«Ազատություն» կուսակցության վարչության անդամ եւ մամլո ծառայության ղեկավար Ռոբերտ Նազարյանը որքան էլ փորձառու լրագրող է ներկայանում, այնուամենայնիվ, երեւի մոռացել է, որ կա հարցազրույցի իսկության մի անհերքելի ապացույց՝ ձայնագրությունը։
Իմ եւ նրա զրույցի ձայնագրությունը ես խնամքով պահպանում եմ, կա հրապարակված հոդվածը, եւ կարող եմ ապացուցել, որ իրականության հետ որեւէ առնչություն չունեն թերթերից մեկում իմ վերաբերյալ նրա մի շարք պնդումները.
ա) որ «կողմնակալ» եմ եղել եւ պաշտպանել եմ Վանո Սիրադեղյանին։ Նազարյանի հետ զրույցի ընթացքում միայն ու միայն առաջարկել եմ հերթով փաստարկել «Ազատություն» կուսակցության հայտարարության որոշ հատվածներ։ Որեւէ այլ հարց կամ մեկնաբանություն չի եղել։ Հետո տպագրված հոդվածում է նույն սկզբունքը պահպանվել։ «Ազատության» ներկայացուցչի փաստարկներին պատասխանելու հնարավորություն է տրվել նաեւ հակառակ կողմին։ Կարծում եմ, միակողմանի մեկնաբանությունները միայն կարող էին կողմնակալության մեջ մեղադրվելու առիթ դառնալ։ Եվ ընդհանրապես, որեւէ գործչի պաշտպանելը կամ հայհոյելը լրագրողի մասնագիտական շրջանակից դուրս երեւույթներ եմ համարում։
բ) Այո, Ռոբերտ Նազարյանը չէր Վահագն Խաչատրյանի անունը տվել։ Ես եմ նշել, որ նրա մեջբերած փաստերը վերաբերում են պարոն Խաչատրյանի քաղաքապետ եղած շրջանին։ Հրապարակման մեջ որեւէ այլ բան նշված չէ։
Կարդացեք նաև
գ) «Գուգարք» հանգստյան ճամբարի անունն ինքը չի տվել (կրկնում եմ, կա պահպանված ձայնագրությունը) եւ, բնականաբար, այդ փաստը «միտումնավոր անտեսելու» վերաբերյալ պնդումը եւս իրական չէ։ Ինքս եմ զրույցի ընթացքում ասել, թե երեւի «Ազատության» հայտարարության մեջ «մանուկներից խլված ճամբարների» մասին դրույթը «Գուգարքին» է վերաբերում, բայց դրան չեմ անդրադարձել, քանզի այս կոնֆլիկտն առանց այն էլ լավ լուսաբանված է։
դ) Եվ վերջապես ձայնագրության հենց սկզբում ես հարցրել էի, թե ում հետ եմ զրուցում։ Պարոն Նազարյանի այն պնդումները, թե «նա գիտեր, որ զրուցելու է ինձ հետ», «ժ. 15.00-ի փոխարեն ժամը 18-ին բարեհաճեց ներկայանալ» եւ այլն՝ հաստատ որեւէ էական կամ նշանակալի դեր չունեն այս պատմության մեջ։ Այնուամենայնիվ, մանրամասնեմ, որ ես միայն Հրանտ Բագրատյանի հետ էի պայմանավորվել, որն ասաց, թե 3-ից հետո գրասենյակում է լինելու, եւ հանդիպման համար որոշակի որեւէ ժամ չպայմանավորվեցինք։
Իսկ իմ հասցեին Ռոբերտ Նազարյանի վիրավորանքները վկայում են, թե իրոք որքան փորձառու է «Սովետական Հայաստանի» այս նախկին թղթակիցը։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ