհարկե՝ ոչ։ Փաստորեն, վճարելով 1000 դրամ, մարդ կարող է սրտի ուզածի չափ լողալ։ Ժամանակը չէ՞, արդյոք, հրաժարվել «հաստատագրված վճարներից» եւ պարզապես հանգստացողների վրա հաշվիչներ տեղադրել, որոնք կարձանագրեն, թե քանի՞ րոպե է «սպառողը» մնացել ջրում, քանի րոպե՝ օգտվել պետական արեւից, քանի րոպե՝ տրորել պետական ավազը եւ այլն։
Կարդացեք նաև
Նման միջոցառումները ոչ միայն կհամալրեն պետական բյուջեն, այլեւ կնպաստեն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը։ Համենայնդեպս, թշնամի պետության ոչ մի նախագահ այլեւս չի հայտարարի, թե պատրաստվում է լողալ Սեւանում։ Իսկ դա արդեն քաղաքական լուրջ հաղթանակ է։
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ